Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին լքել է իր զբաղեցրած պաշտոնը: Այս մասին նա ինքն է հայտարարել պետկանցելյարիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում իր դիրքորոշումը որոշակիորեն տարբերվել է «Վրացական երազանքի»նախագահի դիրքորոշումից: Հնարավոր է, որ դա է հենց դարձել հրաժարականի պատճառ:
«Երեկ կայացել է իշխող կուսակցության ղեկավարության հանդիպումը, որից հետո հայտարարություն է հրապարակվել: Վերջին իրադարձություններն իմ և իշխող թիմի դիրքորոշումներում որոշակի տարաձայնություններ են ի հայտ բերել, տարբեր կարծիքներ են արտահայտվել: Խոսքը, մասնավորապես, գնում էր տնտեսական քաղաքականության մասին, որն իրականացնում էր իմ գլխավորած կառավարությունը:
Ուզում եմ ընդգծել, որ վերջին ամիսներին շատ հարցեր են կուտակվել, որոնց լուծման տարբեր մոտեցումներ ունենք ես և կուսակցության նախագահը: Դա նորմալ գործընթաց է: Դեռևս 2012թ-ին և դրան հաջորդած ժամանակահատվածում մենք երբեք չենք դադարեցրել քննարկումները, և կարծում եմ, այսօր այն պահն է, երբ կուսակցության նախագահը հնարավորություն ունի համալրել իր թիմը՝ ելնելով սեփական դիրքորոշումներից և հայացքներից», — ընդգծել է Կվիրիկաշվիլին։