ԵԱՀԿ դիտորդները քննադատել են նախագահական ընտրույթուններն Ադրբեջանում
Կիսվել
Կիսվել
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) և Խորհրդարանական վեհաժողովի դիտորդների առաքելության մամուլի ասուլիսը, որը նվիրված էր Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններին, ընդհատվեց մի խումբ իշխանամետ լրագրողների ագրեսիվ պահվածքի պատճառով:
Դիտորդներն իրենց նախնական հաշվետվությունում նշել էին ընտրական գործընթացի ժամանակ տեղի ունեցած խախտումների բազմաթիվ փաստեր:
«Արտահերթ նախագահական ընտրություններն Ադրբեջանում անցկացվել են հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման պայմաններում, որոնք անհրաժեշտ են իսկական ժողովրդավարական ընտրարշավի համար», — ասված է հաշվետվությունում: (Փաստաթղթի ամբողջական տեքստն՝ այստեղ):
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մասին առաքելության ներկայացուցչի խոսքերն իշխանամետ պարբերականների մի քանի խմբագիրների ագրեսիվ արձագանքն ու կտրուկ բողոքն են առաջացրել:
Բարձր տոնով լրագրողները ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության անդամներից պահանջեցին փոխել իրենց հաշվետվությունը: Խմբագիրներից մեկն առաքելության հաշվետվությունն անվանեց «իրականությունից շատ հեռու և ադրբեջանցի ժողովրդին ուղղված վիրավորանք, որը գրվել է հակաադրբեջանական ուժերի պատվերով»: Ընդ որում բողոքողներից ոմանք առաքելության ներկայացուցիչների հասցեին ակնհայտ վիրավորական բացականչություններ էին իրենց թույլ տալիս: Ի պատասխան ԵԱՀԿ դիտորդները դադարեցրին մամուլի ասուլիսն ու լքեցին նիստերի դահլիճը:
Շուտով նրանք զբաղեցրին իրենց տեղերն ու հայտարարեցին մամուլի ասուլիսի ավարտի մասին՝ հավելելով, որ մոնիթորինգի արդյունքները տպագիր տեսքով կան, և ցանկացած ոք կարող է ծանոթանալ դրանց:
Եվրոպացի դիտորդների քննադատական հաշվետվությունն առաջացրել է նաև Ադրբեջանի արտգործնախարարության դժգոհությունը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ,ԵԱՀԿ և ԵԽԽՎապացույցները երկրում նախագահական ընտրությունների ընթացքի խախտումների վերաբերյալ, որոնց մասին նրանք հայտարարել են:
«Այսօր դիտորդների առաքելության ներկայացուցիչներին ընդունեցինք ԱԳՆ-ում, նրանց վճռորոշ բողոք ենք հայտնել Ադրբեջանի կողմից», — ասված է ԱԳՆ հայտարարությունում:
Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվել են ապրիլի 11-ին: Դրանց մասնակցել է 7 թեկնածու: Ըստ նախնական արդյունքների՝ հաղթել է երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը, որը հավաքել է 86%-ից ավել ձայն: