Մարտի 5-ին ավարտվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցն Իրան: Այցի ընթացքում Ալիևը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեիի և Իրանի նախագահ Ռոհանիի հետ:
Մի քանի փաստաթուղթ է ստորագրվել տնտեսական ոլորտում, այդ թվում՝ ֆինանսական վերահսկողության ոլորտում, ինչպես նաև հարևան երկրների երկաթուղային գերատեսչությունների համագործակցության մասին: Ադրբեջանը կմասնակցի Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությանը:
Իրանի նախագահ Ռոհանին ասել է, որ երկկողմանի համագործակցությունը բարեհաջող կերպով զարգանում է ավտոմեքենայաշինության ոլորտում: «Այսօրվա հանդիպմանը քննարկվել են Կասպից ծովին վերաբերող բնապահմանական հարցեր, ինչպես նաև նավթահանքերի համատեղ օգտագործումը»:
Ղարաբաղի խնդրի վերաբերյալ Իրանի նախագահը հայտարարել է. «Մենք հարգում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Հույս ունեմ, որ ղարաբաղյան հակամարտությունն իր լուծումը կգտնի: Հակամարտությունները պետք է կարգավորվեն քննարկումների միջոցով և քաղաքական ճանապարհով», — փոխանցում է Ազերթաջ տեղեկատվական գործակալությունը:
Ադրբեջանցի քաղաքագետ, «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն կարծում է, որ այդ այցը ոչ մի փոփոխություն չմտցրեց ադրբեջանա-իրանական հարաբերություններում:
«Վերջին երեք տարվա ընթացքում Իրանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությունը դինամիկ զարգանում է: Մեծ նախագծեր կան, օրինակ, երկաթուղու շինարարությունը: Ցավոք, այդ զարգացումը ղարաբաղյան խնդրին չի վերաբերում: Այդ հարցում Իրանի դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն չկա և չի էլ սպասվում», — ասել էՇահինօղլուն Ազատություն ռադիոկայանին:
Սոցցանցի օգտատերերից մեկն Ադրբեջանի նախագահի այցն Իրան անվանել է «այց այցի համար». «Խոսք չի գնացել Իրանի ադրբեջանցիների իրավունքների և ազատությունների խախտման մասին: Հերթական արտահայտություններ բարեկամության և համագործակցության մասին: Եթե վաղն այնտեղ գնա Հայաստանի նախագահը, նա անպայման կհանդիպի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ և կփորձի նրանց խնդիրները լուծել»: