Ադրբեջանում փաստաբանին վերականգնել են աշխատանքում ԱՄՆ պետքարտուղարի թվիթից հետո
Ադրբեջանի փաստաբանների կոլեգիան աշխատանքում վերականգնել է երեք փաստաբանների, որոնք ավելի վաղ հեռացվել էին փաստաբանական գործունեությունից։ Նրանց թվում է Շահլա Բումբաթովան։ Վերջինիս աշխատանքում վերականգնելու կոչ էր Թվիթերում արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Մայիսի 5-ին կայացել է Ադրբեջանի փաստաբանների կոլեգիայի նախագահության նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել Շահլա Գումբաթովայի դեմ դատական հայցը հետ կանչելու մասին։ Նիստից անմիջապես հետո Գումբաթովային իրազեկել են, որ հաջորդ օրվանից նա կարող է վերսկսել իր փաստաբանական գործունեությունը։
Այդ նույն նիստի ժամանակ վերականգնվել են փաստաբաններ Իրադա Ջավադովայի և Թյուրքել Սուլեյմանլիի լիազորությունները։
«Ամերիկայի ձայնին» տված իր հարցազրույցում Շահլա Գումբաթովան նշել է, որ փաստաբանների կոլեգիայի որոշման նկատմամբ իր վերաբերմունքը ոչ միանշանակ է։
«Մի կողմից՝ ես պետք է ուրախանամ գործունեությանս վերականգնման համար, շարունակելու եմ աշխատանքս։ Մյուս կողմից՝ այնքան էլ ուրախ չեմ։ Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ դա տեղի է ունենում ոչ թե իմ երկրի օրենքներով, այլ միջազգային կազմակերպությունների, այլ երկրի կառավարության ճնշման հետևանքով։ Իհարկե, հենց սա է պատճառը, որ իրադարձությունն այնքան էլ ուրախալի չէ»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ 2021 թ-ի մարտին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պաշտպանել էր փաստաբան Շահլա Գումբաթովային։
«Ես անհանգստացած էի, որ 2020 թ-ի «Կանայք՝ հանուն քաջության» միջազգային մրցանակի դափնեկիրն Ադրբեջանից՝ Շահլա Գումբաթովան, զրկվել է փաստաբանական կարգավիճակից մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իր գործունեության պատճառով։ Մենք կոչ ենք անում աշխատանքում շտապ վերականգնել Շահլային և շարունակելու ենք սատարել նրան»,- գրել էր Բլինքենը։
Ո՞վ է Շահլա Գումբաթովան
2020 թ-ին ադրբեջացի փաստաբան Շահլա Գումբաթովան ներառվել էր կանանց քաջության համար միջազգային մրցանակի (International Women of Courage Award) 12 դափնեկիրների ցուցակում։
ԱՄՆ պետքարտուղարի այս մրցանակը շնորհվում է ամեն տարի՝ 2007 թ-ից ի վեր, աշխարհի բոլոր այն կանանց, որոնք քաջություն և լիդերություն են ցուցաբերել՝ հանուն խաղաղության, արդարության, մարդու իրավունքների, գենդերային հավասարության և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման։
Շահլա Գումբաթովան ադրբեջանցի սակավաթիվ փաստաբաններից է, որը պաշտպանում է իրավապաշտպաններին, լրագրողներին, բլոգերներին, ակտիվիստներին, ընդդիմադիր գործիչներին և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, որոնց պետությունը հետապնդում է նրանց հայացքների կամ իրավունքների և ազատությունների պահպանման պահանջի համար։ Ընդ որում, Գումբաթովան ինքն է պարբերաբար բախվում սպառնալիքների և հետապնդումների իր գործունեության պատճառով։
Ինչո՞ւ է նա հեռացվել աշխատանքից
Միջազգային մրցանակ ստանալուց ուղիղ մեկ տարի անց Շահլա Գումբաթովան զրկվել է իր աշխատանքից Ադրբեջանի փաստաբանների կոլեգիայում։ Այդպիսով նա զրկվել է դատարաններում որպես պաշտպան հանդես գալու իրավունքից։
Գումբաթովային կոլեգիայից հանելու մասին որոշումն ընդունվել է Բաքվի վարչական դատարանի կողմից։
Ըստ փաստաբանի՝ այդ որոշումը քաղաքական բնույթ էր կրում։ Իսկ փաստաբանների կոլեգիան հայտնի փաստաբանին հեռացնելու որոշումը բացատրել էր նրանով, որ նա վեց ամիս չի վճարել կոլեգիայի անդամակցության վճարը։
«Ադրբեջանում փաստաբանների անկախության մասին խոսք անգամ լինել չի կարող»
Ցուցաբերած աջակցության համար ԱՄՆ պետքարտուղարին և մեծ թվով միջազգային կազմակերպությունների շնորհակալություն հայտնելով՝ փաստաբանը պատմել է Ադրբեջանի փաստաբանական ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ իր ափսոսանքի մասին․
«Ադրբեջանում փաստաբանների անկախության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Իմ դրությունը դրա օրինակն է։ Ինչպես ինձ հեռացրին փաստաբանների կոլեգիայի պատվերով, այնպես էլ վերականգնեցին պատվերով։ Այլ կերպ ասած՝ այստեղ ոչ մի դեր չեն խաղում ո՛չ դատարանները, ո՛չ օրենսդրությունը։ Այդ պատճառով էլ փաստաբանները ստիպված են աշխատել այդ սկզբունքով։ Կամ իրենց ռիսկի են ենթարկում՝ պաշտպանելով մարդու իրավունքները, օրենքները, աշխատում են փաստաբանի կարգավիճակից զրկվելու սպառնալիքի տակ, կամ լուռ, չեն միջամտում նման հարցերի, չեն պաշտպանում մարդկանց, որոնք հետապնդվում են քաղաքական դրդապատճառներով, և ապահովում են իրենց անվտանգությունը»։
Միայն վերջին տարիներին քաղաքականացված դատական գործընթացներին մասնակցելու պատճառով փաստաբանական գործունեությունից հեռացվել են այնպիսի անկախ փաստաբաններ, ինչպես Նամիզադ Սաֆարովը, Խալիդ Բագիրովը, Յալչին Իմանովը, Ինթիգամ Ալիևը, Ալայիֆ Հասանովը, Էլչին Նամազովը, Մուզաֆար Բաղիշովը, Աննագի Հաջիբեյլին, Ֆարհադ Մեհթիևը, Իրադա Ջավադովան, Ասլան Իսմայիլովն ու այլք։ Շատ փաստաբանների նկատմամբ վարչական միջոցներ են ձեռնարկվել։