Աբխազիան սպառնում է ռուս փորձագետներին անցանկալի անձ հայտարարել
Աբխազիան սպառնում է ռուս փորձագետներին
Աբխազիան սպառնացել է օտարերկրյա փորձագետներին, որոնք պահանջում են փոխել հանրապետության անկախ կարգավիճակը։ Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է նման գաղափարով զբաղվող յուրաքանչյուր քաղաքագետի հայտարարել անցանկալի անձ՝ «պերսոնա նոն գրատա», որը, ի թիվս այլ բաների, ենթադրում է Աբխազիա մուտքի արգելք։
Պաշտոնական Սուխումը շատ ցավագին ընդունեց Աբխազիայի՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու գաղափարը, որը պարտադրվում էր Ռուսաստանի որոշ քաղաքական և փորձագիտական շրջանակների կողմից։
Աբխազիայի հրաժարումը՝ հետևել Հարավային Օսիային, որի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել էր հանրաքվե անցկացնելու և Ռուսաստանի մաս դառնալու իր մտադրության մասին, որոշ ռուս քաղաքագետների կողմից բարձրացրեց աբխազների «անշնորհակալ լինելու» մեղադրանքների բուռն ալիք, հնչեցին նաև խնդիրը աբխազների կամքին հակառակ լուծելու անհրաժեշտության մասին կարծիքներ։
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի հայտարարությունները, որոնք զուգորդվում են խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիի և Աբխազիայի Անվտանգության խորհրդի ղեկավար Սերգեյ Շամբայի նմանատիպ հայտարարությունների հետ այն մասին, որ Աբխազիան վաղուց ինքնորոշվել է և չի ծրագրում լինել Ռուսաստանի կազմում, որոշ քաղաքական գործիչներ Մոսկվայում, թեև լսել են, բայց ձևացրել են, թե դա ընդհանրապես նշանակություն չունի։
«Մենք պետք է ավելի քիչ արձագանքենք առանձին քաղաքական գործիչների հայտարարություններին»,- իրավիճակն այսպես է գնահատել Պետդումայի պատգամավոր Մարիա Բուտինան,- եթե հանրաքվե անցկացնելու որոշում կայացվի, և ժողովրդի մեծամասնությունը քվեարկի «կողմ», նման որոշում կկայացվի»։
Մինչդեռ, Աբխազիայի օրենսդրության համաձայն, անկախ հանրապետության կարգավիճակը փոփոխության ենթակա չէ։ Կան իրավական բնույթի տարբեր պաշտպանական մեխանիզմներ։
Օրինակ՝ եթե Աբխազիան ընդունի նոր սահմանադրություն, ապա օրենքի դրույթը, որը վերաբերում է պետության ինքնիշխան կարգավիճակին, կմնա անփոփոխ։
Ավելին, Աբխազիայի քրեական օրենսգիրքը նախատեսում է պատիժների մի ամբողջ փունջ անգամ հանրապետության անկախ կարգավիճակի վերանայման հրապարակային կոչի համար։ Այսինքն՝ աբխազ քաղաքական գործիչը, ոըը, օրինակ, հայտարարում է Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին, կարող է 15 տարով բանտ նստել։
«Մենք ուշադրություն ենք դարձրել տարբեր քաղաքագետների հայտարարություններին, որոնք կասկածի տակ են դնում Աբխազիայի Հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունը։
Աբխազիայի Հանրապետության պետական ինքնիշխանությունը, անկախությունը, միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսանալը անվիճելի են և քննարկման առարկա չեն կարող լինել։ Նման հրապարակումները անհեռանկար նպատակ են հետապնդում՝ բացասական ֆոն ստեղծել աբխազա-ռուսական միջպետական հարաբերությունների համար»,- ասված է Աբխազիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։
Պաշտոնական Սուխումը սպառնացել է, որ «երկրի շուրջ տեղեկատվական բացասական ֆոն ստեղծելու փորձերի շարունակման դեպքում Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իրեն իրավունք է վերապահելու կանխակալ քաղաքագետների նկատմամբ գործարկել «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մեխանիզմը։