Transparency International. 2025 թ․-ի վերջին Վրաստանում կոռուպցիայի մակարդակը մտահոգիչ է
TI. ՎրաստաՆում կոռուպցիայի մասին զեկույց 2025
Դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, «Transparency International Georgia» (TI) կազմակերպությունը հայտարարություն տարածեց, որում նշեց, որ 2025 թվականի վերջին Վրաստանում կոռուպցիայի մակարդակը մտահոգիչ է։ Կազմակերպության գնահատմամբ՝ Վրաստանն այժմ կլեպտոկրատական պետություն է։
«Նման երկրներում իշխող վերնախավի միակ նպատակն ու մոտիվացիան անձնական հարստացումն է, մասնավորապես՝ քաղաքացիներին և պետությունը թալանելու միջոցով: Կոռուպցիոն ճանապարհով կուտակած ռեսուրսներն իրենց հերթին օգտագործվում են իշխանությունը պահելու համար։
Կառավարումը Բիձինա Իվանիշվիլիի, որը ղեկավարում է գրավված պետությունը, հիմնված է որոշակի խմբի հավատարմության վրա, խմբի, որին նա թույլ է տալիս հարստանալ կոռուպցիայի միջոցով, ապա այդ ռեսուրսներն օգտագործում է պետական ինստիտուտները ենթարկեցնելու և սեփական իշխանությունը պահպանելու համար։
Ապագայում սպասվում է կոռուպցիայի և դրա պատճառած վնասի աճ»,- գրում է կազմակերպությունը։
Transparency International-ի զեկույցը․ Կոռուպցիան Վրաստանում 2025 թ․-ին
- Պետության գրավման գործընթացն ավարտված է— Չկա անկախ պետական մարմին, որը կարող է բացահայտ խոսել կոռուպցիայի մասին և իրական գործողություններ ձեռնարկել դրա դեմ։
- Ձևավորվում է կլեպտոկրատիա— Իշխանության վերին օղակներում կոռուպցիայի փաստաթղթավորված դեպքերի քանակը, դրանց բովանդակությունն ու ներգրավված անձանց ինքնությունը վկայում են կոռուպցիայի համակարգային բնույթի մասին։
- Ընթանում է կոռուպցիայի դեմ ցուցադրական պայքար- Քննչական մարմինները սպասարկում են իշխող կուսակցության ներքին հակամարտություններն ու տարաձայնությունները, մինչդեռ իշխանության վերին օղակներում կոռուպցիայի հարյուրավոր փաստաթղթավորված դեպքեր մնում են չբացահայտված։
- Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն լուծարվում է— Ընդամենը երեք տարի առաջ կոռուպցիան կանխելու համար ստեղծված գործակալությունը վերածվել է ոչ կառավարական հատվածի դեմ ուղղված բռնաճնշող մեխանիզմի: Այժմ այն լուծարվում է իր հիմնական հակակոռուպցիոն գործառույթների հետ մեկտեղ։ Դրանք են պաշտոնյաների հայտարարագրերի մշտադիտարկումը, քաղաքական ֆինանսների մշտադիտարկումը, ազգային հակակոռուպցիոն ռազմավարության մշակումը, միջազգային հակակոռուպցիոն հարթակներին մասնակցությունը, իրազեկողների պաշտպանությունն ու շահերի բախման հանդեպ վերահսկողությունը:
- Կոռուպցիայի հետ կապված միջազգային պարտավորություններն ու առաջարկություններն անտեսվում են— Վրաստանը ցուցադրաբար դեմ է հանդես գալիս Եվրոպական հանձնաժողովի և GRECO-ի կողմից մշակված հակակոռուպցիոն պահանջներին: Երկիրը նաև դուրս է եկել միջազգային հակակոռուպցիոն կարևոր գործընթացներից, ինչպիսիք են OECD հակակոռուպցիոն ցանցի գնահատումը և Բաց կառավարման գործընկերությունը (OGP)։
- Արդեն հինգ տարի է, ինչ երկիրը չունի ազգային հակակոռուպցիոն ռազմավարություն— Սա նշանակում է, որ հինգ տարուց ավելի պետական մարմիններից ոչ մեկը չի մտածել, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր են առկա երկրում, թե որտեղ են այդ ռիսկերն աճում և ինչ է պետք անել դրանք մեղմելու համար:
- Պետական մարմինների և քաղհասարակության համագործակցությունն արգելված է օրենքով— Քաղաքացիական հասարակությունը, որը հատկապես էլիտայի շրջանում կոռուպցիայի դեմ հաջող պայքարի անբաժանելի մասն է, ենթարկվում է հետապնդումների և ոչնչացման եզրին է: Քաղաքացիական հասարակության մասնակցությունը որոշումների կայացմանը օրենքով վերացվել է, ինչն ուղղակիորեն հակասում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
TI. ՎրաստաՆում կոռուպցիայի մասին զեկույց 2025