Բաքվում տեղի ունեցած ցույցի ժամանակ Ղարաբաղում պատերազմ են պահանջել
Կիսվել
Կիսվել
Բաքվում ցույց է անցկացվել, որի մասնակիցները երկրի իշխանություններից պահանջել են «Ղարաբաղի ազատագրում ուժի միջոցով»: Ցույցը կազմակերպել էր Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը՝ նախապես այն համաձայնեցնելով իշխանությունների հետ:
Հանրահավաքն անցկացվել է մարզադաշտում, որտեղ ավանդաբար իր ակցիաներն է իրականացնում տեղի ընդդիմությունը: Դրա մասնակիցները վանկարկել են «Հակաահաբեկչական գործողություն սկսել Ղարաբաղում», «Ղարաբաղի ազատագրում», «Բռնի տեղահանվածների վերադարձ դեպի իրենց հայրենի վայրեր», «Ո՛չ միջազգային կազմակերպությունների երկակի ստանդարտներին» և այլ կարգախոսներ: Ըստ Ղարաբաղի ազատագրման կազմակերպության ղեկավար Ակիֆ Նագիի՝ հանրահավաքի նպատակը «հասարակության ակտիվության բարձրացումն է Ղարաբաղի ազատագրման հարցում»:
«Մենք պետք է ցուցադրենք հասարակության ամբողջական կամքը և իշխանություններից պահանջենք ռադիկալ քայլեր ձեռնարկել տարածքներն ազատագրելու ուղղությամբ», — ասել է Նագին:
Ներքին գործերի նախկին նախարար Իսքենդեր Համիդովը հայտարարել է, որ օկուպացված տարածքները հնարավոր է ազատագրել միայն ռազմական ճանապարհով:
Իշխող կուսակցության պատգամավոր Սիավուշ Նովրուզովը հավանություն չի տվել այդ ցույցի անցկացման գաղափարին.
«Մինչ նախագահը, խորհրդարանը, կառավարությունն ու այլ պետական կառույցներ ջանքեր են գործադրում հակամարտության կարգավորման համար, ղարաբաղյան հարցին առնչվող ցույցի անցկացումը բացարձակ անտեղի է: Մի խումբ անձինք փորձում են օգտագործել Ադրբեջանի համար ճակատագրական հարցն իրենց քաղաքական շահերի և նկրտումների բավարարման համար՝ փորձելով իրենց համար պոպուլյարություն վաստակել նման կերպ »: