Ադրբեջանում Սահմանադրական դատարանը հաստատել է ընտրությունների արդյունքները
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք կայացել են փետրվարի 9–ին 121 ընտրատարածքներում։ Մնացած չորս ընտրատարածքներում կրկնակի ընտրություններ կանցկացվեն, սակայն, միևնույն է, խորհրդարանում տեղերի մեծ մասը կրկին զբաղեցրել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը։ Ընդդիմության և անկախ թեկնածուների բողոքի ակցիաները ոչինչ չեն տվել։
Տեղի որոշ դիտորդների և միջազգային կազմակերպությունների կարծիքով՝ ընտրություններն անցկացվել են ոչ ժողովրդավարական ձևով, բազում խախտումներով և կեղծիքներով։
«Չնայած թեկնածուների մեծ թվին՝ Ադրբեջանում իրական մրցակցություն և ընտրություն չկար», — կարծում էԵԱՀԿ–ն։
Ընդդիմությունից խորհրդարան չի անցել ոչ ոք՝ բացառությամբ «Հանրապետական այլընտրանք» կուսակցության անդամ Արքին Գադիրլիի։
Ընդդիմությունն ու անկախ թեկնածուները հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքներն ու մի քանի անգամ բողոքի ակցիաներ են անցկացրել, սակայն ոստիկանությունը ցրել է դրանք։ Թեկնածուների հերթական ցույցն անցկացվել է այսօր Սահմանադրական դատարանի շենքի դիմաց։
«Երկրի ներսում մենք չկարողացանք պահպանել մեր ընտրողների իրավունքներն ու ձայները ձայնագողերից։ Կներեք», — այդ առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրել է անկախ թեկնածուներից մեկը՝ նախկին քաղբանարկյալ Բախտիար Հաջիևը։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ, եթե չհաջողվի արդարության հասնել Ադրբեջանում, իրենք բողոքելու են Մարդու իրավունքների դատարան։