Բաքվի Ղարադաղի շրջանի բնակիչները փետրվարի 6-ին հազվադեպ բնական երևույթի են ականատես եղել: Սանգաչալ ավանի մերձակայքում, որն Ադրբեջանի մայրաքաղաքից 70 կմ դեպ հարավ-արևմուտքում է գտնվում, Օթման-Բոզդաղ ցեխային հրաբխի ժայթքում է տեղի ունեցել: Ժայթքումը շարունակվել է մոտ 6 րոպե և կրակի սյունը բարձրացել է մինչև 20-25 մ:
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ ժայթքման արդյունքում տուժածներ և փլուզումներ չկան: Ներկա պահին ժայթքումը դադարել է:
Բաքվի և Ապշերոնի թերակղզու ցեխային հրաբուխների խմբի պետական բնական արգելոցի տնօրեն Ջեյհուն Փաշաևը Trend տեղեկատվական գործակալությանն ասել է, որ «այդ հրաբուխն առանձնակի ակտիվությամբ աչքի չի ընկնում, այն ժայթքել է երեք անգամ՝ 1845, 1951 և 1961թթ-ին»: Փաշաևի խոսքով, չնայած ժայթքմանն՝ անվտանգության տեսանկյունից հրաբխին խորհուրդ չի տրվում մոտենալ:
Տեղացիներից ոմանք հրաբխի ժայթքումը գազի պայթյունի են նմանեցրել, այդ թեմայով գրառումներ են արվել սոցցանցերում: Բանն այն է, որ Սանգաչալ ավանը տեղակայված է Բաքու-Ջեյհան նավթատարի տերմինալից ոչ հեռու, և անցյալ տարի այս շրջանում գազատար է պայթել:
Ապշերոնի թերակղզում նախկինում նույնպես եղել են ցեխային հրաբուխների ժայթքումներ, դրանցից վերջինները տեղի են ունեցել 2014 և 2012թթ-ին: