Սկանդալների և կրակոցների ֆոնին Կրեմլի ֆավորիտ Բադրա Գունբան դարձավ Աբխազիայի նախագահ
Գունբան ընտրվեց Աբխազիայի նախագահ
Մարտի 1-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Աբխազիայի նոր նախագահ է դարձել Բադրա Գունբան՝ իշխող ուժի թեկնածուն, նախկին նախագահ Ասլան Բժանիայի իրավահաջորդն ու Կրեմլի ֆավորիտը։ Նրա ընտրությունն ուղեկցվել է սկանդալներով և նույնիսկ ընտրատեղամասում հնչած կրակոցներով։
Մարտի 2-ի կեսօրին ԿԸՀ-ի հայտարարած նախնական արդյունքների համաձայն՝ Բադրա Գունբան հավաքել է ձայների 54,7%-ը, իսկ նրա մրցակից, ընդդիմության առաջնորդ Ադգուր Արձինբան՝ 41,54%։
Երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը կազմել է ռեկորդային 70%՝ ավելի քան 100 հազար մարդ։
Ի տարբերություն առաջին փուլի, որը գրեթե առանց միջադեպերի էր անցել, քվեարկության երկրորդ փուլն ի սկզբանե ընթացել է ծայրահեղ լարված մթնոլորտում։
Մարտի 1-ի վաղ առավոտից տարբեր լրատվամիջոցներ հաղորդում էին, որ բազմաթիվ ընտրատեղամասերում քվեաթերթիկների պակաս կա, այսինքն՝ ԿԸՀ-ի կողմից տրամադրված ոչ բոլոր քվեաթերթիկներն էին հասցվել տեղամասեր։ Թե ուր էին դրանք անհետացել, այդպես էլ պարզ չդարձավ։
Որոշ տեղամասերում, ներառյալ այն տեղամասը, որտեղ քվեարկել էր հենց Բադրա Գունբան, հայտնաբերվել էին առանց կնիքի քվեատուփեր։
Ընդդիմության դիտորդների պնդմամբ՝ մեկ այլ տեղամասում չկնքված քվեատուփում հայտնաբերվել են ընտրական հանձնաժողովի անդամների ստորագրություններ չպարունակող քվեաթերթիկներ։ Արդյունքում տեղամասը փակվել է։
Բայց ամենաաղաղակող դեպքը տեղի է ունեցել Ցանդրիպշ ավանում․ ընտրական տեղամաս են ներխուժել մի խումբ դիմակավորված զինված անձինք։ Նրանք շրջել են քվեատուփը, քվեաթերթիկների մի մասը թողել հատակին, իսկ մյուս մասը վերցրել իրենց հետ։
Արդեն փողոցում հարձակվողները օդ են կրակել, ինչից հետո անհետացել են մի քանի ավտոմեքենաներով։ Ավտոմեքենաներից մեկը կանգնեցվել է ոստիկանական հենակետի մոտ, հարձակվողներից երկուսը վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել են։
Չնայած այս բոլոր իրադարձություններին՝ ԿԸՀ նախագահ Դմիտրի Մարշանը հայտարարել է, որ բացահայտված խախտումները չեն ազդել քվեարկության արդյունքների վրա։
Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում, սակայն, Բադրա Գունբան օգտվել է Կրեմլի աննախադեպ աջակցությունից, Մոսկվան չի խնայել ո՛չ նյութական, ո՛չ վարչական ռեսուրսներ։
Միևնույն ժամանակ ռուսական լրատվամիջոցները ամեն կերպ փորձել են վարկաբեկել ընդդիմության թեկնածու Ադգուր Արձինբային, ներկայացնել նրան որպես հակառուսական տարր, «արևմտամետ» և Անկարայի դրածո։
Հակառակ այս «սև փիարի», Արձինբան, այնուամենայնիվ, հավաքել է ձայների գրեթե 42%-ը։ «Չեգեմսկայա պրավդա» թերթի խմբագիր Ինալ Հաշիգի խոսքով՝ դա ամենևին էլ հարմարավետ չի դարձնի Բադրա Գունբայի նախագահությունը։
«Երբ հաղթանակի էյֆորիան մարի, և վրա հասնեն առօրյա գործերը, Բադրա Գունբան պետք է ինչ-որ բան անի այդ 42% ընտրողների հետ, որոնք, ըստ էության, քվեարկել են նրա դեմ։
Գունբան չի կարողանա հանրապետությունը կառավարել հին ձևով, ինչպես արել են նախագահի պաշտոնում նրա երեք նախորդները։
Հաշվի առնելով փակուղին, որի մեջ Աբխազիան մտցրել են նրա կառավարիչները, Գունբայի նախընտրական կարգախոսը՝ «Հանուն կայունության», թերի է հնչում։
Ներկա պահին «կայունությունը» անվերջ ճգնաժամն է։
Հետևաբար, անհրաժեշտ են իրական բարեփոխումներ գրեթե բոլոր ոլորտներում։ Եվ ահա այդ ժամանակ «կայունություն» բառը կունենա այլ, ավելի կառուցողական և կյանքը ճիշտ նկարագրող հնչեղություն»,- կարծում է Ինալ Հաշիգը։