Ռուսաստանում քրեական գործ են հարուցել ռուսական ընդդիմադիր «Դոժդ» լրատվամիջոցի լրագրողի նկատմամբ, ով գրել է, որ «Վրաստանի 20%-ն օկուպացված է Ռուսաստանի կողմից»։
Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը մեկնարկել է «Դոժդ» թերթի խմբագիր Վալերիա Կիչիգինայի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։ Լրատվամիջոցը գործը համարում է նախադեպային՝ նշելով, որ սա, այսպես կոչված, «ռուսական բանակի վարկաբեկման» հոդվածով առաջին քրեական դատավարությունն է, որը կապ չունի Ուկրաինայում ընթացող պատերազմի հետ։
Վալերիա Կիչիգինան
Գործը ներառում է երկու դրվագ։ Մեկը վերաբերում է Կիչիգինայի ինստագրամյան գրառմանը, որը 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասին է, իսկ մյուսը՝ նրա գործընկեր Դմիտրի Կոլեզևի հոդվածի վերահրապարակմանը։
Գործի նյութերի համաձայն՝ հետաքննությունը սկսվել է 2023 թվականի օգոստոսին Ուֆայում։
Իրավապահ մարմինների ուշադրությունը գրավել է Վրաստանում պատերազմի տարելիցին նվիրված գրառումը, որում Կիչիգինան գրել է, որ «15 տարի է, ինչ Վրաստանի տարածքի 20%-ն օկուպացված է Ռուսաստանի կողմից»։ Լրագրողն այդ ժամանակ գտնվել է Ռուսաստանում և լքել է երկիրը միայն երկու շաբաթ անց։ Հայտնի է նաև, որ սահմանին նրան չեն հարցաքննել։
Քրեական գործը պաշտոնապես հարուցվել է 2024 թվականի նոյեմբերին, իսկ 2025 թվականի հունվարին իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկել են նրա տունը։ Մարտին Կիչիգինան ձերբակալվել է հեռակա կարգով, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Գործի նյութերում պնդում է արվում, որ լրագրողը «խաթարել է Ռուսաստանի Զինված ուժերի հեղինակությունն ու վարկաբեկել կառույցը հանրության աչքում՝ վերոնշյալ հրապարակումներն ու տեսանյութերը դիտած քաղաքացիների շրջանում առաջացնելով տագնապի, վախի, անհանգստության և պետության կողմից չպաշտպանված լինելու զգացումներ»։
Կիչիգինան կարծում է, որ գործը կապված է իր լրագրողական գործունեության հետ։ Նրա խոսքով՝ հետապնդումները փաստացի հաջորդել են Բայմակի գործի (Բաշկորտոստանում բողոքի ցույցեր) և այլ զգայուն թեմաների լուսաբանմանը։
«Եթե նրանք գրառումը հայտնաբերել են դեռևս 2023 թվականին, այն այս ամբողջ ընթացքում եղել է իմ Instagram-ում, ապա ինչո՞ւ գործը ավելի շուտ չեն հարուցել։ Ինչո՞ւ ընդամենը մեկուկես տարի անց, այն էլ՝ Ուֆայում։ Ես գրանցված եմ Մոսկվայում և 2015 թվականից ի վեր Ուֆայում չեմ ապրում։ Քննիչը միտումնավոր է իմ դեմ ինչ-որ բան փնտրել և Վրաստանի պատերազմից ավելի լավ առիթ չի գտել»,- «Դոժդ»-ին ասել է Կիչիգինան։
Մեղավոր ճանաչվելու պարագայում լրագրողին սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում՝ ռուսական բանակի մասին «կեղծ լուրեր» տարածելու համար։ Ներկայումս նա Ռուսաստանում չի բնակվում։