Ադրբեջանցի բլոգերը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել
Կիսվել
Կիսվել
Հայտնի բլոգեր, «Սանջաք» (քորոց) հայտնի էջի վարող Մեհման Հուսեյնովը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: Հուսեյնովը մեղավոր է ճանաչվել իրավապահ մարմինների հասցեին զրպարտության համար և կալանավորվել է դատարանի դահլիճում:
Իր վերջնական խոսքում Մեհման Հուսեյնովը հայտարարել է, որ դա պատվեր է վերևից իր գործունեության պատճառով:
Մեհման Հուսեյնովը ձերբակալվել է Բաքվի կենտրոնում հունվարի 9-ի երեկոյան քաղաքական հագուստով անհայտ անձանց կողմից և տարվել անհայտ ուղղությամբ: Մի քանի ժամ անց Հուսեյնովը հաղորդել է, որ Բաքվի Նասիմանի շրջանի ոստիկանական բաժանմունքում է գտնվում: Նա հավելել է, որ ձերբակալության ժամանակ իր հանդեպ բռնություն է կիրառվել, իսկ հարցաքննության ժամանակ իրեն կտտանքների են ենթարկել: «Ինձ վրա մոտ 8 հոգի հարձակվեցին, բերանս փակեցին, գլխիս պարկ հագցրին, էլեկտրաշոկերով կտտանքների ենթարկեցին և մտցրին մեքենա: Ճանապարհին ինձ ծեծում էին, և ես զգում էի, որ քթից արյուն է գալիս: Նրանք հավանաբար հույս ունեին, որ ես սկսելու եմ աղաչել, որ խղճան ինձ, սակայն ես այդպիսի բան չարեցի: Ինձ ինչ-որ տեղ տարան և ամեն կերպ ծաղրում և վիրավորում էին: Ես հայտարարեցի նրանց, որ ինչ էլ անեն, ես իմ աշխատանքից չեմ հրաժարվի»:
Հաջորդ օրը դատարանը Հուսեյնովին 200 մանաթով տուգանեց «ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերելու համար»:
Բլոգերի մեղադրանքները մեկնաբանելիս ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար, ոստիկանության գնդապետ Էհսան Զահիդովը հայտարարել է, որ Մեհման Հուսեյնովի խոսքերը սուտ են:
«Ոստիկանության մարմիններում մարդկանց չեն ծեծում և էլեկտրաշոկերով չեն խփում: Մեհման Հուսեյնովն այդ ամենը հորինել է, դա հեքիաթ է և զրպարտություն: Դրա համար ոստիկանության աշխատակիցները կարող են Մեհմանին դատի տալ, սակայն նրանք իրենց հումանիզմն են դրսևորում և նման բան չեն անում: Ո՞վ է Մեհման Հուսեյնովը, որ նրան այսպես գովազդում են: Օրական տասնյակ մարդիկ են ձերբակալվում կարգի խախտման համար և տուգանվում: Մեհմանը նույնպես տուգանվել էր կարգը խախտելու համար», — հավելել է Զահիդովը:
Կտտանքներ կիրառելու մասին խոսքերը զրպարտության մեղադրանքով հայցի առիթ են դարձել: Սկզբում մեղադրող կողմը 3 տարվա ազատազրկում էր պահանջում: Դատավորը Հուսեյնովին երկու տարվա ազատազրկման դատապարտեց:
«Մեհման Հուսեյնովի դատապարտումը քաղաքական կամք է ցույց տալիս: Ես կարծում եմ, որ դատարանն անկախ որոշում չի կայացրել»,- հայտարարել է բլոգերի փաստաբան Էլչին Սադիղովը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը: