Ադրբեջանական հինգ կայք՝ azadlıq.info, azadlıq.org, azərbaycansaatı.com, meydan.tv, Turan TV և «Ադրբեջանական ժամ», կփակվի, եթե դատարանն ապացուցի, որ նրանք ադրբեջանական պետականության և հասարակության համար վտանգ են ներկայացնում (հենց այսպես է ձևակերպված մեղադրանքը): Հայցվորն Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությանը կից Էլեկտրոնային անվտանգության կենտրոնն է: Առաջին նիստը կայացել է ապրիլի 27-ին Սաբայիլի շրջանային դատարանում:
Դատական նիստին եկել էին լրագրողներ, իրավապաշտպաններ, հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև Բաքվում մի քանի դեսպանատների ներկայացուցիչներ: Այնուամենայնիվ, բաց նիստին թույլ են տվել ներկա գտնվել ընդամենը մի քանի հոգու:
Մեդիափորձագետ, իրավաբան Ալեսքեր Մամեդլին դատարանի դահլիճ մտնել թույլ չտալու կապակցությամբ ակտ է կազմել: Նրանք, ովքեր չեն կարողացել դահլիճ մտնել, ստորագրել են այն: Մամեդլին մտադիր է այդ կապակցությամբ դատարան դիմել:
Meydan Tv-ի փաստաբան Էլչին Սադիգովի խոսքով՝ մեղադրող կողմը պնդում է, որ վերոհիշյալ մեդիակառույցների գործունեությունը վտանգ է ստեղծում պետության և հասարակության համար.
«Մենք խնդրել ենք մեզ ներկայացնել փաստաթղթեր, որոնցում մեղադրանքը հիմնավորված է, սակայն ոչ մի փաստաթուղթ չստացանք»:
«Ժողովրդական ճակատ» կուսակցությանը հարող «Azadlıq.info» կայքի փաստաբան Սամեդ Ռագիմլին լրագրողներին հաղորդել է, որ դատը հետաձգվել է պատասխանող կողմի ներկայացուցիչների պահանջով:
Մեդիափորձագետ, իրավաբան Ալեսքեր Մամեդլին կարծում է, որ քննադատական լրատվամիջոցների արգելքի նման ձևը կառավարության կողմից ժողովրդավարական կառավարմանը ոչ համապատասխան քայլ է:
“Azadlıq.info” կայքի խմբագիր Ռովշան Հաջիբեյլին հայտարարել է կայքերի արգելափակման հետ կապված հակընդդեմ հայց ներկայացնելու մտադրության մասին:
«Մենք բազմաթիվ դիմումներ ենք ուղարկել մեր կայքերի փակման մասին: Սակայն նրանք են դատարան դիմել: Ասում են, թե այդ մենք ենք պետության և պետականության դեմ տեղեկատվություն տարածում: Սակայն այդ ի՞նչ տեղեկատվություն է դա: Ինչո՞ւմ է այն կայանում: Ցավոք, այդ մասին չի հաղորդվում»: