Ադրբեջանցի ուսանողը Սահմանադրական դատարանի միջոցով անվճար կրթություն ստանալու իրավունք է ձեռք բերել
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը բավարարել է Ադրբեջանի բժշկական համալսարանի ուսանող Ջավիդան Գաֆարովի հայցը և վճռել է երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին ազատել ուսման վճարից:
Բարձրագույն դատական մարմինը հակասություն է հայտնաբերել երկու տարբեր օրենքներում, և վեճը լուծել է հօգուտ ուսանողի: Մինչ այժմ երկկողմանի ծնողազուրկ մինչև 18 տարեկան դեռահասներն էին ազատվում ուսման վճարից: Իսկ հիմա այդ արտոնությունը տարածվելու է նաև ավելի մեծ տարիքի ուսանողների վրա, որոնք սովորում են պետական բուհերի ստացիոնար բաժիններում:
«Գաֆգազինֆո» գործակալությանը տված հարցազրույցում Ջավիդան Գաֆարովն ասել է, որ իրենից առաջ նույնպես մարդիկ նման հայցերով դիմել են դատարան, սակայն միայն իր դեպքն է առաջին անգամ քննվել և դրական վճիռ է կայացվել: Ուսանողը շնորհակալություն է հայտնել իր փաստաբան Թուրգայա Հասանովային, որը զբաղվել է իր գործով և այն հասցրել հաղթական ավարտի: «Կոչ եմ անում բոլոր ուսանողներին ուսումնասիրել իրենց իրավունքներն ու հետևողականորեն հասնել դրանց կատարմանը» — ասելէՀասանովը:
Կրթության հարցերով փորձագետ Քամրան Ասադովի խոսքով՝ վճարովի բաժիններում 389 երկկողմանի ծնողազուրկ ուսանող է սովորում: Ամեն տարի 5-10 ուսանող հրաժարվում է բուհ ընդունվել, քանի որ ուսման համար վճարել չի կարողանում։
Միլլի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջն ասաց, որ խորհրդարանն ի գիտություն կընդունի Սահմանադրական դատարանի որոշումը: Նա ավելացրեց, որ օրենքում փոփոխություն մտցնելու ընթացակարգը մինչև 6 ամիս է տևում: