Ադրբեջանի հարկերի նախարարությունը խուզարկել է «Թուրան» տեղեկատվական գործակալության խմբագրությունը
Կիսվել
Կիսվել
Օգոստոսի 16-ին վաղ առավոտյան Ադրբեջանի հարկերի նախարարության նախնական հարկային մուտքերի դեպարտամենտի աշխատակիցները խուզարկություն են սկսել «Թուրան» անկախ տեղեկատվական գործակալության գրասենյակում:
«Հարկայինի աշխատակիցները ստուգում էին ինչպես ֆինանսական փաստաթղթեր, այնպես էլ աշխատակիցների անձնական իրերը: Սակայն նրանք թույլ չէին տալիս նկարահանել ստուգման և առգրավման գործընթացը: Նրանք նաև չեն տրամադրել ստուգման և առգրաման թույլտվության մասին փաստաթղթի պատճենն, այլ ընդամենը ներկայացրել են այն ծանոթանալու համար», — ասված է «Թուրանի» հաղորդագրությունում:
Ֆեյսբուքում «Թուրանի» պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրությունում ասվում է, որ ստուգումն անցկացրել է 10 մարդ՝ ներառյալ հարկայինի աշխատակիցների բերած երկու ընթերականերին:
Ստուգման վերջում նրանք տարան երեքուկես տարվա ողջ փաստաթղթերը՝ 2014թ-ից մինչև 2017թ-ի կեսը:
«Թուրանի» դեմ քրեական հետապնդումը սկսվել է օգոստոսի 7-ին: Հարկային մարմինները գործակալությանը մեղադրում են 2014-2016թ. ընկած ժամանակահատվածում 37 հազար մանաթի (մոտ 22 հազար դոլար) հարկեր չվճարելու համար:
Գործակալությունը կտրականապես հերքում է այդ պնդումները, քրեական գործն ապօրինի և պատվիրված է համարում: «Թուրանը» դատի է տվել հարկերի նախարարության նախնական հետաքննության և լոկալ եկամտի դեպարտամենտներին, որոնք քրեական գործ են հարուցել:
Տեղական և միջազգային դիտորդները վստահ են, որ իշխանությունների նախաձեռնած հարկային ստուգումն անկախ տեղեկատվական գործակալության վրա ճնշում գործադրելու պլանավորված արշավի մաս է:
«Նորմալ երկրներում տեղեկատվական գործակալություններն են ստուգում պետական և կառավարական կազմակերպությունների գործունեությունը: Հետաքրքիր փաստեր և խախտումներ են գտնում և ներկայացնում հանրությանը: Իսկ մեզ մոտ, որպես կանոն, ամեն ինչ հակառակն է: Եվ այդ հարցում մենք տարբերվում ենք քաղաքակիրթ աշխարհից: Պետությունը ստուգում է տեղեկատվական գործակալության գործունեությունը: Սակայն պետությունն առաջին հերթին պետք է շահագրգռված լինի տեղեկատվության անաչառ և անկախ աղբյուրների գործունեությամբ», — համարում է «հանրապետական այլընտրանք» շարժման գործադիր քարտուղար Նաթիկ Ջաֆարլին:
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմաերպությունը քննադատել է Ադրբեջանի իշխանությունների կողմից հարկային մարմինների օգտագործումը որպես «Թուրան» տեղեկատվական գործակալության վրա ճնշման գործիք:
«Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանում վերջին անկախ գործակալությունը խեղդելու ձգտում: Այս գործն ուղղված է նրան, որ գործակալության դրությունը տնտեսապես խաթարվի: Մենք կոչ ենք անում իշխանություններին վերջ դնել վերջին անկախ լրատվամիջոցի հետապնդման սիստեմատիկ պրակտիկային և դադարեցնել «Թուրանի» դեմ հետաքննությունն», — ասված է կազմակերպության կայքում տեղադրված հայտարարությունում:
Ադրբեջանը 180 երկրների շարքում 162-րդ տեղն է զբաղեցնում խոսքի ազատության մակարդակով՝ «Լրագրողներ առանց սահմանների» ցուցիչի համաձայն: