Ադրբեջանում վիճում են գործազրկության շուրջ․ ոչ այն է 5% է, ոչ այն է 14%
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանում թարմ տվյալներ են հրապարակվել գործազրկության մակարդակի վերաբերյալ, և դրանք բացարձակ չեն համընկնում «պաշտոնական վերջին վարկածի» հետ։ Անկախ փորձագետները նշում են, որ գործազուրկներին Ադրբեջանում սկզբունքորեն սխալ են հաշվում։
Այսպես, ըստ գործարարության, տնտեսական քաղաքականության և արդյունաբերության խորհրդարանական կոմիտեի նախագահ Զիադ Սամեդզադեի, Ադրբեջանում գործազրկության մակարդակը կրճատվել է գրեթե երեք անգամ․ 40-45%-ից մինչև 14%։
Մեջբերելով Սամեդզադեի խոսքերը՝ Trend գործակալությունը չի հստակեցնում, թե ինչ ժամանակահատվածում է տեղի ունեցել այդ կրճատումը։ Մյուս աղբյուրներն ասում են, որ խոսքը վերջին 27-28 տարվա մասին է՝ Ադրբեջանի անկախության պահից սկսած։ Այդ պարբերականները բոլորովին այլ կերպ են փոխանցում Զիադ Սամեդզադեի խոսքերը։ Այսպես, Oxu.az-ը պնդում է, որ նա խոսել է 5-6%-ի մասին։
Այդ նույն 5%-ի մասին մարտին հայտարարել էր երկրի նախագահ Իլհամ Ալիևը։
Սա առաջին դեպքը չէ, որ գործազրկության պաշտոնական վիճակագրությունը հակասական է, իսկ անկախ փորձագետներն ընդհանրապես այն նվազեցված են համարում։
Գործազուրկ է համարվում այն մարդը, որը վերջին չորս տարվա ընթացքում (հաշվառման պահին) ակտիվորեն աշխատանք է փնտրել։ Թե ինչ է «ակտիվ որոնումը», չի հստակեցվում, և դա կարելի է մեկնաբանել ինչպես ասես։
Միաժամանակ, աշխատող մարդ է համարվում ցանկացած մեկն, ով զբաղված է շաբաթական գոնե մեկ ժամ և դրա դիմաց ինչ-որ գումար է ստանում։
Իսկ եթե մարդը ոչ մի տեղ չի աշխատում և աշխատանք չի փնտրում, ապա համընդհանուր մեթոդաբանությունը (աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանություն) ընդհանրապես հաշվի չի առնում նրան։
Տնտեսագետ Թորգուլ Մաշալին այդ մեթոդաբանությունն անհուսալի և «երևակայության համար տեղ թողնող» է համարում։ Ըստ նրա հաշվարկների՝ 2018թ-ին Ադրբեջանում գործազրկությունը կազմել է մոտ 20%՝ ելնելով վիճակագրության ադրբեջանական կոմիտեի տվյալներից։