Ջո Բայդենը չեղարկել է Վրաստանի վարչապետին ուղղված հրավերը
Բայդենը չեղարկել է Կոբախիձեի հրավերը
«Ամերիկայի ձայն»-ի բացառիկ տեղեկատվության համաձայն՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին հրավիրել աշխարհի առաջնորդների և ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների համար նախատեսված ավանդական ընդունելությանը, որը նախատեսված էր սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում։ Թեև ի սկզբանե Կոբախիձեն ընդգրկված է եղել հրավիրվածների ցուցակում, սակայն հետագայում հրավերը չեղարկվել է։ «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել են ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչն ու ևս մեկ աղբյուր Կոնգրեսից։
ԱՄՆ նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կազմակերպում է ամենամյա ընդունելություն՝ հրավիրելով աշխարհի երկրների մեծամասնության առաջնորդներին, բացառությամբ այնպիսի պետությունների, ինչպիսիք են Իրանը, Հյուսիսային Կորեան և այլն։
Վարչապետի հրավերը չեղարկելու հետ մեկտեղ վարչակազմը հրաժարվել է նաև նրա և վրացական պատվիրակության հետ բոլոր հանդիպումներից։ Կոբախիձեի հետ հանդիպելուց հրաժարվել է նաև Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներից մեկը «Ամերիկայի ձայն»-ին հայտնել է, որ «վրացական կառավարության վերջին գործողություններն ու հայտարարությունները վկայում են ժողովրդավարության և վրաց ժողովրդի կամքի հանդեպ շոկային անհարգալից վերաբերմունքի մասին»։
«Ամերիկայի ձայն»-ին հայտնի է դարձել, որ այս քայլի պատճառ է հանդիսացել վրացական իշխանությունների հակաժողովրդավարական վարքագիծը, այդ թվում՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը, ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելելու մտադրությունը, ինչպես նաև Հակակոռուպցիոն բյուրոյի ձեռնարկած քայլերը Transparency International-Georgia և «Ընտրի՛ր Եվրոպան» հասարակական կազմակերպությունների դեմ։
Պարբերականի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարության հետ վերջին հաղորդակցությունը ամերիկյան վարչակազմին հույս չի ներշնչել, որ Թբիլիսին կփոխի իր կուրսը։ Ընդհակառակը, Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը համոզում են վարչակազմին, որ Թբիլիսին վճռական է տրամադրված երկրի եվրատլանտյան ինտեգրացիան և վրաց ժողովրդի կամքը անտեսելու հարցում։
Նախապատմություն
Սեպտեմբերի 20-ին «Ամերիկայի ձայն»-ը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներին, հաղորդել էր, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է մշակել իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ և դիտարկում է մոտ ապագայում դրանք կիրառելու հնարավորությունը։ Պատժամիջոցների կիրառման ժամկետը չի մատնանշվում, դեռևս հայտնի չէ՝ դա տեղի կունենա հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո։
Վրացական լրատվամիջոցներում վերջին օրերին շրջանառվում են մի քանի տարբերակներ այն մասին, թե ինչ է տեղի ունենում երկրի քաղաքական դաշտում՝
● Հղում անելով իր աղբյուրներին՝ «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին անձնական հաղորդագրություն է ստացել Վաշինգտոնից այն մասին, որ Նահանգները դադարեցնում է շփումները վարչապետ Իրակլի Կոբախիձեի և նրա վարչակազմի հետ։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վարչապետը հանդիպել է Վրաստանում ԱՄՆ դեսպանի հետ և բացահայտ սպառնացել Վաշինգտոնին։
● Վրացի փորձագետ Գիա Խուխաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն դիմել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ խնդրելով օգնել իրեն Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հրատապ հանդիպման կազմակերպման հարցում։
Թբիլիսիի քաղաքապետ, իշխող կուսակցության առաջնորդներից Կախա Կալաձեն լրագրողների հետ զրույցում հերքել է այս բոլոր տարբերակները՝ դրանք որակելով «անհիմն»։