Nexta Telegram-ալիքը փաստացի գլխավորել է Բելառուսի ցույցերը։ Ովքե՞ր են նրա թիմում, ու ինչպե՞ս է այն աշխատում
Այս պատմությունը Nexta Live բացառիկ Telegram-ալիքի մասին է, որը կարողացել է տեղեկությունների գլխավոր աղբյուր դառնալ Բելառուսի բնակիչների և դրա սահմաններից դուրս բնակվողների համար 2020 թ–ի օգոստոսի 9–ի նախագահական ընտրությունների կեղծման դեմ մասշտաբային ցույցերի առաջին իսկ օրվանից։
Օգոստոսի 14–ին ալիքի հիմնադիր 22-ամյա Ստեփան Սվետլով «Պուտիլոյի» դեմ քրեական գործ է հարուցվել։
Նրան մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում «ցույցերի կազմակերպման և կառավարության պաշտոնանկության կոչերի» համար։
• Բելառուս․ ցուցարարների կտտանքներ և ծեծ, համընդհանուր գործադուլ է սկսվել
• Սվետլանա Տիխանովսկայա․ Բելառուսի նախագահի ամենաանսովոր թեկնածուն
Ալիքն օրական հարյուրավոր լուրեր է հրապարակում, հաճախ դրանք կարճ տեսանյութեր են երկրի տարբեր հատվածներից՝ տեղում կատարվող իրադարձությունների հակիրճ նկարագրությամբ։
Այդ տեսանյութերի հեղինակները տեղի բնակիչներն են, և ավելի ու ավելի շատ հեղինակներ են ներգրավվում ալիքի աշխատանքին։
Nexta–ի լսարանը կազմում էր մոտ 300 հազար մարդ 2020 թ–ի օգոստոսի սկզբին և այս հրապարակման պահին գերազանցում է երկու միլիոն բաժանորդը։ 10-միլիոնանոց Բելառուսի համար սա անհավանական մեծ լսարան է։
Telegram-ալիքը սկսել է նաև տարերայնորեն համակարգել ակցիաները՝ հաղորդելով, թե որտեղ են կենտրոնանում հատուկջոկատայինները և ուր պետք է գնան ցույցերի մասնակիցները։
Բելառուսի և այլ երկրների լրագրողներն ու խմբագիրները հիշեցնում են, որ Nexta–ն ընդհանրապես չի ստուգում իր հրապարակած տեղեկությունները, և կարող է մասշտաբային ապատեղեկատվության աղբյուր դառնալ։
Քանի՞ մարդ կա Nexta Live–ի թիմում: Որտեղի՞ց են նրանք տեղեկություն ստանում։ Ովքե՞ր են նրանց ֆինանսավորում։ Հարցերի պատասխաններ։
«Պարզապես երկու 22-ամյա տղա»․ ովքե՞ր են կանգնած Nexta–ի հետևում
Nexta–ն արտասանվում է «նեխտա» և բելառուսերեն նշանակում է «ինչ–որ մեկը»։
Սկզբից այն YouTube-ալիք էր, 2015 թ–ին այն ստեղծել է 17-ամյա դպրոցական Ստեփան Սվետլովը, որն առավել հայտնի է Պուտիլո անվամբ։
«Ցանկություն առաջացավ հավաքել այն ողջ թրեշը, որը տեղի է ունենում Լուկաշենկոյի Բելառուսում», — ասում է նա։
Նա ինքն էր ուժերի ներածի սահմաններում մոնտաժում շաբաթական նորությունները։ Ալիքը սկսել է պահանջարկ ձևավորել, հոլովակները սկսել են սկզբից տասնյակ հազարավոր, այնուհետև՝ միլիոնավոր դիտումներ հավաքել։
Ստեփան Պուտիլոյով սկսել են հետաքրքրվել հատուկ ծառայությունները, և նա Լեհաստան՝ Կատովիցա է մեկնել սովորելու։
Մի անգամ նա որոշել է գալ ընտանիքին այցի։ Դա 2018 թ–ի փետրվարին էր, և նրա բնակարանը միանգամից խուզարկել են։ Այլևս նա Բելառուս չի մեկնել և հազիվ թե մեկնի։
Ինչպե՞ս է աշխատում ալիքը
Բաժանորդների թվով Nexta–ն ներառվել է գլոբալ թոփ–10–ում։ Անգամ եթե նրա հետևորդների միայն մոտ 70 տոկոսն է Բելառուսից, ինչպես ենթադրում է Պուտիլոն, ստացվում է, որ ալիքը կարդում է երկրի քաղաքացիների 15 տոկոսը։
Ալիքի միջոցով բառացիորեն ուղիղ եթերում կարելի է հետևել կատարվող իրադարձություններին․ թե ինչպես են հետապնդում փախչող ցուցարարներին, ինչպես են ցուցարարներին դարանակալում ուժայինները, ինչպես են սուլում պատշգամբներից և միլիցիայի վրա տարբեր իրեր նետում։
«Ամեն օր ինձ տասնյակ մարդիկ են գրում տարբեր ոլորտներից և մասնագիտություններով՝ սահմանապահներից մինչև խանութների վաճառողներ», — պատմում է Ստեփան Պուտիլոն բելառուսական Tut.by պարբերականին տված հարցազրույցում։
Իրեն և իր պոտենցիալ տեղեկատուներին գործողությունների ազատություն է տալիս այն, որ Պուտիլոն Բելառուսի սահմաններից դուրս է ապրում։
Ինչպես նա պատմում է, ընդհանուր առմամբ, դա արդեն ոչ մեծ կորպորացիա է՝ Nexta Live ալիքը, YouTube-ալիքն ու Telegram–ի մի քանի ալիքները։ Այդ բոլոր ալիքներով չորս մարդ է զբաղվում։
Nexta–ի բոլոր նախագծերի 25-ամյա գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը Պուտիլոյի պես Լեհաստանում է ապրում։ Նա Nexta–ին է միացել 2020 թ–ի սկզբին, երբ Պուտիլոն որոշել է «խմբագրություն ունեցող լիարժեք մեդիա» սարքել։
«Սովորական օրերին՝ ընտրություններից առաջ, օրական մոտ հազար հաղորդագրություն ունեինք, այժմ՝ րոպեում 180-250։ Ցույցերի ամենաթեժ պահին ժամում 10 հազար հաղորդագրություն է ստացվում», — պատմում է Պրոտասևիչը։
Բելառուսի նախագահի ընտրությունների և ցույցերի առաջին օրերին երկրում գրեթե չէր աշխատում ինտերնետը։ Տեղի բնակիչներին միայն երկու տարբերակ էր մնացել՝ պետական հեռուստատեսսությունն ու Telegram–ը, որը երկրի իշխանությունները չէին կարողացել արգելափակել։
Մեսենջերը շարունակում էր աշխատել՝ շնորհիվ «հակացենզուրային մեխանիզմների», որոնց միացման մասին հաղորդել էր դրա հիմնադիր Պավել Դուրովը։
Ցույցերի ղեկավարո՞ւմ։ «Եթե ոչ մենք, ապա ոչ ոք»
Ցույցերի մասին տեղեկությունների աղբյուրից Nexta Live–ն արագ վերածվել է համակարգողի։
Իրական ժամանակի ռեժիմում այն հաղորդում էր, թե որ մուտքերում կարելի է թաքնվել հատուկջոկատայիններից, որ կողմից են գալիս ուժայինները։
Տասնյակ չատեր է ստեղծել շրջանների և քաղաքների մակարդակում համակարգման համար։
Այստեղ գործադուլի կոչերով պատրաստի թռուցիկներ էին հրապարակվում, որոնք պետք էր պարզապես տպել։ Հրահանգներ էին տրվում, թե ինչպես պաշտպանվել կրակոցներից և դիմակայել հատուկջոկատայիններին։
«Եթե ոչ մենք, ապա ոչ ոք դա չի անելու», — այսպես է բացատրել այս փոխակերպումը Պուտիլոյի գործընկեր Ռոման Պրոտասևիչը։
Ո՞վ է ֆինանսապես աջակցում Nexta–ի անվճար Telegram-ալիքին
Ֆինանսավորման հետ կապված հարցերը դեռևս պարզ չեն։
Պրոտասևիչը The Bell պարբերականին ասել է, որ Nexta–ն «երբեք չի ստացել գրանտներ, առաջարկներ երրորդ կազմակերպություններից կամ երկրներից»։
Պուտիլոն ասում է, որ բոլոր ծախսերը հոգում է գովազդը, որը, սակայն, Nexta Live–ում շատ քիչ է։ Բացի այդ, ասել է նա, ինքը «համալսարանից կրթաթոշակ է ստանում»։
Ապատեղեկատվության վտանգ
Որոշ արհեստավարժ լրագրողներ մտավախություն ունեն, որ Nexta–ի պես ռեսուրսները կարող են օգտագործվել չստուգված տեղեկություններ տարածելու համար։
Օրինակ՝ ընդդիմադիր Tut.by կայքի աշխատակից Աննա Կալտիգինան կարծում է, որ ցանկացած տեղեկություն պետք է ստուգվի, ինչը Nexta–ն չի անում։
Նա ասում է նաև, որ «մեդիան չի կարող հեղափոխության կազմակերպմամբ զբաղվել, դա բոլորովին այլ աշխատանք է»։
Nexta–ի գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը խոստովանում է, որ իր ռեսուրսի աշխատանքում սխալներ լինում են։
Ինքն արհեստավարժ լրագրող է, սակայն կարծում է, որ կրիտիկական պայմաններում, որում հայտնվել է Բելառուսի հասարակությունն, ազատ տեղեկությունների տարածումն ամենից կարևորն է։