Ադրբեջանցի ընդդիմադիր Գուբադ Իբադօղլուն տնային կալանքի տակ է վերցվել
Գուբադ Իբադօղլուն՝ տնային կալանքի տակ
Ադրբեջանում ինը ամիս ազատազրկումից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչ և տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի։ Նա մտադիր է հասնել իր դեմ հարուցված քրեական գործի ամբողջական կարճմանը։
- Հայ միլիարդատեր և բարերար Ռուբեն Վարդանյանը հացադուլ է սկսել Բաքվի բանտում
- Բժշկին, որը հրապարակել էր Toplum TV-ի հիմնադրի ձերբակալության կադրերը, ազատել են աշխատանքից
- Ադրբեջանը ՄԻԵԴ-ի 7 որոշումներով կվճարի ավելի քան 230 հազար եվրո
Ապրիլի 22-ին Բաքվի Նարիմանովսկի շրջանային դատարանը որոշում է կայացրել տնային կալանքի տակ վերցնել Ադրբեջանի Ժողովրդավարության և բարգավաճման կուսակցության նախագահ Գուբադ Իբադօղլուին։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Բահրուզ Բայրամովը։
Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել Իբադօղլուի առողջական վիճակի վատթարացման պատճառով։
Այդ պահանջը նախկինում մի քանի անգամ մերժվել էր դատարանների կողմից։
Գուբադ Իբադօղլուն մտադիր է հասնել իր հանդեպ քրեական հետապնդման ամբողջական դադարեցմանը։
«Դատարանի այսօրվա որոշումը չի կարող գնահատվել որպես լիակատար ազատության ձեռքբերում։ Դեռևս իմ խափանման միջոցն է փոխվել տնային կալանքի։ Ես չեմ կարող դուրս գալ Բաքվից կամ հեռանալ Ադրբեջանից, եթե փոխեմ իմ բնակության վայրը, պետք է տեղյակ պահեմ համապատասխան մարմնին։ Առաջադրված անհիմն մեղադրանքները դեռ իմ վրայից չեն հանվել»,— Turan-ին ասել է Իբադօղլուն:
Սակայն, ինչպես նշել է նա, տնային կալանքն իրեն թույլ կտա «լրջորեն զբաղվել առողջությամբ»։
Ազատազրկման ինը ամիսների ընթացքում քաղաքական գործչի առողջական վիճակը լրջորեն տուժել է արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով։
Իր ազատ արձակմանն ուղղված ջանքերի և աջակցության համար Իբադօղլուն երախտագիտություն է հայտնել իր փաստաբաններին, գործը լուսաբանող լրագրողներին և ԶԼՄ-ներին, իրավապաշտպաններին, միջազգային ժողովրդավարական հանրության ներկայացուցիչներին և օտարերկրյա ակադեմիական շրջանակների գործընկերներին:
Իբադօղլուն նաև հայտարարել է, որ ինքը ևս կոչով հանդես կգա և կհորդորի ազատ արձակել մյուս քաղբանտարկյալներին՝ Թոֆիգ Յագուբլուին, Նազիմ Բայդերմիրլիին, Abzas Media-ի, Toplum TV-ի, Kanal 13-ի լրագրողներին։
Ընդդիմադիր քաղաքական գործիչ, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի աշխատակից Գուբադ Իբադօղլուն կալանավորվել էր 2023 թ․-ի հուլիսի 23-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 204.3.1 հոդվածով (կեղծ փողերի կամ արժեթղթերի պատրաստում, ձեռքբերում կամ վաճառք, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից)։ Հաջորդ օրը Բաքվի Նարիմանովսկի շրջանային դատարանի որոշմամբ՝ նախաքննության ընթացքում նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երեք ամիս 26 օր կալանքը։ Ավելի ուշ Իբադօղլուի նախնական կալանքը երկու անգամ երկարացվել էր։
Գուբադ Իբադօղլուի ձերբակալության օրը նրա աշխատասենյակում հայտնաբերվել էր 40 հազար դոլար, որի մի մասը, ենթադրաբար, կեղծ էր եղել։
Ընդդիմադիրը, սակայն, հայտարարել էր, որ այդ գումարն իրեն չի պատկանում, և որ ոստիկանները «գտել են գումար, որն իրենք են դրել իր աշխատասենյակում»։
Օգոստոսի 25-ին նրան նոր մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 167-3.1 (կրոնական ծայրահեղական նյութերի պատրաստում, պահպանում, տարածում) հոդվածով։ Ներքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայում ահաբեկչական հայտարարված FETÖ կազմակերպության հետ կապված հատուկ գործողության ընթացքում ձերբակալված հինգ անձանցից մեկը կապ է ունեցել Իբադօղլուի հետ, ինչը հանգեցրել է նրան, որ վերջինիս նույնպես ներգրավել են հետաքննության մեջ։
Որոշ ժամանակ անց թուրք իրավապահները ձերբակալել էին Ստամբուլում ապրող և աշխատող մեկ այլ տնտեսագետ և գիտնական Ֆազիլ Գասիմովին և հանձնել Ադրբեջանի կառավարությանը։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նա ձերբակալվել է Գուբադ Իբադօղլուի գործով, նրան ևս մեղադրանք է առաջադրվել ՔՕ 204.3.1 հոդվածով։
Գուբադ Իբադօղլուն հայտարարել է, որ այդ մեղադրանքը նույնպես անհեթեթ է, և ի նշան բողոքի՝ հրաժարվել է ցուցմունք տալ։