Ադրբեջանի նախագահը Ստամբուլում «Երուսաղեմի վերաբերյալ գագաթնաժողովին» կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Երուսաղեմի վերաբերյալ իր որոշումը
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում կայացած Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) երկրների արտակարգ գագաթնաժողովին քննադատել է ԱՄՆ նախագահ Թրամփի միակողմանի որոշումը Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ:
«Չնայած միջազգային իրավունքի սկզբունքներին և ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերին, ԱՄՆ նախագահի կողմից Կուդսը (Երուսաղեմը) որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու նրա որոշումը մեզ մոտ լուրջ անհանգստություն է առաջացնում: Այդ որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ պաղեստինա-իսրայելական հակամարտության արդար և բազմակողմանի կարգավորման վրա, Մերձավոր Արևելքում վտանգավոր հետևանքների բերել: Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ն պետք է վերանայի իր որոշումը», — ասել է Ադրբեջանի նախագահը:
ԻԿԿ արտակարգ գագաթնաժողովն անցկացվում է դեկտեմբերի 13-ին Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության ներկայիս նախագահ Թուրքիայի նախաձեռնությամբ:
Գագաթնաժողովին, որն անցկացվում է «Երուսաղեմի հետ համերաշխության համար համատեղ շարժում» կարգախոսով, մասնակցում են 50 պետությունների և կառավարությունների ղեկավարներ:
Իլհամ Ալիևն իր ելույթում հավելել է, որ Ադրբեջանում Կուդսի հարցով միջազգային կոնֆերանս է անցկացվել: Կոնֆերանսին հայտարարություն է ընդունվել, որը քննադատում է Արևելյան Երուսաղեմի օկուպացիան և Ալ Աքս մզկիթը հավատացյալների կողմից այցելելու սահմանափակումները:
«Մենք, ինչպես միշտ, այսօր էլ Պաղեստինի ժողովրդի կողքին ենք: Ադրբեջանը մեծ ներդրում է կատարում իսլամական համերաշխության գործում», — ասել է նախագահ Ալիևը:
Նա հիշեցրել է նաև, որ 2017թ-ն Ադրբեջանում հայտարարվել է որպես իսլամական համերաշխության տարի: