Ակցիա Վրաստանում. ակտիվիստին մեղադրում են Ստալինի պատկերով «սրբապատկերն անարգելու» մեջ
Ակցիա Վրաստանում՝ կապված Ստալինի սրբապատկերի հետ
Նախօրեին Թբիլիսիում բողոքի ցույց է տեղի ունեցել քաղաքացիական ակտիվիստ Նատա Փերաձեի տան մոտ։ Ռուսամետ Alt-Info խմբավորման կողմնակիցները նրան մեղադրում են Մատրոնա Մոսկվացու սրբապատկերի վրա ներկ լցնելու մեջ, սրբապատկեր, որի վրա պատկերված է նաև Իոսիֆ Ստալինը։ Ցուցարարներն իրենց ագրեսիվ են պահել, սպառնացել ու վիրավորել Փերաձեին։
Տեղում մոբիլիզացված են եղել ոստիկանական ջոկատները և ամբոխին թույլ չեն տվել մտնել Փերաձեի տուն։ Բախումներ են արձանագրվել Alt-Info-ի անդամների և ոստիկանության միջև։
Նատա Փերաձեի խոսքով՝ նկատվում է «թիթեռի էֆեկտ», որով էլ բացատրվում է ագրեսիվ խմբերի ուժեղ գրգռվածությունը՝ կապված, այսպես կոչված, ռուսական սրբապատկերի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Միաժամանակ Փերաձեն շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ ասելով, որ ՆԳՆ-ն լավ է կատարում իր աշխատանքը՝ թույլ չտալով իրավախախտներին մոտենալ իր տանը։
Ներքին գործերի նախարարությունն իր հերթին հրապարակել է ակցիայի հետ կապված սեփական հայտարարությունը։
«Թբիլիսիում քաղաքացիական ակտիվիստներից մեկի տան մոտ մոբիլիզացվել են ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ հասարակական անվտանգությունն ու իրավակարգը պաշտպանելու նպատակով։
Ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ ենք անում դուրս չգալ «Խոսքի և հավաքների ազատության մասին» օրենքով սահմանված նորմերի շրջանակից։ Ցանկացած խախտում անմիջապես կկանխվի ոստիկանության կողմից՝ օրենքի շրջանակներում»,- ասված է ՆԳՆ ուղերձում։
Հունվարի 9-ին ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել սրբապատկերի վրա ներկ լցնելու դեպքի առթիվ՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 166-րդ հոդվածով, որը վերաբերում է մանր խուլիգանությանը։
«Վանդալիզմի ակտի» պատճառով Վրաստանի պատրիարքարանը երկու օրով սահմանափակել է լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը Թբիլիսիի Սամեբա գլխավոր տաճար։
Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ «սրբապատկերի դեմ վանդալիզմի ակտի պատճառով» հունվարի 10-11-ը սահմանափակվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը տաճար առանց համապատասխան հավատարմագրման։
«Նման որոշում է կայացվել տաճարում գտնվելու ընթացքում հետագա թյուրըմբռնումներից և լարվածությունից խուսափելու համար», — ասված է պատրիարքարանի հայտարարության մեջ:
Նախապատմություն
Հունվարի սկզբին սոցցանցերում տեսանյութ էր տարածվել Սամեբա տաճարից՝ ռուս սուրբ Մատրոնա Մոսկվացու սրբապատկերով, որի վրա պատկերված է նաև խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինը։
Սրբապատկերի մեջ Ստալինը պատկերված է իր հայտնի վերարկուով, սանրվածքով ու բեղերով։ Այսինքն՝ շատ հեշտ է նրան նույնացնել կերպարի հետ։
Սա մեծ աղմուկ է բարձրացրել Facebook-ի վրացական հատվածում։ Մարդիկ բողոքում են եկեղեցում արյունոտ բռնակալի հայտնվելու դեմ և պահանջում բացատրություն, թե ինչպես և ինչու է դա տեղի ունեցել։
Առաջին մեկնաբանությունը հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, արել է պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հայր Անդրիա Ջագմաիձեն։ Նա հայտարարել է, որ ռուս Սուրբ Մատրոնայի սրբապատկերը մի քանի ամիս է, ինչ գտնվում է տաճարում, սակայն սրբապատկերի վրա Ստալինին պատկերելու հարցը, իբր, հատուկ է բարձրացվել հենց հիմա՝ «Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը փչացնելու համար»։
Պարզվել է, որ սրբապատկերը տաճարին, ըստ իրենց հայտարարության, նվիրել են ռուսամետ քաղաքական ուժի՝ «Վրաստանի հայրենասերների դաշինքի» առաջնորդները։
«Հայրենասերների դաշինքի» գլխավոր քարտուղար Իրմա Ինաշվիլին համապատասխան տեսաուղերձ է հրապարակել Facebook-ում և պատմել, որ ինքն այն անձանցից մեկն է, որոնք մասնակցել են այս նվերի փոխանցմանը։
Իր ֆեյսբուքյան էջում իրադրությունը մեկնաբանել է աստվածաբան Բեկա Մինդիաշվիլին։ Նրա խոսքով՝ «պատրիարքարանի հաղորդագրությունն այն մասին, որ Ստալինը պատկերված է սրբապատկերի վրա՝ որպես չար ուժի մարմնացում, միտումնավոր արված սուտ է»։
Աստվածաբանը կարծում է՝ փաստը, որ այս սրբապատկերը հայտնվել է Սամեբա տաճարում, վկայում է վրաց ուղղափառ եկեղեցու «ծայրահեղ դեգրադացիայի» մասին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ակցիա Վրաստանում՝ կապված Ստալինի սրբապատկերի հետ