Բողոքի ակցիա է անցել Բաքվում ԱՄՆ կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ
Կիսվել
Կիսվել
Մի խումբ հավատացյալ կանայք դեկտեմբերի 11-ին բողոքի ակցիա անցկացրին Բաքվում ԱՄՆ դեսպանատան առջև՝ բողոք արտահայտելով ԱՄՆ կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ:
Ակցիան կազմակերպվել էր Ադրբեջանի իսլամական կուսակցության կանանց խորհրդի և Զինվորների մայրերի հանրային միավորման կողմից:
Մոտ 20 րոպե տևած ակցիային 20 կին էր մասնակցում, հաղորդում է islaminsesi.az-ը:
Մասնակիցները հետևյալ գարռումներով պաստառներ ունեին՝ «Վերջ ահաբեկչությանը», «Ղարաբաղն ու Գուդսը (Երուսաղեմ) մուսուլմանական հողեր են»:
Նրանք քննադատում էին Թրամփի գործողություններն ու համերաշխություն հայտնում Պաղեստինի ժողովրդի հետ:
Ոստիկանությունը չմիջամտեց ակցիայի ընթացքին: Դեսպանատան աշխատակիցներից ոչ ոք դուրս չեկավ ակցիայի մասնակիցների մոտ:
Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցի վերաբերյալ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մի քանի օր առաջ բարձրաձայնեց արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը կողմ է, որ հարցը լուծվի երկու պետությունների հիման վրա՝ Արևելյան Երուսաղեմում Պաղեստինի մայրաքաղաքով:
Ադրբեջանը ճանաչում է Պաղեստինի ժողովրդի՝ անկախ պետության ստեղծման իրավունքը: Բաքվում գործում են ինչպես Իսրայելի, այնպես էլ Պաղեստինի դեսպանատները: