Բաքվի վերքննիչ դատարանը «Ազադլիգ» ընդդիմադիր թերթի ֆինանսական տնօրեն Ֆայիք Ամիրլիի ազատազրկման մնացած ժամկետը փոխարինել է պայմանական պատժով: Ամիրլին ազատ է արձակվել դատարանի դահլիճից:
Հուլիսի 24-ին Ամիրլին դատապարտվել էր 3 տարվա և 3 ամսվա ազատազրկման: Ամիրլին Ադրբեջանի բոլոր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ է ճանաչվել և ներառվել համապատասխան ցուցակներում: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դատապարտել է Ամիրլիի կալանքն ու կոչ արել նրա վրայից հանել «անհեթեթ մեղադրանքները»:
Սակայն Ադրբջանի իշխանությունները մինչև օրս բազմիցս մերժել են կալանքի ռեժիմը մեղմելու մասին պաշտպանության միջնորդությունները՝ չնայած Ամիրլիի առողջության հետ կապված ակնհայտ խնդիրներին:
Ամիրլին դարձավ հերթական քաղբանտարկյալը, որն ազատ է արձակվել վերջին շաբաթվա մեջ: Նրանից առաջ ազատ էին արձակվել «Թուրան» տեղեկատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևն, ինչպես նաև 14 կրոնական ակտիվիստ, որոնք դատապարտվել էին 2015թ-ին «Նարդարանի գործով»:
Փորձագետները նոր ադրբեջանական «ձնհալի» երկու հիմնական պատճառ են նշում: Դա իշխանությունների արձագանքն է կասկածելի ծախսերի մասին լրագրողական հետաքննության արդյունքներին, երբ ադրբեջանական իշխանությունները գնում էին արևմտյան պաշտոնյաների հավատարմությունը և փողեր էին լվանում, այսպես կոչված laundromat-ը: