«Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ կուսակցությունը մտադիր է դատարան դիմել մի քանի ընդդիմադիր կուսակցությունների հակասահմանադրական ճանաչելու հարցով։
Խոսքը վերաբերում է, մասնավորապես՝ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը։ Այս կուսակցությունը հակասահմանադրական ճանաչելը կնշանակի, որ այն չի կարողանա մասնակցել 2025 թվականի աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։
Մդինարաձեի կանխատեսմամբ՝ Սահմանադրական դատարան հայց ներկայացնելու հիմք են հանդիսանալու այս կուսակցության՝ անցած 20 տարիների գործունեության հետաքննության արդյունքները։
«Արդեն այս փուլում ակնհայտ է, որ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը կդառնա ամուր իրավական հիմք «Ազգային շարժումն» ու նրա արբանյակ կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելու պահանջով Վրաստանի Սահմանադրական դատարան դիմելու համար։
«Ազգային շարժումը» այլևս չի կարողանա մասնակցել ոչ միայն տեղական, այլև երկրում կայանալիք ցանկացած այլ ընտրությունների: Այդ կուսակցությունները կճանաչվեն հակավրացական, հակասահմանադրական ու հանցավոր, նրանց գործունեությունը կարգելվի»,- հայտարարել է Մդինարաձեն։
Նրա խոսքով՝ «Ազգային շարժումը» անցյալում կատարված հրեշավոր հանցագործությունների «հեղինակներն» են, որոնք այլ կուսակցություններից իրենց «համախոհների» հետ գործում են «երկրի հանդեպ թշնամական նպատակով», հետևաբար պետք է հեռանան քաղաքականությունից։
«Առանց դրա անհնար է իսկապես ձևավորել ազգային, ուժեղ, գործողությունների միտված ընդդիմություն, որը զբաղված չէ արտերկրից ստացվող հանձնարարությունների կատարմամբ։ «Անցյալի մեղքերով ծանրաբեռնված» քաղաքական գործիչներն այսօր ամբողջովին գրավել են ընդդիմադիր դաշտը և ոչ ոքի հնարավորություն չեն տալիս մասնակցել ժողովրդավարական գործընթացներին՝ որպես հակառակորդ, մինչդեռ այս երկրում շատ են տաղանդավոր, կրթված և հայրենասեր մարդիկ»,- «Վրացական երազանքի» կտրուկ որոշումն այսպես է հիմնավորում Մդինարաձեն:
Վրաստանի խորհրդարանում արդեն գործում է ժամանակավոր քննիչ հանձնաժողով՝ «2003-2012 թվականներին իշխանության ռեժիմի և նրա քաղաքական գործիչների գործունեությունը հետաքննելու» համար։ Սա այն ժամանակահատվածն է, երբ «Ազգային շարժումը» իշխանության ղեկին էր՝ Սաակաշվիլիի գլխավորությամբ։
Սակայն, ինչպես հայտնել է Մամուկա Մդինարաձեն, քննիչ հանձնաժողովի մանդատը կընդլայնվի և կտարածվի նաև 2003 թվականից մինչև օրս ընկած ժամանակահատվածի վրա։