Սպառնալիք, վիրավորանք, ծեծ. ակտիվիստների դեմ «պատերազմ» Վրաստանում
Ակտիվիստների ծեծ Վրաստանում
Վրաստանում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ակտիվորեն բողոքող մարդկանց դեմ ոտնձգությունների լայնածավալ արշավ է սկսվել։ Քաղաքական գործիչների, ակտիվիստների, լրագրողների վրա հարձակվում են, ծեծի ենթարկում, վիրավորական բովանդակությամբ գրառումներ են հայտնվում նրանց մեքենաների, տների և գրասենյակների պատերին, նրանց սպառնում են հեռախոսով և այլն։
Մայիսի 9-ի առավոտյան հասարակական կազմակերպությունների և կուսակցությունների գրասենյակների պատերին, օրինագծին դեմ արտահայտվող քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների տների մոտ վիրավորական բովանդակությամբ թռուցիկներ էին փակցվել, օրինակ՝ «Թշնամիներ», «Գործակալներ», «Ծախվածներ»:
Մայիսի 8-ի գիշերը Թբիլիսիում անհայտ անձինք դաժանաբար ծեծի էին ենթարկել օրինագծի երեք հակառակորդների։ Նրանց շարքերում էր ամենաբարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» անդամ Դիմիտրի Չիկովանին, որը հարձակման էր ենթարկվել իր տան մոտ։ Միջազգային հարաբերությունների փորձագետ Գիորգի Ջափարիձեն նույնպես հարձակման էր ենթարկվել իր տան մոտ։ Նույն գիշերը ծեծի էր ենթարկվել մոտոցիկլետիստ Լաշա Գվինիանիձեն, ով ակտիվորեն մասնակցում է մոտոցիկլետիստների բողոքի երթերին։
Մայիսի 7-ին անհայտ անձը հարձակվել էր Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) գործադիր տնօրեն Գիորգի Կլիդիաշվիլիի և «Ֆորմուլա» հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա։
Մայիսի 5-ին հայտնի ուսուցիչ, ազգային մրցանակի դափնեկիր Լադո Ափխազավան իր տան մուտքի մոտ հարձակման էր ենթարկվել։
Մայիսի 1-ին հանրահավաքի ժամանակ ձերբակալվել և դաժան ծեծի էր ենթարկվել «Ազգային շարժման» առաջնորդ Լևան Խաբեիշվիլին։
JAMnews-ը փորձագետներին խնդրել է գնահատել, թե ինչ փուլ է թևակոխել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
_____
Գիա Նոդիա, քաղաքագետ
«Իշխանությունը նոր մակարդակի է հասցրել սեփական բնակչության նկատմամբ տեռորն ու հրաժարվել օրինականության նվազագույն պահանջներից։
Բիձինա Իվանիշվիլիի (օլիգարխ, «Վրացական երազանքի» հիմնադիր – JAMnews) գլխում ամեն ինչ եռում է։ Իվանիշվիլին ամեն ինչի մեջ դավադրություն է տեսնում։ Եվ հանրահավաքները ևս դիտարկում է որպես դավադրություն, ու կարծես թե մտածել է՝ ինչպես պետք է ահաբեկի կազմակերպիչներին (նրանց, ում ինքը կազմակերպիչներ է համարում), ինչից հետո բողոքի ալիքը կմարի։
Սա ցույց է տալիս կառավարության ոչ ադեկվատ և շփոթված լինելը։ Ոչ ոք չի հավատա, որ որոշ մարդիկ ինքնաբուխ հավաքվում են ու ծեծի ենթարկում մյուսներին։ Բայց դա նրան չի հասցնի այն նպատակին, ինչի համար նա դա անում է»։
_____
Գիորգի Ռուխաձե, միջազգային հարաբերությունների մասնագետ
«Իշխանությունը պահպանելու համար կառավարությանն անհրաժեշտ է ներքին և արտաքին լեգիտիմություն։
«Վրացական երազանքն» այժմ շատ արագ կորցնում է արտաքին լեգիտիմությունը։ Նա արևմտյան գործընկերներին թշնամիներ հայտարարեց։ Սրա վերաբերյալ արդեն բանավոր պատասխան ենք ստանում, և հետագա միջոցներ կձեռնարկվեն։ Դա կլինի արտաքին լեգիտիմացման ավարտը։ Մյուս կողմից՝ դատելով հետազոտություններից, սոցիալական ցանցերից և այլն, ներքին լեգիտիմությունը նույնպես ավարտական փուլում է։
Այն, ինչ կատարվում է այսօր, վկայում է միայն մեկ բանի մասին՝ «Վրացական երազանքն» այլևս չգիտի, թե ինչ անել և հոգեվարքի մեջ է։ Երբ ռեժիմը նման քայլեր է ձեռնարկում դա ցույց է տալիս, որ այն թույլ է ու անզոր։
Բայց դա չի աշխատի: Բարեբախտաբար, Վրաստանը դեռ ոչ Ռուսաստան է, ոչ էլ Բելառուս։ Ուղղակի ցավալի է, որ մենք նորից անցնում ենք նույն ցիկլով, որի միջով բազմիցս ենք անցել: Ցավալի է, որ մենք կորցնում ենք շատ կարևոր հնարավորություն եվրաինտեգրման ճանապարհին։
«Վրացական երազանքը» պետք է հիշի՝ որքան ուժեղ է իր գործողությունը, այնքան ավելի ուժեղ կլինի դրա արձագանքը։ Պատմությանը, այդ թվում՝ վրացական, հայտնի են բազմաթիվ օրինակներ, թե որքան արագ է կորսվում իշխանությունը նման իրավիճակում»։