Երեկ ի զորակցություն ֆրանսիացիների, Թբիլիսիում երեք շենք՝ նախագահի Հավլաբարի նստավայրը, Ազատության հրապարակում գտնվող Քաղաքային ժողովի շենքը, «Ռուսթավի-2» հեռուստաընկերության շենքը, գունավորվել են ֆրանսիական դրոշի գույներով:
Նախագահի նստավայրը
Քաղաքային ժողովի շենքը
«Ռուսթավի-2» հեռուստաընկերության շենքը
Խաղաղության կամուրջը
«Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը նույնիսկ իր տեղեկատվական ծրագիրն օրիգինալ ձևով սկսեց. լուրերի ավանդական երաժշտության փոխարեն «Մարսելիեզը» հնչեց (տես տեսանյութը):
Իսկ սա Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած ակցիան է՝ ի զորակցություն ֆրանսիացի ժողովրդին:
Փարիզյան ահաբեկչությունից հետո Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ անվտանգության միջոցառումները խստացվում են, մասնավորապես՝ սահմանին և օդանավակայաններում: Ֆեյսբուքի վրացական սեգմենտը զուսպ արձագանքեց այդ հայտարարությանը՝ չնայած անվտանգության հարցը շարունակվում է ակտիվորեն քննարկվել: «Եթե Ֆրանսիայի պես ուժեղ պետությունը չկարողացավ իր քաղաքացիներին պաշտպանել, վախենում եմ նույնիսկ մտածել, որքան անպաշտպան է Վրաստանը, որը ոչ մի հակաահաբեկչական ծրագիր չունի», — նոյեմբերի 14-ի առավոտյան գրել է Ֆեյսբուքի օգտատերերից մեկը՝ Աննա Կապլանը:
Ազատություն ռադիոկայանի լրագրող Գոգա Ապցիաուրին հիշեց ահաբեկչական ակտը, որի վկան է եղել 2005թ. փետրվարին վրացական Գորի քաղաքում. «Օդում տրոտիլի, այրված մեքենաների, արյան ու այրված մարդկային մարմինների հոտ էր տարածվել: Այդ հոտը հետո երկար ժամանակ ինձ հետապնդում էր: Վիրավորները օգնություն էին խնդրում, մարդիկ անկանոն վազում էին նրանց շուրջ: Եվ բոլորը սարսափած սպասում էին, որ կարող է ևս մեկ պայթյուն որոտալ և զոհի կամ վիրավորի կարգավիճակում կարող է հայտնվել հենց ինքը: Այդ իրավիճակում այնքան էլ չէր ստացվում ուրիշներին օգնելը, և ընդհանրապես անհասկանալի էր, թե ով է թշնամին:
Սոցկայքերի վրաստանյան օգտատերերը շատ զգոն են ԻԼԻՊ-ի մասին հիշատակումների վերաբերյալ և օրինաչափորեն հիշում են Վրաստանի ու այդ կազմակերպության վտանգավոր կապը. Որոշ տվյալներով՝ Վրաստանում 30-100 երիտասարդներ են հավաքագրվել և ուղարկվել Սիրիա: Ֆեյբուքի որոշ օգտատերեր հրապարակում են այդ թեմային նվիրված վրացական ու միջազգային ԶԼՄ-ների արխիվային նյութերը: