«Թույլտվություն ստանալ» հոգեհանգստի արարողության համար. Ադրբեջանում կորոնավիրուսի ֆոնին իրավախախտման նոր տեսակ է ի հայտ եկել
Կիսվել
Կիսվել
Ապրիլի 5-ին Ադրբեջանում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում մտցնելուց հետո ի հայտ եկավ իրավախախտման նոր տեսակ. մարդիկ հնարում են կարանտինը շրջանցելու ամեն տեսակ մեթոդներ:
Այս մեթոդներից ամենատարածվածը հորինված հուղարկավորություններն են և կեղծված SMS-թույլտվությունը:
Ամեն օր այդ պատճառով ձերբակալվում են տասնյակ մարդիկ:
Պաշտոնական տվյալներով՝ ապրիլի 14-ի դրությամբ Ադրբեջանում արձանագրվել է COVID-19 կորոնավիրուսով վարակվելու 1148 դեպք: 12 մարդ մահացել է, 289-ը՝ ապաքինվել:
Խանութ և հետդարձ
Նոր կանոնների համաձայն՝ տանից դուրս գալու համար Ադրբեջանի բնակիչների մեծամասնությունը պետք է նախապես SMS ուղարկի «8103» համարին, նշի իր նույնականացման քարտի համարը և ընտրի դուրս գալու նպատակը: Առկա է ընդամենը երեք նպատակ՝ բժշկի այցելություն, այց խանութ/դեղատուն/բանկ/փոստային բաժանմունք կամ մերձավոր ազգականի հուղարկավորություն: Ի պատասխան՝ կուղարկվի SMS-թույլտվություն, որը հարկավոր է ցույց տալ ոստիկանին, եթե կանգնեցնեն փողոցում:
Խախտման համար կարող են տուգանել կամ նույնիսկ կալանավորել:
Թույլտվություն հնարավոր է ստանալ միայն օրը մեկ անգամ: Ավելին, երկու ժամ է տրվում բժշկի և խանութ այցելելու համար, իսկ հուղարկավորության դեպքում ժամկետ սահմանված չէ:
Իշխանությունները վստահեցնում են, որ այդ միջոցառումները լիովին արդարացված են կորոնավիրուսի դեմ պայքարով, և որ այլևս ոչ մի կերպ հնարավոր չէ մարդկանց պարտադրել տանը մնալ:
Բայց երկրի շատ բնակիչներ գտնում են, որ իրենց դրել են չափազանց խիստ շրջանակների մեջ:
Նոր սահմանափակման ուժի մեջ մտնելուց հետո մոտ 3 հազար մարդ արդեն «թույլտվություն է խնդրել» մոտ հարազատների հուղարկավորության համար: Համապատասխան պետական կառույցներում կեղծիք են կասկածել:
Ստուգումները ցույց են տվել, որ հաճախ կամ ոչ մի հուղարկավորություն ընդհանրապես չկա, կամ դա մոտ հարազատի հուղարկավորություն չէ:
Միայն անցած օրվա ընթացքում այս ստի համար 50 մարդ է ձերբակալվել: Նրանց յուրաքանչյուրին տուգանել են 100 մանաթ (շուրջ 59 դոլար):
Պարծենկոտ կեղծարարը
Արգելքները շրջանցելու երկրորդ տարածված մեթոդը SMS-թույլտվությունը կեղծելն է: Սովորաբար դրան են դիմում, երբ օրական երկժամյա սահմանաչափն արդեն սպառվել է, իսկ դուրս գալ, միևնույն է, ուզում են:
Այդպիսի կեղծարարներից մի երիտասարդ՝ Նայիլ Յագուբով անունով, ոչ միայն հմտացել է հատուկ համակարգչային ծրագրի օգնությամբ թույլտվություն կեղծելու, այլ նաև պարծեցել է դրանով սոցցանցերում և WhatsApp-ի խմբերում: Երիտասարդին նստեցրել են 25 օր, իսկ սոցցանցերի օգտատերերը վրդովվել են, թե ինչպես կարող էր նա այդպես միամտաբար բռնվել:
Այս պահին Ադրբեջանում հայտարարված է խիստ կարանտինային ռեժիմ. փակ են մետրոն, այգիները, զբոսայգիները, համարյա բոլոր առևտրի կետերը, ձեռնարկությունները և կազմակերպությունները:
65-ից բարձր տարիքի մարդկանց ընդհանրապես արգելված է տանից դուրս գալ:
Միևնույն ժամանակ երկրում մինչև հիմա պաշտոնապես արտակարգ դրություն հայտարարված չէ: