Ադրբեջանի դեմոկրատական ուժերի ընդդիմադիր խորհուրդը կոռուպցիայի դեմ ցույց է անցկացրել
Ադրբեջանի դեմոկրատական ուժերի ազգային ընդդիմադիր խորհուրդն այս տարվա հերթական երկրորդ ցույցն անցկացրել է սեպտեմբերի 23-ին Բաքվի ծայրամասում գտնվող մարզադաշտում: Ցույցի ժամն ու վայրը համաձայնեցվել էր քաղաքային իշխանությունների հետ: Այս անգամ այն անցկացվում էր «Վերադարձրե՛ք ժողովրդից գողացված փողը», «Ո՛չ թալանին» կարգախոսներով: Հիշեցնենք, որ կուսակցության նախորդ հանրահավաքն անցկացվել է ապրիլի 8-ին «Ո՛չ ընտանեկան իշխանությանը» կարգախոսով:
Ցուցարարները պահանջում էին հետաքննել ադրբեջանական իշխող էլիտայի կողմից փողերի լվացման և եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու մասին տեղեկությունը: Խոսքը գնում է գրեթե 3 մլրդ դոլար գումարի մասին, որն ապօրինի կերպով դուրս է բերվել երկրից վերջին տարիներին տարբեր պատրվակներով և ծախսվել է արտասահմանում կաշառքի և Ադրբեջանի իշխանությունների շահերի լոբինգի վրա:
Այդ փաստերը բացահայտել էր Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության Կենտրոն (OCCRP) միջազգային լրագրողական կազմակերպությունը:
Ադրբեջանական գումարների լվացման վերաբերյալ լրագրողական հետաքննության մանրամասները կարդացեք JAMnews-ի հոդվածում:
Հանրահավաքի մասնակիցները պարզել էին «Ո՞ւր է գնացել մեր երեք միլիարդը», «Պատժիր գողին, այլ ոչ թե ազնիվին», «Փողերն ուղղվել են օֆշորներ, իսկ ժողովուրդը մնացել է աղքատության մեջ» գրառումներով պաստառներ, ինչպես նաև քաղբանտարկյալների լուսանկարներ:
Ըննդիմադիր աղբյուրներն ասում են, որ հանրահավաքին մասնակցել է մոտ 3 հազար մարդ: Իշխանամետ աղբյուրները պնդում են, որ նրանք նշված թվից երեք անգամ ավելի քիչ էին: Մասնակիցների թվի մասին պաշտոնական տվյալներ դեռևս չկան:
«Այս կոռումպացված ռեժիմը, որը տասնամյակներով խախտում է մեր իրավունքներն, այժմ բռնվել է հանցանքի վայրում: Այժմ այդ կոռուպցիայի ապացույցներ են ներկայացվել», — իր խոսքում ասել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին:
Ադրբեջանի դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդի կողմից նախագահի նախկին թեկնածու Ջամիլ Հասանլին իր ելույթում հայտարարել է, որ «Ադրբեջանում կոռուպցիան գլխավորում է անձամբ նախագահ Իլհամ Ալիևը»:
«Այս իշխանությունը սովոր է գողանալ: Այն ժողովրդից գողացել է ազատ ընտրությունների իրավունքը, ժողովրդական հարստությունները: Եվ վերջապես, այն գողացել է լրագրող Աֆղան Մուխտարլիին Թբիլիսիից», — հավելել է Հասանլին:
Հանրաքվեից մեկ օր առաջ տարբեր պատրվակներով ձերբակալվել և 15 օրվա ազատազրկման է դատապարտվել ընդդիմության 6 ակտիվիստ, այդ թվում՝ հանրահավաքի ենթադրվող վարող Իլհամ Հուսեյնը:
Ադրբեջանի կառավարությունը հերքել է այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ դրանք տարածում է հայկական լոբբին և բարեգործ ու գործարար Ջորջ Սորոսը:
Իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, խորհրդարանի անդամ Սիավուշ Նովրուզովը իշխանությունների հասցեին բոլոր մեղադրանքները հերյուրանք է անվանել:
«Թող Քերիմլին ավելի լավ է հաշվետվություն ներկայացնի, թե իր փողերը որտեղից են: 20 տարի է՝ նա ոչ մի տեղ չի աշխատում, սակայն թիկնապահներ ունի, թանկարժեք մեքենայով է շրջում, նրա երեխաները սովորում են ամենաթանկ համալսարաններում, ապրում են ԱՄՆ—ում: Դա վերաբերում է նաև մնացածներին: Ասում են, թե մեզ մոտ խախտվում են լրագրողների իրավունքները: Ո՞ր երկրում է պետությունը լրագրողներին անվճար բնակարաններ բաժանում: Ո՞ր երկրում է պետությունը ֆինանսավորում ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը», — Նովրուզովի խոսքերն է մեջբերում «Թրենդ» գործակալությունը:
Ընդդիմադիրները հայտարարել են, որ շարունակելու են բողոքի ակցիաները: Հաջորդ հանրահավաքը կայանալու է հոկտեմբերի 7-ին:
Ադրբեջանի դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը ստեղծվել է 2013թ-ին՝ գալիք նախագահական ընտրությունների նախաշեմին: Խորհրդի առաջին նախագահը հայտնի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովն էր: Սակայն ռուսական քաղաքացիության պատճառով նա չէր կարող իր թեկնածությունն առաջադրել ընտրություններին, և կազմակերպության թեկնածու դարձավ պատմաբան Ջամիլ Հասանլին: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2015թ-ի նախագահական ընտրություններին Հասանլին 5.5% ձայն էր հավաքել: