Առցանց առևտուր. 22 տարվա մեր ուղեկից
Հայկական ռադիոյին հարցնում են.
— Ի՞նչ է սովետական սկլերոզը:
— Դա այն է, երբ սովետական քաղաքացին գնում է առևտրի, ճանապարհին բացում է պայուսակը և ընկնում տվայտանքների մեջ՝ ինքը գնու՞մ է խանութ, թե՝ վերադառնում է խանութից: Առաջին առցանց գնումը եղել է Սթինգի “Ten Summoner’s Tales ալբոմը
Սովետական դեֆիցիտը վերապրած սերնդի համար այսօրվա անսպառ ընտրությունը վայրենի շռայլություն կարող է թվալ: Մեր տատիկ-պապիկների համար ֆանտաստիկայի ժանրի ֆիլմ է, երբ թոռնիկը, մկնիկը չխկչխկացնելով, րոպեների ընթացքում վիրտուալ զամբյուղը լցնում է իրական ապրանքներով, այն էլ՝ առանց բազմոցից կտրվելու:
Թոռնիկի համար առցանց առևտուրը սովորական կենցաղ է. փող լինի՝ ապրանք գտնելը տեխնիկայի գործ է: Ի դեպ, առաջին առցանց գնումը եղել է 1994 թվականին՝ վաճառվել է Սթինգի “Ten Summoner’s Tales ալբոմը:
Առցանց առևտուրը կախվածություն է առաջացնում, ասում են լուրջ ուսումնասիրությունները: Մեկ անգամ փորձողն էլի է ուզում, հետո՝ էլի, ու կարող է դառնալ ինտերնետային առևտրամոլ (շոփահոլիկ): Պատկերացրեք, որ այս տարի առցանց եղանակով մարդիկ գնել են ավելի շատ ապրանք, քան իրականում՝ խանութներից ու մոլերից:
Առցանց առևտրի առավելություններն ակնհայտ են ու շատ, թերությունները՝ քիչ ու թաքնված:
Ակնհայտ առավելությունները.
- Հարմարավետ պայմաններ՝ բազմոց, գարեջուր կամ սուրճ՝ ըստ ձեր նախասիրության, մարդկային զանգվածի հրմշտոցի և կոշիկ մաշելու փոխարեն: Ընտրեք ապրանքը նկարներով ու մանրամասն նկարագրությամբ:
- Ժամանակի խնայողություն՝ առևտրային մոլի մի հարկից մյուսը գնալու և բազում դարակների մեջ ապրանք փնտրելու փոխարեն կտկտացրեք մկնիկը և պատվիրեք ձեր ուզածը, ի դեպ՝ «24 ժամ / 7 օր» հասանելիությամբ:
- Շահավետ գնումներ՝ րոպեների ընթացքում կատարեք գների համեմատություն մի քանի առցանց խանութներում և գտեք նախընտրելի ապրանքը էժան գնով:
- Առաքում՝ ապրանքն իր ոտքով գալիս է ձեր դուռը աշխարհի ցանկացած ծայրից, երբեմն՝ ձրի:
Այս շարքը երկար շարունակելի է, բայց կա նաև մեդալի հակառակ կողմը.
Թաքնված թերությունները.
Անվտանգություն՝ ինտերնետով վճարելիս դուք պետք է մանրամասն գրեք ձեր տվյալները, այլ կերպ չի լինում: Եվ եթե կայքը, որտեղից գնում եք, բավարար պաշտպանված չէ, ձեր վճարային տվյալները կարող են հասանելի դառնալ այլ մարդկանց, այդ թվում ճարպիկ խաբեբաներին:
Այնպես որ՝ ուշադիր եղեք՝ օգտվեք վստահելի կայքերից, որոնք ունեն, օրինակ, Verified by VISA, MasterCard Secure Code նշումը:
Անհամապատասխանություն՝ Առցանց ապրանքները շոշափելի չեն. դրանք հնարավոր չէ ստուգել, զգալ որակն ու չափը: Հնարամիտ վաճառողները կարող են ապրանքը նկարել այնպես, որ ձեզ այն գրավիչ ու որակյալ թվա, բայց իրականում ստանաք հակառակ պատկերը: Այն, որ պատկերը տարբերվում է իրական ապրանքից, կարող է նշված լինել մանր տառերով, էջի հեռավոր մի մասում:
Այնպես որ, զգոն եղեք՝ ճարպիկ խաբեբաներն ամենուր են:
Պետք է ուշադիր կարդալ ապրանքի նկարագիրը, թե չէ դուք էլ իմ ընկերներից մեկի օրը կընկնեք: E-Bay-ից գնել էր չորս հոգու համար նախատեսված վրան, շատ էժան (արդեն իսկ կասկածելի՝ էժան պանիրը միայն թակարդում է): Ընկերս անգլերեն լավ չգիտի՝ մեղմ ասած: Նայել էր նկարները, ընտրել էր, վճարել էր կարծեմ 30 դոլար, ու կես ամսից ստացել էր փաթեթը: Ապրանքը ամեն ինչով համապատասխանում էր նկարագրությանը, բացի չափսից: Այդ վրանում ընկերոջս չորս մատներն էին հազիվ տեղավորվում. դա ընդամենը վրանի մակետն էր:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ ավելի շատ ու հաճախակի են առցանց գնումներ կատարում: Կանայք նախընտրում են ոչ վիրտուալ առևտուրը, քանի որ այն կոմպլեքս երևույթ է՝ բաղկացած մանր մունր այլ գործողություններից: Այ օրինակ, երեկ լսում էի, թե ինչպես էր հարևանուհիս հրավիրում ընկերուհուն միասին առևտրի մոլ գնալ ու խոստանում նրան անմոռանալի զգացողություններ:
Այնուամենայնիվ, հետազոտություններն առցանց առևտրի համար պայծառ ապագա են խոստանում՝ տարեցտարի մեծացող թվեր ու շրջանառություն: Այն վաճառողներն, ովքեր իրենց իրական ապրանքներն երեկ արդեն տեղափոխել են վիրտուալ աշխարհ, այօրվա առևտրի ոլորտում առավելություն են ստացել:
Հրապարակվել է՝ 03.12.2016