Ադրբեջանական լցանավերն ավելի քան 90 մլրդ դոլարի ռուսական նավթ են տեղափոխել
Ադրբեջանի հետքը ռուսական նավթային ցանցում
Financial Times-ի հրապարակած հետազոտության մեջ տեղ են գտել ադրբեջանցի գործարարների անուններ որոնք առնչություն ունեն ռուսական նավթային ցանցի հետ։ Պարբերականի փոխանցմամբ՝ Ադրբեջանի հետ փոխկապակցված լցանավերը դարձել են պատժամիջոցները շրջանցելու մեխանիզմի հիմնական օղակներից մեկը։
Թերթը պարզել է, որ տեխնիկական սխալը հանգեցրել է ռուսական նավթի առևտրով զբաղվող անօրինական ցանցի բացահայտմանը։
Այս համակարգի օգնությամբ տեղափոխվել է ավելի քան 90 միլիարդ դոլարի ռուսական հում նավթ: Ընդ որում, «Ռոսնեֆտի» ծովային արտահանման մոտ 80%-ն իրականացվել է հենց այս ուղով։
Հետազոտության հիմնական արդյունքները
Հիմնվելով կորպորատիվ ռեեստրների բաց տվյալների վրա՝ FT-ն պարզել է, որ 48 ընկերություններ օգտվել են էլեկտրոնային փոստի նույն ենթակառուցվածքից: Նրանք բոլորը տիրապետում են 442 դոմեյնների, որոնք տեղակայված են «mx.phoenixtrading.ltd» անունով մասնավոր սերվերի վրա:
400-ից ավելի դոմեյններից 19-ը պատկանում են ռուսական էներգետիկ և զարգացման ընկերությունների, մինչդեռ մի քանի դոմեյններ փոխկապակցված են ադրբեջանցի գործարարների կողմից վերահսկվող ընկերությունների հետ:
Foxton FZCO ընկերությունը Ռուսաստանի մաքսային փաստաթղթերում նշված է որպես 5.6 միլիարդ դոլարի հում նավթի գնորդ:
Հնդկաստանի մաքսատան տվյալների համաձայն՝ Advan Alliance-ը վաճառել է 1.5 միլիարդ դոլարի ռուսական նավթ: Այս ընկերությունների մեծ մասը գործել է մոտ վեց ամիս, ինչից հետո փակվել և գրանցվել է նոր անունով:
Ցանցի ամենամեծ արտահանողը Redwood Global Supply FZ LLC ընկերությունն է: Այն գրանցված է ԱՄԷ-ի Ռաս ալ-Խայմա ազատ տնտեսական գոտում և 2025 թ.-ի դեկտեմբերին ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում:
Ադրբեջանցի թրեյդերներ. ո՞վքեր են նրանք
FT-ի զեկույցը և հետագա հրապարակումները ցույց են տալիս, որ ցանցում առանցքային դերակատարում ունեն մի քանի ադրբեջանցի թրեյդերներ (առևտրականներ):
Էթիբար Էյուբը գործարար է, նա «Ռոսնեֆտ»-ի գործադիր տնօրեն Իգոր Սեչինի մերձավոր շրջապատից է։ 2023-2024 թվականներին Էյուբը հիմնական դեմքն էր «Coral Energy» առևտրային ընկերության, որը հետագայում վերակազմավորվեց 2Rivers անվամբ և մինչ օրս էական բաժնեմաս ունի ռուսական նավթի առևտրի շուկայում։
Էյուբը Եվրամիության և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ է։
Թահիր Քարաևն Ադրբեջանում ծնված ձեռնարկատեր է, որը 2010 թվականին հիմնադրել է «Coral Energy»-ն։ TahirQarayev.com դոմեյնը գրանցված է նրա անունով։
Նա նույնպես ընդգրկված է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ հայտնված անձանց ցուցակում։
Թալեաթ Սաֆարովը, Անար Մամեդլին և Ահմեդ Քերիմովը Ադրբեջանի քաղաքացիներ են, ովքեր նույնպես Մեծ Բրիտանիայի և ԵՄ պատժամիջոցների տակ են:
Նրանք աջակցել են Ռուսաստանի, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» կառավարմանը՝ «Zangezur», «BX Energy» և «Nord Axis» ընկերությունների միջոցով։
Redwood Global Supply-ը ընկերություն է, որը հայտնի է իր ոչ թափանցիկ կառուցվածքով: Չնայած ընկերության սեփականատերերը պաշտոնապես բացահայտված չեն՝ FT-ն նշում է, որ այն վերահսկվում է ադրբեջանցի գործարարների կողմից և ցանցի շրջանակներում ամենամեծ արտահանողն է:
Ինչո՞ւ է սա կարևոր
Այս ցանցը, շրջանցելով Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո սահմանված էներգետիկ պատժամիջոցները, միլիարդավոր դոլարներ է բերում Ռուսաստանի տնտեսությանը։
Ոչ թափանցիկ գործունեության արդյունքում «Ռոսնեֆտի» ծովային արտահանման մոտ 80%-ն իրականացվում էր այս ցանցի միջոցով։
Մի քանի ամիս գործելուց հետո ընկերությունները փոխում են իրենց անունները, ինչը թույլ է տալիս խուսափել պատժամիջոցներից։
Նման բիզնես սխեմաները նպաստում են «ստվերային նավատորմի» ձևավորմանը, արևմտյան բանկերն ու մաքսային մարմինները դժվարանում են հայտնաբերել այն։
Ադրբեջանցի առևտրականների ակտիվությունն ազդում է տարածաշրջանային էներգետիկ քաղաքականության վրա և բարձրացնում է հարցեր միջազգային պատժամիջոցների համակարգում ադրբեջանական բիզնես էլիտայի դերի վերաբերյալ։
Ադրբեջանը հիշատակվել էր նաև նախկինում
Ադրբեջանցի ձեռնարկատերերի հետ փոխկապակցված ընկերությունները նախկինում ևս ներգրավված են եղել ռուսական նավթի հետ կապված նմանատիպ սխեմաներում։
Coral Energy-ն (այժմ՝ 2Rivers) 2024 թվականի ամռանը փոխեց իր սեփականության կառուցվածքը և շարունակեց առևտուրը ԱՄԷ-ում հիմնադրված նոր՝ Safira Global Trading ընկերության միջոցով։
BX Energy և Nord Axis ընկերությունները շահագործում են լցանավեր, որոնք ռուսական հում նավթը Պրիմորսկ նավահանգստից տեղափոխում են Թուրքիայի Նեմրութի ծոցի պահուստներ։ Նավերի անունները համընկնում են ադրբեջանական տեղանունների հետ, օրինակ՝ Karabakh և Shusha:
2025 թ.-ին Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց մի շարք ադրբեջանցի առևտրականների նկատմամբ, այդ թվում՝ Թալեաթ Սաֆարովի և Ահմեդ Քերիմովի։ Նշվում էր, որ նրանք օգտագործել են 2Rivers ցանցը՝ «Ռոսնեֆտի» նավթը «վերաբրենդավորելու» և այն արևմտյան շուկաներ ուղղորդելու համար։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ադրբեջանի հետքը ռուսական նավթային ցանցում