«Չվճարեք, կկալանավորեմ». «Meydan TV»-ի գործով քննիչը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ
Meydan TV-ի գործով քննիչը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ
Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել 23-ամյա Ֆարիդ Շուքյուրլուի դեմ, ով Meydan TV-ի ձերբակալված աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով քննիչներից մեկն է։
Լեյլա Իբրահիմովան, ով աշխատել է զբոսաշրջության ոլորտում և ներկայումս ձերբակալված է, պնդում է՝ Ֆարիդ Շուքյուրլուն իրեն կեղծ մեղադրանք է առաջադրել կաշառք չտալու պատճառով, ինչպես նաև ոստիկանության բաժանմունքում իրեն ենթարկել է ֆիզիկական և հոգեբանական բռնության։
2024 թվականի դեկտեմբերի 6-ին Բաքվում ձերբակալվել էին Meydan TV հայտնի առցանց պարբերականի աշխատակիցներ Ռամին Դեկոն (Ջաբրայիլզադե), Այնուր Գանբարովան (Էլգունեշ), Այսել Ումուդովան, Այթաջ Ահմեդովան (Թափդիգ), Խայալա Աղաևան և Նաթիկ Ջավադլին։ 2025 թվականի մայիսի 7-ին նույն գործով ձերբակալվեց հայտնի լրագրող Ուլվիա Ալին։
Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով (մաքսանենգություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։ Լրագրողները կտրականապես հերքում են և պնդում, որ իրենց հետապնդում են իշխանություններին ուղղված քննադատական հրապարակումների համար։ Նրանց դեմ հարուցված քրեական գործը հայտնի է որպես «Meydan TV-ի գործ»։
Ո՞վ է Լեյլա Իբրահիմովան
Meydan TV-ն գրում է, որ Լեյլա Իբրահիմովան Ադրբեջանում աշխատում է զբոսաշրջության ոլորտում։ Նա այժմ գտնվում է նախնական կալանքի վայրում, մեղադրվում է մի քանի անգամ խարդախություն կատարելու մեջ, ինչը հանգեցրել է զգալի վնասների։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ նա զբոսաշրջային ծառայություններ մատուցելու պատրվակով Օրհան անունով մի տղամարդուց ստացել և յուրացրել է մոտ 10,000 մանաթ (մոտավորապես 6,000 դոլար): Սակայն Լեյլա Իբրահիմովան պնդում է, որ ինքը չի ճանաչում այդ անձին և որևէ խարդախություն չի կատարել, իսկ մեղադրանքները կեղծ են։
Նա նաև պնդում է, որ ոստիկանական բաժանմունքում քննության ժամանակ իրեն ստիպել են կաշառք տալ։ Իբրահիմովան հայտարարել է, որ քննիչ Ֆարիդ Շուքյուրլուն, իբր, դիտավորյալ է կեղծել քրեական գործը և իր նկատմամբ բռնություն ու սպառնալիքներ է կիրառել։
Իբրաhիմովայի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2024 թվականին՝ մեկ այլ քրեական գործի շրջանակում (նույնպես խարդախության հոդվածով): 2025 թվականի ապրիլին՝ դատարանի կողմից նրան ազատ արձակելու որոշում կայացնելուց ընդամենը չորս օր անց, նա կրկին ձերբակալվել էր նոր մեղադրանքներով։
Նա սա գնահատում է որպես Բաքվի ոստիկանության կողմից ճնշման քաղաքականություն։ Իբրահիմովան պնդում է՝ իր դեմ առաջադրված խարդախության մեղադրանքներն անհիմն են և կառուցված են կեղծ ցուցմունքների վրա։
Իբրահիմովա. «Երբ ասացի, որ գումար չեմ բերել, նա պատասխանեց. «Անպայման կկալանավորեմ քեզ»
Իբրահիմովան պատմել է, որ երբ ապրիլի 24-ին ինքնակամ ներկայացել է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչություն, քննիչ Ֆարիդ Շուքյուրլուն բացահայտ կաշառք է պահանջել իրենից։
«Առաջին հարցը, որ նա տվեց ինձ, հետևյալն էր. «Որքա՞ն գումար ես բերել»։ Երբ ես ասացի, որ ոչինչ չեմ բերել, նա հայտարարեց. «Լավ, այդ դեպքում ես քեզ 100 տոկոսով կկալանավորեմ»։ Եվ նա ինձ ներկայացրեց խուզարկության կեղծ օրդեր և հորինված մեղադրանքներ։
Ապա ինձ տարան մեկ այլ սենյակ, ենթադրաբար՝ զննման։ Այնտեղ ոստիկանը հարվածեց ձախ ականջիս։ Երբ վերադարձա սենյակ, իմ փաստաբանը այնտեղ էր։ Ես բոլորին ասացի, որ նույնիսկ եթե ինձ սպանեն, չեմ համաձայնի մեղադրանքների հետ»։
«Քննիչը հեգնանքով ասաց, որ չեմ կարող բողոքել ոչ մեկին՝ նկատի ունենալով Meydan TV-ի ձերբակալված լրագրողներին»
Իբրահիմովան պնդում է, որ Ֆարիդ Շուքյուրլուն սպառնացել է իրեն քննչական բաժնի «մութ սենյակով» (ըստ մի քանի աղբյուրների՝ այդ սենյակն օգտագործվում է խոշտանգումների համար — JAMnews): Երբ նա հայտարարել է, որ բոլորին կպատմի սպառնալիքների մասին, քննիչը հեգնանքով ասել է. «Ու՞մ կասեք։ Նրանք այստեղ նստած են»։
«Նա նկատի ուներ Meydan TV-ի լրագրողներին, այդ պարբերականի աշխատակցի հետ նույն խցում եմ»,- ասել է Լեյլա Իբրահիմովան։
Նա պահանջում է, որ Ֆարիդ Շուքյուրլուն պատժվի իր նկատմամբ կիրառած բռնության և անօրինական ճնշման համար, պատրաստվում է առաջիկա օրերին բողոք ներկայացնել։
* Այս գործի վերաբերյալ Meydan TV-ի կողմից Ներքին գործերի նախարարությանն ուղղված հարցումն անպատասխան է մնացել։ Պարբերականին չի հաջողվել մեկնաբանություն ստանալ նաև Լեյլա Իբրահիմովայի փաստաբանից։