Հսկայական բազմաժամյա հերթերը վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս» հսկիչ անցակետում ծայրահեղության են հասցրել զբոսաշրջիկներին, որոնք շոգին երեխաների հետ 6-10 ժամ մեքենաներում և զբոսաշրջային ավտոբուսներում են անցկացնում սահմանի ռուսական կողմում առաջացող խնդիրների պատճառով։
Զբոսաշրջիկները հանրագիր են նախաձեռնել՝ պահանջելով աշխատանքից ազատել «Վերին Լարս» անցակետի ռուսական մաքսային ծառայության աշխատակիցներին։ Այդպիսի պահանջով հանրագիր է տեղադրվել «Հանրագիր՝ նախագահին» կայքում հուլիսի 30-ին, որը մինչ այս պահը հավաքել է ավելի քան 2,800 ստորագրություն։
Իրավիճակը մի քիչ սկսել է փոխվել օգոստոսի 20-ին։ Այդ գիշեր սահմանը հատած զբոսաշրջիկները «Կավկազսկի ուզել» ռուսական տեղեկատվական գործակալության թղթակցին հայտնել են, որ հերթ են կանգնել «ընդամենը» մոտ չորս ժամ (այլ ոչ թե 6, 7, 10 ինչպես նախկինում)։
Օգոստոսի 8-ին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում էր Ռուսաստանի և Վրաստանի սահմանին բազմաժամյա հերթերի մասին։ Օգոստոսի 14-ին գերատեսչությունը հաղորդել է 10-ժամյա սպասման մասին, իսկ մեկ օր անց ԱԻՆ-ն ու զբոսաշրջիկները հերթում սպասման միջին ժամանակը գնահատել են վեց ժամ։ Օգոստոսի 16-ին Դաշնային մաքսային ծառայությունը հաղորդել է, որ սահմանին միջին սպասելաժամանակը կրճատվել է մինչև երկու-երեք ժամ, թեև զբոսաշրջիկները սոցցանցերում գրում էին, որ նրանք ստիպված են եղել մոտ յոթ ժամ սպասել։
«Մենք երեկ 4.5 ժամում ենք սահմանն անցել», — սոցցանցում գրել է Օլյա Բայգատն օգոստոսի լույս 20-ի գիշերը։ «Նոր եմ տուն մտել։ Ողջ գիշեր սպասում էի դեպի ռուսական կողմ չեզոք գոտում։ Վրաստանի ուղղությամբ ողջ գիշեր մեքենաներ չեն շարժվել։ Չգիտեմ՝ որն է պատճառը, խելամիտ բացատրություն չեմ գտել», — գրել է Մուրատ Խատկուտովը։
Աստեմիր Ունաչյովը հրապարակել է վայրկենաչափի լուսանկարը, որի վրա երևում է, որ նա սահմանն անցել է 4 ժամ 17 րոպեում։ «Խցանման պատճառը պարզ է։ Յուրաքանչյուր փաթեթ բացում են։ Ութ պատուհան մուտքի համար է աշխատում, միայն մեկը՝ ելքի», — բացատրել է նա մաքսայինի ռուս աշխատակիցների աշխատանքը։
«Սահմանը հատել ենք 3 ժամ 40 րոպեում։ Մեկ շաբաթ առաջ Վրաստան էինք գնում և սպասեցինք 11 ժամ», — գրել է Ալինա Տերնովսկայան։
Ավելի վաղ զբոսաշրջիկները պահանջել էին մաքսայինի աշխատակիցներին աշխատանքից ազատել Վերին Լարսում հերթերի պատճառով։