Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլ
Կիսվել
Կիսվել
«Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը, որը ներկայացնում է ադրբեջանական Աղդամ քաղաքը, երկու խաղերի արդյունքում հաղթել է դանիական «Կոպենհագենին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլ: Չնայած Կոպենհագենում նվազագույն հաշվով՝ 1:2 կրած պարտությանը, «Ղարաբաղը» հաջորդ փուլ է անցել շնորհիվ հյուրընկալվելիս խփած գոլի: Մեկ շաբաթ առաջ Բաքվում տեղի ունեցած այդ ակումբների առաջին խաղն ավարտվել էր ադրբեջանցիների հաղթանակով՝ 1:0 հաշվով:
Դրանով «Ղարաբաղը» բուռն հիացմունք է առաջացրել ակումբի երկրպագուների շրջանում: Ամբողջ գիշեր ավոտմեքենաներն ազդանշաններ էին արձակում, մարդիկ փողոցներում պարում էին, վանկարկում կարգախոսեր: Իսկ առավոտյան «Ղարաբաղի» առավել մոլի երկրպագուները մեկնել էին Բաքվի միջազգային օդանավակայան՝ իրենց կուռքերին հանդիսավոր դիմավորելու համար:
«Ղարաբաղի» հայտնվելը Չեմպիոնների լիգայում մարզական կողմից բացի՝ Ադրբեջանի համար ունի նաև տնտեսական նշանակությունը: Խմբային փուլում հայտնված ֆուտբոլային ակումբը ՈՒԵՖԱ—ից կստանա 12.7 մլն եվրո (15 մլն դոլար): Տնտեսագետ Տողրուլա Վելիևայի խոսքով՝ դա ավելին է, քան Ադրբեջանից ամբողջ պղնձի հանքաքարի արտահանումը, և հավասար է կարտոֆիլի արտահանման ծավալին (15 մլն դոլար): Իսկ խմբային առաջնությունում հավաքած յուրաքանչյուր միավորի համար «Ղարաբաղը» կստանա լրացուցիչ բոնուսներ (յուրաքանչյուր հաղթանակի համար՝ 1.5 մլն, իսկ ոչ—ոքիի համար՝ 500 հազար եվրո):
Աղդամի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1950թ.՝ «Մեխսուլ» («Բերք») անվանումով, Ադդրբեջանի հնգակի չեմպիոն է: «Ղարաբաղ» անվամբ հանդես է գալիս 1987թ.-ից՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սկզբից: Այդ ժամանակ ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությունում հանդես էր գալիս այլ «Ղարաբաղ», որը ներկայացում էր Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը (կամ Խանքենդին, ինչպես այն անվանում են ադրբեջանցիները): Այն բանից հետո, երբ 1993թ. Աղդամն անցավ հայկական կողմի վերահսկողության տակ, «Ղարաբաղ» ակումբը տեղակայվեց նույն շրջանի Գուզանլի բնակավայրում: Սակայն միջազգային մակարդակի տնային խաղերը անցկացնում է Բաքվի հանրապետական մարզադաշտում: