Ադրբեջանի 61 քաղաքացի արտաքսվել է Գերմանիայից, իսկ ընդդիմադիր կուսացության անդամները մեղադրվում են ապօրինի միգրացիոն բիզնեսի համար
Կիսվել
Կիսվել
Գերմանիայից Ադրբեջան է արտաքսվել Ադրբեջանի 61 քաղաքացի։ Նրանց թվում 21 երեխա կա։ Գերմանական ոստիկանությունը նրանց ապօրինի միգրանտներ է համարել, ինչպես նաև կալանավորել Ադրբեջանի մի քանի քաղաքացու ապօրինի միգրացիային նպաստելու մեղադրանքով։
Լրատվամիջոցները գրում են, որ կալանավորվածների թվում են ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամները։ Այդ պատճառով էլ շատերն Ադրբեջանում հիմա ամոթանք են տալիս «Մուսավաթին», թեև կուսակցությունն ամեն ինչ հերքում է։
Պոպուլյար երթուղի
Գերմանիան Հոլանդիայի հետ միասին ամենատարածված երկրներն են, ուր փորձում են արտագաղթել Ադրբեջանի բնակիչները։ Յուրաքանչյուր տարի այդ երկրում փախստականի կարգավիճակ է փորձում ստանալ մի քանի հազար Ադրբեջանի քաղաքացի։
Ոմանք դրա համար իրական հիմքեր ունեն, օրինակ, հայրենիքում նրանց հետապնդում են քաղաքական հայացքների և սեռական կողմնորոշման համար։ Մյուսները մտացածին առիթներ են օգտագործում։
Հաճախ Գերմանիա տեղափոխվելու ցանկություն ունեցողները դիմում են միջնորդների օգնությանը։ Վերջին ժամանակներս հաճախակի են դարձել դեպքերը, երբ ապօրինի միգրանտները կամ փախստականի կարգավիճակ չստացած մարդիկ փորձում են ինքնասպանություն գործել՝ Ադրբեջան չարտաքսվելու համար։
«Միգրացիոն բիզնես»
Նոյեմբերի 13-ին ոստիկանությունը ռեյդեր է անցկացրել Գերմանիայի մի քանի քաղաքներում։ Ապօրինի միգրանտների որոնելիս այն ձերբակալել և կալանավորել է նաև Ադրբեջանի մի քանի քաղաքացու՝ նրանց կասկածելով ապօրինի «միգրացիոն բիզնեսի» կազմակերպման համար։
Ձերբակալվածների մեծ մասը քաղէմիգրանտներ են։ Տեղեկություններ են տարածվել, որ նրանց թվում են նաև «Մուսավաթ» կուսակցության անդամներ։
Ըստ ոստիկանության՝ նրանք մարդկանցից գումար են վերցրել, որպեսզի Ադրբեջանից ապօրինաբար Գերմանիա տեղափոխեն՝ խոստանալով օգնել վիզա և կացության իրավունք ստանալու հարցում։
Հրաժարականի առի՞թ
«Մուսավաթ» կուսակցությունը հայտարարում է, որ ենթադրյալ խարդախները, որոնք ձերբակալվել են Գերմանիայում, իրենց հետ որևէ կապ չունեն։
Սակայն շատերը դրան չեն հավատում և միաձայն քննադատում են «Մուսավաթին»։
Սոցցանցերում բուռն վեճեր են ընթանում։
««Մուսավաթի» ղեկավարությունն» անգամ հրաժարական տալու մշակույթ չունի, ամեն ինչից զատ», — գրում է հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլը։
Մեկնաբանություններում շատերը համաձայնում են, որ նման իրավիճակում կուսակցության ղեկավարությունն իրոք պետք է հեռանա։
«Ի՞նչ է, հիմա յուրաքանչյուր զրպարտության և շանտաժի պատճառով հրաժարակա՞ն տանք», — հակադարձում է «Մուսավաթի» առաջնորդ Արիֆ Հաջիլին։