«Անվտանգության ապահովում ամեն միլիմետրի վրա»․ ականազերծման աշխատանքներ Հայաստանում
Ականազերծման աշխատանքներ Հայաստանում
Պատերազմների անխուսափելի հետևանքներից են ականներն ու չպայթած զինամթերքը։ Աշխարհի ավելի քան 60 երկիր այսօր առերեսվում է այս խնդրին, այդ թվում՝ նաև Հայաստանը։
Ընդհանուր առմամբ Հայաստանում աղտոտված է ավելի քան 43 մլն քմ տարածք։ Դա շուրջ 35 տարի ձգվող հակամարտության հետևանքն է։ Առավել աղտոտված են Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերը: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ մյուս մարզերն ապահովագրված են պայթուցիկ զինամթերքի վտանգից։ Այժմ Հայաստանում կա ականներով և չպայթած զինամթերքներով աղտոտված 96 հաստատված և 19 կասկածելի, վտանգավոր տարածք։

- «Ոչ թե զուտ պաշտպանական, այլ քաղաքական»․ կարծիք՝ հայ ամերիկյան զորավարժության մասին
- «Պատմական գագաթնաժողով»․ Երևանն ու Բաքուն Թրամփի միջնորդությամբ փաստաթղթեր ստորագրեցին
- «TRIPP-ը կդառնա Հայաստանի անվտանգության նոր բաղադրիչ». Փաշինյան
- «ՀՀ-ԵՄ գործընկերության նոր էջ»․ Բրյուսելում ռազմավարական օրակարգ է հաստատվել
«Մեր գործում չի կարելի մտածել առաջադրանքն արագ կատարելու մասին»
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնում» ասում են, որ գիտեն Հայաստանի տարածքի մասին ամեն ինչ։ Վստահեցնում են, որ իրենցից յուրաքանչյուրը «ճանաչում է հայրենիքը միլիմետր առ միլիմետր և դա չափազանցություն չէ»։ Բացատրում են դա այն հանգամանքով, որ հումանիտար ականազերծումը միլիմետրերով է կատարվում։
Երբ Ռուստամ Միրզոևն ընդունվում էր բժշկական ուսումնարան, հստակ որոշել էր՝ ուզում է կյանքեր փրկել։ Համոզված էր, որ դա իր առաքելությունն է, իսկ այն, թե ինչպես է դա անելու՝ ճակատագրի որոշումը։ Հենց այդպես է բնութագրում Միրզոևը այն ճանապարհը, որն իրեն չորս տարի առաջ բերեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»․
«Բանակում ծառայելիս արդեն ականազերծման աշխատանքներով զբաղվել էի։ Հետո նաև Սիրիայի հումանիտար առաքելության անդամ եմ եղել։ Այնպես որ, մինչև այստեղ գալն արդեն բավականին փորձ ունեի կուտակած։ Գուցե զարմանալի թվա, բայց ռազմական և հումանիտար ականազերծումը բավականին տարբեր են։ Առաջին դեպքում դու մարտական առաջադրանք ես կատարում։ Իսկ մեզ մոտ՝ նախ և առաջ մարդկային անվտանգություն ես ապահովում՝ քո և շրջապատիդ։ Ուստի շատ լավ էի հասկանում, թե ուր եմ գալիս ու ինչի հետ եմ գործ ունենալու ամեն օր»։

Ասում է՝ կողքից թվում է, որ իրենք՝ ականազերծողները, աշխատում են ամենավտանգավոր տեղերում։ Բայց իր համար այդպես չէ։
Եվ հարցն այն չէ, որ վտանգին սովորել է։ Պարզապես կենտրոնանում է առաջադրանքի վրա՝ «մաքրել հայրենիքի՝ իրեն վստահված հատվածը»։ Իսկ այդ գիտակցումը ուժ ու վստահություն է տալիս արած գործի նկատմամբ։ Երբեք չի հաշվել՝ քանի մետր է «մաքրել», բայց գիտի՝ իր առջև դրված առաջադրանքը միշտ է կատարել․
«Մեր գործում չի կարելի մտածել շատ կամ քիչ մաքրելու, առաջադրանքն արագ կատարելու մասին։ Մենք, առաջին հերթին, մտածում ենք մեզանից հետո այդ տարածքը մարդու համար հնարավորինս անվտանգ դարձնելու մասին: Տարածքի աղտոտվածության պատճառով երբեմն հնարավորություն չես ունենում տեխնիկայով աշխատելու, անգամ ականորսիչով, միայն ձեռքով կարող ես փորել, մաքրել տարածքը։ Նման դեպքերում, լինում է՝ օրվա վերջում պարզվում է՝ նույնիսկ կես մետր տարածք չես մաքրել։ Հենց դա է պատճառը, որ մեր գործի արդյունավետությունը չի կարելի չափել մետրերով, այլ միայն վերջնարդյունքով»։
Իսկ վախը վերանում է առաջին պայթյունի հետ։ Ինքս դա 18 տարեկանում, բանակում եմ անցել։ Բացի այդ, եթե վախենաս, ականապատ դաշտում քայլ անգամ անել չես կարողանա անել։ Հումանիտար ականազերծման կարևոր սկզբունքներից մեկն այն է, որ մենք ինքնասպան չենք։ Այս գործում ամենակարևորը մեր և շրջապատի մարդկանց կյանքն ու առողջությունն է»։

Հումանիտար ականազերծումը խաղաղ բնակչության անվտանգության համար ականներով ու չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների հայտնաբերման, մաքրման և մարդկանց իրազեկման գործընթացն է, որպեսզի մարդիկ կարողանան անվտանգ ապրել, տեղափոխվել և օգտագործել իրենց հողերը։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» յուրաքանչյուր ականազերծող, անկախ աշխատանքային փորձից, հմտություններից ու գիտելիքներից, ամեն նոր առաջադրանքից առաջ՝ լինի դա ականազերծում, քարտեզագրում կամ հետազոտական աշխատանք, անցնում է համապատասխան վերապատրաստում։ Ըստ ականազերծողների՝ եթե անվտանգության բոլոր կանոնները պահպանվեն, վտանգը նվազագույն կլինի։ Այստեղ հպարտությամբ են ասում՝ կենտրոնում մարդկային կորուստներ չեն եղել։ Դա համարում են պրոֆեսիոնալիզմի ու շարունակական կրթության արդյունք։
Անվտագության կանոնները պետք է իմանան բոլորը
Փորձագտեները պնդում են, վարքագծի որոշակի կանոններ պահպանելու դեպքում վտանգը նվազագույն կլինի։ Համարում են, որ յուրաքանչյուր մարդ պետք է իմանա հետևյալը․
«Վտանգավոր տարածքները, որպես կանոն, նշագրվում են մասնագետների կողմից։ Դրանք եզրագծվում են դեղին ժապավեններով, իսկ տարածքում տեղադրվում է կարմիր ցուցանակ՝ սպիտակ գանգով։ Այս նշանները փաստում են, որ տարածքում ականներ կան։ Եթե տեսնում եք դրանցից որևէ մեկը, կանգ առեք, մի մոտեցեք տարածքին։ Փորձեք զգուշացնել վտանգի մասին նաև ձեզ հետ տարածքում գտնվողներին։ Մի պոկեք և մի տեղաշարժեք այս նշանները։ Այդպիսով վտանգում եք ձեր և ուրիշների կյանքը։
Նշանների բացակայությունը տարածքի անվտանգության գրավական չէ։ Ուշադրություն դարձրեք բնական նշաններին․ առատ բերքով ծառերին ու թփերին, բարձր խոտածածկույթին, անմշակ հողատարածքներին։ Պայթյունից առաջացած փոսերը ևս հուշում են տարածքի հնարավոր աղտոտվածության մասին։ Պայթած կենդանիների և շինությունների մնացորդները, լքված կամ պայթած տեխնիկան պետք է համարել վտանգի ազդանշան և խուսափել կասկածելի տարածքներ մուտք գործելուց։
Եթե տեսնում եք անծանոթ առարկա, նախ փորձեք հասկանալ՝ ինչ է դա, բայց միայն հեռվից զննելով։ Ոչ մի դեպքում ձեռք չտաք, քարով չխփեք և չտեղաշարժեք այն։ Անծանոթ առարկան ցանկացած պահի կարող է պայթել։ Եթե հասկանում եք, որ գործ ունեք չպայթած զինամթերքի հետ, կենտրոնացեք և փորձեք հիշել ճանապարհը, որով եկել եք։ Հիշելու դեպքում կարող եք ճիշտ նույն ճանապարհով հետ վերադառնալ։ Եթե վստահ չեք, որ կարող եք վերադառնալ՝ առանց ճանապարհից շեղվելու, մնացեք տեղում։
Եթե ինչ–ինչ պատճառով արդեն իսկ հայտնվել եք վտանգավոր տարածքում, նախ կանգ առեք, խուճապի մի մատնվեք և զննեք ձեր շուրջբոլորը։ Եթե միայնակ չեք, բարձրաձայն զգուշացրեք տարածքում գտնվող մյուս անձանց, որ մնան տեղում։
Մի շարժվեք, մնացեք տեղում, եթե ականի եք հանդիպել։ Անգամ աննշան շարժումը կարող է ճակատագրական լինել։
Առանց կտրուկ շարժումների՝ զանգահարեք 911, 0-8000-9000 կամ 1-02 հեռախոսահամարներով, որոնք անվճար են։ Հնարավորինս մանրամասնորեն բացատրեք՝ որտեղ եք գտնվում, ինչպես եք հասել այդտեղ, որպեսզի ականազերծողներն ավելի արագ կգտնեն ձեզ։
Եթե հեռախոս չունեք, ուղղակի սպասեք, երբ ձեզ կսկսեն փնտրել։ Հենց այս պատճառով էլ շատ կարևոր է որևէ մեկին նախապես տեղեկացնել այն մասին, թե ուր եք պատրաստվում ուղևորվել և որքան եք մնալու այնտեղ։
Թույլ մի տվեք, որ որևէ մեկը մոտենա ձեզ։ Ձեզ կարող են օգնել միայն հատուկ համազգեստով և սարքավորումներով աշխատող ականազերծողները։ Սպասեք նրանց»։

Վիճակագրական տվյալներ
Աշխարհում յուրաքանչյուր տարի շուրջ 10 հազար մարդ զոհվում է ականներից, 20 հազարը՝ ստանում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նրանց 30%-ը երեխաներ են։
Տարբեր հաշվարկներով, եթե հումանիտար ականազերծման տեմպերը պահպանվեն, աշխարհում էլ այլևս ոչ մի ական չտեղադրվի, այն հնարավոր կլինի մաքրել 1100 տարի հետո միայն։
Հայաստանում 1991 թ․-ից ի վեր ականներից տուժել է ավելի քան 805 մարդ, վերջին երկու տարում՝ 1։
Կենտրոնը տարեկան մինչև 10 հազար մարդու է իրազեկում ականային վտանգի և անվտանգության կանոնների մասին: Աշխատակիցները շեշտում են, դա իր արդյունավետությունն ապացուցել է։
Միայն անցյալ տարի նրանք ականազերծել և պայթյունավտանգ զինամթերքներից մաքրել են շուրջ 92 000 քմ վտանգավոր տարածք` Տավուշի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում։
Աշխարհում հումանիտար ականազերծումն իրականացվում է նաև ռոբոտների, շների, անգամ առնետների միջոցով։ Բայց Հայաստանում դա անում են մարդիկ՝ ռելյեֆի առանձնահատկությունների պատճառով և գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար։
Յուրաքանչյուր տարածք գործուղվող խումբ կազմված է լինում ղեկավարից և որոնողներից, որոնց թիվը կարող է տատանվել 3-7 հոգու միջև՝ կախված առաջադրանքի ծավալից։
Հումանիտար ականազերծման հետ կապված ցանկացած իրազեկող նյութ մեկ տարվա կյանք ունի՝ ոչ ավելի։ Բանն այն է, որ զենքերն ու զինամթերքները շատ արագ են փոփոխվում, և կարիք է լինում արձագանքել այդ փոփոխված իրականությանը։ Օրինակ, մինչև 2020 թ․–ի 44–օրյա պատերազմը, Հայաստանում իրազեկում չէր իրականացվել կասետային զինատեսակների մասին, որովհետև այդ տեսակի զինամթերք երբևէ չէր կիրառվել այս տարածքում։ 2020–ից հետո իրազեկման նյութերում թիրախավորվել է հենց այդ տեսակի զինամթերքը։
Հումանիտար ականազերծումը սկսվում է ոչ տեխնիկական հետազոտությունից, երբ տեղաբնակները, տեղական ինքնակառավարման մարմիններն ահազանգում են հնարավոր վտանգի մասին։ Դրան հաջորդում է տեղում իրականացվող հետազոտական աշխատանքը, քարտեզագրումը և տեխնիկական հետազոտությունը։ Այս ողջ գործընթացից հետո տարածքը սահմանվում է որպես կասկածելի կամ հաստատված վտանգավոր տարածք, նշագրվում դեղին ժապավենով և կարմիր ցուցանակով։ Միայն դրանից հետո են կատարվում ականազերծման աշխատանքները։

Այս տարի ականապատ դաշտում առաջին անգամ հայտնվել են նաև կանայք։ Ականազերծման աշխատանքներում նախկինում կանայք ներգրավված չեն եղել։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» աշխատակիցներն ասում են՝ վերաբերվում են որպես առաքելության՝ միայն իրենք կարող են «աղտոտված, ականապատ տարածքը դարձնել մշակվող, բարիք տվող»։
Զգուշացնում են՝ եթե տարածքն ականազերծված է և անվտանգ, այն նշագրվում է կանաչ պիտակով։ Վստահեցնում են՝ աշխատում են, որ մի օր Հայաստանի քարտեզի վրա միայն կանաչ պիտակներ լինեն։ Բայց դրա համար տասնամյակներ կպահանջվեն։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ականազերծման աշխատանքներ Հայաստանում