Ադրբեջանի հարավում մոտ հարյուր գյուղ առանց էլեկտրականության է մնացել
Կիսվել
Կիսվել
Հոկտեմբերի 30-ի երեկոյան սկսված մրրիկը Ադրբեջանի հարավ-արևտյան շրջանում առանց էլեկտրականության է թողել Լերիկի և Լենքորանի շրջանների մոտ 100 գյուղ: 12 գյուղ ամբողջությամբ կտրվել է շրջանային կենտրոններից:
Ուժգին քամին արմատախիլ էր անում ծառերն ու դրանք գցել էլեկտրահաղորդակցման լարերի վրա, պոկում շինությունների տանիքները, զգալի վնաս հասցնում մրգատու այգիներին:
Ծառերի ընկնելուց ծանր վնասվածքներ են ստացել տեղական գյուղերի բնակիչները: Լենքորանի շրջանի երկու բնակիչ տեղափոխվել է տեղական հիվանդանոցի վերակենդանացման բաժին:
Ձյան բարձրությունը որոշ վայրերում հասնում էր մեկ մետրի: Արդյունքում՝ Լերիկի շրջանի 12 գյուղ կտրված է մնացել շրջանային կենտրոնից: Այդ մասին հաղորդել է Լերիկի շրջանի գործադիր իշխանության պետի տեղակալ Գաբիլ Մելիքովը, փոխանցում է Trend գործակալությունը: Փոթորիկը հասել է նաև հարևան Մասալինի շրջան, որտեղ առանց էլեկտրականության է մնացել մոտ 40 գյուղ:
«Ազերիշեղի» մամուլի քարտուղար Թանրիվերդի Մուստաֆաևի խոսքով՝ չնայած շարունակվող վատ եղանակային պայմաններին, արվում է ամեն ինչ տուժած գյուղերի էլեկտրականության վերականգնման համար: