«Ադրբեջանին միջանցք տրամադրելու պարտավորություն Հայաստանը չունի»․ ՀՀ ԱԳՆ
Պաշտոնական Բաքուն շարունակում է ուժի կիրառման սպառնալիքներ հնչեցնել։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն արձագանքել է Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե՝ Հայաստանը պետք է հայտարարի «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ։
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հակասում են մինչ օրս ձեռք բերված պայմանավորվածություններին։
Դեկտեմբերի 6-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակեցին տեղեկություններ, որ Ալիևը Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե՝ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմաններն ու «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարի։
Բացի այդ՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը մեղադրել էր ճանապարհների և կոմունիկացիաների հարցում «ոչ անկեղծ մոտեցումներ» ցուցաբերելու մեջ:
«Պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում` ՄԱԿ-ի կանոնադրությունը, և վտանգելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը», — ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։
Այս ուղերձն ուղղված է անվտանգության ոլորտում հիմնական գործընկեր Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին և ողջ միջազգային հանրությանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ ճանապարհների և կոմունիկացիաների հարցում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի պայմանավորվածություններն արձանագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում․
«Այդ հայտարարություններում Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանին միջանցք, միջանցքային տրամաբանության ուղի տրամադրելու որևէ պարտավորություն, պայման, պայմանավորվածություն չկա»։
Գերատեսչությունն ընդգծել է, որ Ալիևի հայտարարություններն իրենց բովանդակությամբ կապ չունեն մինչ օրս ստորագրված եռակողմ հայտարարությունների հետ․
«Դրանք հակասում են Եռակողմ աշխատանքային խմբում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին, հետապնդում են ապակառուցողական և սադրիչ նպատակներ, սպառնալիք են պարունակում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»։
Հայտարարությունում ԱԳՆ-ն հղումներ է արել ինչպես եռակողմ հայտարարություններին, այնպես էլ ՌԴ ԱԳՆ տարածած տեղեկատվական նյութերին, որոնցում հստակ արձանագրվում է, որ «բոլոր ապաշրջափակվող և նորից ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են՝ հարգելով այն երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, որոնց տարածքով դրանք անցնում են»։
Հայաստանը վերահաստատել է իր բոլոր հանձնառություններն իրականացնելու պատրաստակամությունը, ինչպես նաև հավելել, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման աշխատանքները խոչընդոտվում են Ադրբեջանի սադրիչ հռետորաբանության պատճառով։
«Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից ու չխոչընդոտել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող պայմանավորվածությունների իրագործմանը», — ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։