Ավելացող եկամուտ և բարձր գնաճ. Հայաստանում մարդկանց կյանքի որակը չի փոխվում
Ավելացող եկամուտ և բարձր գնաճ Հայաստանում
Հայաստանում միջին ամսական աշխատավարձը տարեսկզբին կազմել է մոտ 280 հազար դրամ: 2024թ-ի համեմատ այն բարձրացել է մոտ 4%-ով: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ամենամեծ աճն արձանագրվել է պետական ոլորտում՝ միջին անվանական աշխատավարձն այստեղ բարձրացել է մոտ 5%-ով, մասնավոր հատվածում՝ մոտ 3,5%: Արդհունքում՝ միջին անվանական աշխատավարձը պետական հատվածում կազմել է 218 981 դրամ, մասնավորում՝ 301 982 դրամ:
Հայաստանում բարձր աշխատավարձ են վճարում հաղորդակցության ու կապի, տեղեկատավական տեխնոլոգիաների, հանքաարդյունաբերության, ֆինանսների և ապահովագրության, զվարճությունների ու հանգստի ոլորտներում։ Ամենացածր վճարվողը գյուղատնտեսության ոլորտն է:
- «Որակական թռիչքի համար տնտեսության արդիականացում է պետք»․ կարծիք Երևանից
- Հայաստանում կկրկնապատկվի շահումով խաղերի ոլորտի պետական տուրքը
- ՀՀ-Վրաստան ապրանքաշրջանառությունը 2024 թ.-ին․ նկատելի անկում՝ լավատեսության ֆոնին
Բարձրացող աշխատավարձն ու թանկացող կյանքը
Սուսան Մարկոսյանը աշխատում է հաղորդակցության ոլորտում՝ որպես հաշվապահ։ 2024թ-ին ունեցել է աշխատավարձի 11%-ի բարձրացում։ Դրա հետ մեկտեղ ավելացել են իր կողմից կատարվող պարտադիր վճարները՝ եկամտահարկ, դրոշմանիշային հարկ, արհմիության վճար:
«Թղթի վրա 11%-ը բավականին տեսանելի աճ է։ Բայց պարտադիր վճարներից հետո ես ունեմ գումարի 7% բարձրացում։ Եվ դա որևէ կերպ չի ազդել իմ բարեկեցության վրա: Նախկինում 5% բարձրացման ժամանակ կարողացել եմ ավելի լավ պայմաններով բնակարան վարձակալել, տարվա կտրվածքով կենցաղային տեխնիկա ձեռք բերել, այլ ծախսեր ինձ թույլ տալ»,- պատմում է Սուսանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում աշխատավարձի բարձրացումը տեսանելի կլինի միայն այդ դեպքում, եթե մոտենա 20%-ին: Հակառակ դեպքում դրանով հնարավոր է փակել ընթացիկ թանկացող ծախսերը միայն:
Իր միտքը հաստատելու համար հիշեցնում է տրանսպորտի, աղբահավաքության և այլ վճարների թանկացման մասին․
«Իմ կազմակերպության կողմից, օրինակ, ներդրվել է նաև առողջապահության պարտադիր ապահովագրության վճար՝ տարեկան 90 հազար դրամ։ Դեռ չեմ խոսում այլ թանկացումների մասին՝ սնունդ, հագուստ, ծառայություններ: Միայնակ եմ ապրում և հաճախ եմ դրսում սնվում: Վստահ կարող եմ ասել, որ անցած տարվա համեմատ 30% թանկացում կա։ Ստիպված իմ կարիքներն եմ սահմանափակում»:
Սուսանն ասում է, որ լավ կլինի գնաճի հաշվարկով վերանայվեն պետական աշխատողների աշխատավարձերը․
«Դա պահանջ կձևավորի նաև մասնավոր հատվածում: Իմ կազմակերպությունում աշխատավարձերը բարձրանում են ղեկավարության հայեցողությամբ: Տնօրինությունը չունի հստակ մեխանիզմ, թե որ աշխատողի աշխատավարձը և ինչ չափով կարող է բարձրանալ»:
Կապի, հեռահաղորդակցության, ֆինանսերի, ծառայությունների ոլորտներում, հաշվապահը նկատում է աշխատավարձերի պարբերական վերանայում և որոշակի կարգավորում․
«Այլ հարց է, որ այն բավարար չէ աշխատակիցներին մոտիվացնելու, նրանց մասնագիտական աճի դրդելու համար։ Եթե աշխատավարձի բարձրացմամբ աշխատողի ապրելու որակը դեպի լավը չի փոխվում, նա սկսում է նոր աշխատանք, այլ հնարավորություններ փնտրել:
Վերջին տարիներին ինքս ականատես եմ եղել, թե քանի մարդ է հեռացել կազմակերպությունից, երբ ավելի լավ պայմաններով աշխատանք է գտել։ Աշխատողի հիմնական մոտիվացիան աշխատավարձն է։ Երբ աշխատակիցն իր ամբողջ էներգիան դնում է գործի մեջ և իրեն բավարարված չի զգում արդյունքներից, վաղ թե ուշ հեռանալու է»:
Գնաճն ըստ ապրանքատեսակների. վիճակագրություն
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում 2025թ․ հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 3․2%-ով:
Ընդ որում, ամենաբարձր գնաճը եղել է հիմնական սպառում ունեցող ապրանքատեսակների խմբում։ Դա նշանակում է, որ գնաճը տարածվել է հասարակության բոլոր շերտերի վրա:
Այսպես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 5.1%-ով։
Սննդամթերքի զամբյուղում նկատելի թանկացել է միսը։ Տավարի մսի գինն աճել է 10.3%-ով, խոզի միսը թանկացել է 2.5%-ով, թռչնամսը՝ 1.5%-ով:
Նույն ժամանակահատվածի համար արևածաղկի բուսական յուղի գինն աճել է 16.8%-ով, կարագի՝ 12.8%-ով, ալյուրի 7.2%-ով, շոկոլադի 9.4%-ով, պաղպաղակի՝ 9.7%-ով, սուրճի՝ 13.5%-ով, կակաոյի՝ 22.5%-ով:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 7.5% աճ։ Բանջարեղենի գինն աճել է 3.6%-ով։ Մրգի ապրանքախմբում աճը կազմել է 11.6%:
Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները աճել են 5․5%-ով։
Առողջապահության ոլորտում տրամադրվող ծառայությունների գները 2024-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 3.5%-ով։
Ռեկորդային աճ է նկատվել կրթության ոլորտում, այն կազմել է 7.8%։
Փոքր գնաճ է արձնագրվել նաև ռեստորանային և հյուրանոցային բիզնեսում՝ 1.8%։
«Ցանկացած եկամուտի դեպքում ինդեքսացիան պարտադիր է»
Տնտեսագետ Արամ Մարգարյանի խոսքով՝ պատշոնական վիճակագրությանից պարզ է դառնում, որ աշխատավարձերն ու սպառողական գները բարձրացել են համամասնորեն.
«Սա նորմալ պրակտիկա է աշխարհում, կոչվում է աշխատավարձի ինդեքսացիա: Բայց այն պետք է տարածվի ոչ միայն աշխատավարձերի վրա, այլև սոցիալական այլ վճարների՝ թոշակներ, նպաստներ և աջակցության այլ ծրագրեր: Հակառակ դեպքում՝ մի խումբ մարդկանց վրա ցավոտ է անդրադառնում ցանկացած, անգամ փոքր թանկացումը»։
Տնտեսագետի խոսքով՝ հաճախ են պաշտոնյաները հայտարարում աշխատավարձերի բարձրացման մասին, սակայն չեն համադրում այդ գործընթացը գնաճի հետ․
«Սա քաղաքական մանիպուլյացիայի գործիք է՝ խոսել աշխատավարձերի բարձրացումից ու չնշել գնաճը: Այո, աշխատավարձերի բարձրացում կա գրեթե բոլոր ոլորտներում, բայց դա չի կապիտալիզացվում։ Դրանից կրթության, տրանսպորտի, հանգստի կազմակերպման որակները չեն փոխվում։ Միակ փոփոխությունը ծառայությունների մատուցման որակն է»:
Իր այս միտքն Արամ Մարգարյանը բացատրում կենցաղային օրինակներով․ մարդկանց ավելացված եկամուտներն ուղղվում են սպասարկման ոլորտ՝ ռեստորաններ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ։
«Որպեսզի մարդիկ սկսեն լավ ապրել եկամուտներից ավելի կարևոր է ֆինանսական գրագիտության բարձրացումը: Եթե մարդն իր ֆինանսները չի կարողանում էֆեկտիվ կառավարել, 30-40 հազար դրամ աշխատավարձի բարձրացումից նրա կյանքի որակը չի կարող փոխվել։ Կյանքի որակի փոփոխության վերաբերյալ մարդիկ տարբեր ընկալումներ ունեն։ Ոմանց համար, օրինակ՝ դա կերակրացանկում ծովամթերքի և այլ թանկարժեք մթերքի ավելացումն է, մյուսների համար՝ մշակութային ժամանցը, մի այլ խմբի համար՝ երկուսը միասին և շատ այլ բաներ»,- կարծում է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ավելացող եկամուտ և բարձր գնաճ Հայաստանում