Արտասահմանյան ներդրողները դուրս են բերում միջոցները ռուսական ընկերությունների արժեթղթերից: Այս միտումն արդեն 4 ամիս է, ինչ ընթանում է: Գումարները գերազանցել են 1.6մլրդ դոլարը. սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին երեք տարվա ընթացքում, գրում է «Կոմերսանտ» թերթը:
Փորձագետները կապիտալի ռեկորդային արտահոսքի մի քանի պատճառ են նշում: Հիմնականները.
Ռուսաստանի և ԱՄՆ չկայացած մերձեցումը
նավթի գների անկումը
խոշորագույն ռուսական «Սիստեմա» և «Ռոսնեֆտ» ընկերությունների միջև կոնֆլիկտը:
Ռուսատսանի և ԱՄՆ միջև լարված հարաբերությունների պահպանումը նշանակում է ամերիկյան տնտեսական պատժամիջոցների շարունակում և խստացում:Դրանք կարող են վերաբերել ցանկացած ընկերության, որն աշխատում է ռուսական շուկայում:
Նավթի գների անկումը շարունակվում է՝ չնայած նավթաարդյունահանող երկրների միջև արդյունահանման սահմանափակման մասին համաձայնությանը: Նավթն ու գազը ռուսական բյուջեն լցնող գլխավոր աղբյուրներն են:
«Սիստեմայի» և «Ռոսնեֆտի» միջև կոնֆլիկտը ներդրողներին ի ցույց է դրելռուսական դատական համակարգի թուլությունը, որտեղ որոշումները կայացվում են՝ ելնելով քաղաքական կոնյունկտուրայից:
Համեմատության համար. մինչ ռուսական շուկան ներդրողների համար կորցնում է իր գրավչությունը, մյուս զարգացող շուկաներն աճում են: Վերջին 4 ամսվա ընթացքում առաջատարներն են Հնդկաստանը (2,6մլրդ դոլար) և Բրազիլիան (1մլրդ):