«Ազա՛տ արձակեք մամուլը»․ Meydan TV-ի գործով դատական նիստը Բաքվում
Meydan TV-ի գործով դատավարությունը
Դեկտեմբերի 22-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել Meydan TV-ի գործով հերթական դատական նիստը։ Գործով անցնող լրագրողները դատարանի դահլիճում իրենց բողոքն արտահայտել են երգով։
Սա առաջին նիստն էր այն բանից հետո, երբ դեկտեմբերի 12-ին՝ նախապատրաստական նիստում գործը, ըստ էության, դարձավ քննության առարկա, իսկ դատավարության ընթացքում կրկնակի ստուգվեցին մեղադրյալների անձնական տվյալները։ Նրանց նաև հարցրեցին, թե արդյոք ունեն առարկություններ իրենց պաշտպանների վերաբերյալ։
Մեղադրյալներից յուրաքանչյուրը հայտարարել է, որ ինքն է ընտրել իր պաշտպանին և առարկություններ չունի պաշտպանության վերաբերյալ։
Դատավարությանը ներկա էին նաև պետական մեղադրողի և և տուժող կողմի ներկայացուցիչները, Բաքվի տեղական եկամուտների գլխավոր վարչության աշխատակից Ֆաթիմա Ռզա գիզի Ահմեդովան։
2024 թվականի դեկտեմբերի 6-ին են կալանավորվել Meydan TV-ի աշխատակիցներ Ռամին Դեկոն (Ջաբրայիլզադե), Այնուր Գանբարովան (Էլգունեշ), Այսել Ումուդովան, Այթաջ Ահմեդովան (Թափդիգ), Խայալա Ագաևան և Նաթիգ Ջավադլին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով (մաքսանենգություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), քրեական գործը հայտնի է որպես «Meydan TV-ի գործ»։ Այս գործով ավելի ուշ ձերբակալվել են նաև լրագրողներ Շամշադ Աղան, Նուրլան Լիբրեն, Ֆաթիմա Մովլամլին, Ուլվիյա Ալին և Ահմեդ Մուխտարը։
Այս տարվա օգոստոսին լրագրողների դեմ մեղադրանքները խստացվել են, գործին ավելացել են նոր մեղադրանքներ։
Meydan TV-ն պնդում է, որ ձերբակալությունները կապված են լրատվամիջոցի քննադատական գործունեության հետ։
- ԵՄ-ն ու Ադրբեջանը․ մարդու իրավունքները՝ էներգետիկ քաղաքականության ստվերում
- Փաշինյանն առաջարկում է փակել արցախցիների վերադարձի և «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները
- «Լսումները վերածվել են բացահայտ ֆարսի»․ Ռուբեն Վարդանյանը՝ պաշտպանից հրաժարվելու մասին

Ներքևի շարքում՝ Ուլվիա Ալի, Խայալա Աղաևա, Ֆաթիմա Մովլամլի, Այնուր Էլգյունեշ, Այթաջ Թափդիգ, Այսել Ումուդովա
Վերին շարքում՝ Ռամին Դեկո, Ահմեդ Մուխթար, Ուլվի Թահիրլի, Նուրլան Լիբրե, Շամշադ Աղա, Նաթիգ Ջավադլի
Դատարանում տեղի ունեցածի մասին՝ հակիրճ
Նախորդ դատական նիստում բավարարվել էր մեղադրյալներին ապակե վանդակից հեռացնելու և նրանց փաստաբանների կողքին նստեցնելու միջնորդությունը, սակայն դատավորը նշել էր, որ դատարանի դահլիճում անհրաժեշտ պայմաններ չկան: Այս դատավարության ժամանակ մեղադրյալներին տրվել է հնարավորություն ընտրելու՝ նստել իրենց փաստաբանների կողքի՞ն, թե՞ մնալ ապակե վանդակում։
Նրանց անձնական տվյալները ստուգելուց հետո փաստաբան Զիբեյդա Սադիգովան խոսել է՝ խնդրելով ապահովել լրատվամիջոցների մասնակցությունը դատական նիստերին և թույլատրել աուդիովիզուալ նկարահանումները: Նա ընդգծել է, որ բոլոր մեղադրյալները լրագրողներ են, գործը հանրային նշանակություն ունի։
Պետական մեղադրողը կրկին առարկել է՝ ասելով, որ ոչ մի լրագրող դատարան չի դիմել նկարահանման թույլտվության համար։
Ի պատասխան՝ Զիբեյդա Սադիգովան խնդրել է, որ լրագրողներին և դատարանում ներկա գտնվող մյուս անձանց թույլատրվի նկարահանել: Նրա փաստաբան Նազիմ Մուսաևը նկատել է, որ չկան կանոններ, որոնք լրագրողներին պարտավորեցնում են նախապես դիմել դատարան կամ անցնել որևէ գրանցում՝ դատական նիստերի ընթացքում նկարահանում իրականացնելու համար։
Ռովշան Ռահիմլիի փաստաբանը նույնպես աջակցել է միջնորդությանը՝ նշելով.
«Մի՞թե մենք անընդհատ չենք շեշտում, որ ապրում ենք ժողովրդավարական երկրում, և որ մամուլն ազատ է։ Այդ դեպքում թող ստեղծվեն պայմաններ, որպեսզի լրագրողները կարողանան նկարահանել դատավարության ողջ ընթացքը»։
Լրագրող Նուրլան Լիբրեն, իր հերթին, պահանջել է, որ եթե այս միջնորդությունը մերժվի, դատարանում ներկա գտնվողներին տրամադրվի առնվազն երեք րոպե՝ ամբաստանյալներին լուսանկարելու և տեսանկարահանելու համար։
Ի վերջո, դատարանը մերժել է երկու միջնորդություններն էլ։ Դատավորը հայտարարել է, որ մամուլի ներկայացուցիչները կարող են ազատ կերպով ներկա գտնվել դատարանի դահլիճում և գրավոր նշումներ կատարել, բայց նկարահանելն արգելվում է։
Մեյդանի պահանջը. «Վերադարձրե՛ք առգրավվածը»
Այնուր Էլգունեշը կրկնել է նախապատրաստական նիստում իր ներկայացրած միջնորդությունը, որը դատարանն այդպես էլ չէր դիտարկել։
Նա պահանջել է վերադարձնել հաշմանդամության նպաստ ստանալու համար պետության կողմից իրեն տրամադրված քարտը, ինչպես նաև իր՝ ներքին տեղահանված անձի նպաստի քարտը։ Արդեն 13 ամիս է, ինչ նրան արգելել են օգտագործել այդ քարտերը։
«Այն փաստը, որ քննիչներն առգրավել են այլ բանկային քարտեր ստուգման համար, կարելի է հասկանալ, բայց ինչի՞ հիման վրա է հետաքննություն անցկացվում պետական նպաստի քարտի վերաբերյալ: Ի՞նչ մաքսանենգություն կարելի է այնտեղ փնտրել»,— հայտարարել է նա:
Դատարանը որոշել է հարցում ուղարկել համապատասխան գործադիր մարմնին՝ հարցն ուսումնասիրելու համար:
Ռովշան Ռահիմլիի փաստաբանը նշել է, որ պաշտպաններից ոչ մեկը չի ծանոթացել քրեական գործի նյութերում առկա ապացույցների գնահատման փաստաթղթին։
Ընդգծել է, որ այս փաստաթղթին հասանելիությունն առանցքային նշանակություն ունի պաշտպանություն կառուցման համար:
«Փաստաբաններին այս փաստաթղթին ծանոթանալու հնարավորություն կտրվի»,— հայտարարել է դատավորը:
Այնուհետև խոսքը տրվել է լրագրող Շամշադ Աղային:
Նա շնորհակալություն է հայտնել ներկաներին և փաստաբաններին, ովքեր շարունակում են պաշտպանել իրենց իրավունքները մարդու իրավունքների ոլորտում ավելի ու ավելի դժվարացող իրավիճակի պայմաններում։ Նա ընդգծել է, որ քննությունը կատարվել է դատավարական օրենսդրության խախտմամբ և մի շարք պահանջներ է ներկայացրել։
«Քրեական դատավարության օրենսգրքի 52.3 հոդվածի համաձայն՝ բոլոր քննչական գործողությունների արձանագրությունները պետք է գրանցվեն անմիջապես կամ ոչ ուշ, քան քննչական գործողությանը հաջորդող աշխատանքային օրը՝ համապատասխան գործադիր մարմինների կողմից դատախազության հետ համատեղ սահմանված կարգով։
Բոլոր դատավարական որոշումները, որոնք հաշվետվողական փաստաթղթեր են, կազմվում են սահմանված հատուկ ձևաթղթով և համարակալմամբ»։
Լրագրողի խոսքով՝ նման ձևաթղթեր գործի նյութերում չկան, քննչական գործողությունները դրանցում չեն արձանագրվել։
«Հետևաբար, քրեական գործի նյութերը կազմվել են օրենքի խախտմամբ և, հետևաբար, անվավեր են։ Դատավարություն չի կարող անցկացվել անվավեր փաստաթղթերի հիման վրա։
Կամ ձևաթղթերը ներկայացրեք դատարան, կամ անմիջապես ազատ արձակեք մեզ, կամ քրեական գործը վերադարձրեք նախաքննության փուլ»։
Դատական կոլեգիան մերժել է միջնորդությունը։ Ի պատասխան լրագրողը հայտարարել է.
«Դուք ինքներդ բացահայտ խախտում եք օրենքը և մի խումբ անձանցով անցկացնում եք դատավարություն A4 թղթերի հիման վրա, որոնք իրավական ուժ չունեն»։
Նիստին ներկա գտնվողներն այս խոսքերը ծափահարություններով են ընդունել։
Լրագրող Ուլվիա Ալին միջնորդություն է ներկայացրել՝ նշելով, որ խուզարկության ընթացքում իրենից առգրավել են երկու բջջային հեռախոս և մեկ նոութբուք։
Նրա փոխանցմամբ՝ դրանք պարունակում են լուսանկարներ և տեսանյութեր, որոնք վերաբերում են իրեն, իր ընտանիքին և երկու կատուներին։ Նա պահանջել է, որ նույնիսկ եթե սարքերը չվերադարձվեն, լուսանկարներն ու տեսաարխիվները պատճենվեն արտաքին կրիչի վրա և տրվեն իր ընտանիքին՝ նշելով, որ իրենք կարող են տրամադրել անհրաժեշտ կրիչը։
Լրագրող Ֆաթիմա Մովլամլին ևս նմանատիպ միջնորդություն է ներկայացրել։
Նա պնդել է, որ իր տան խուզարկության ժամանակ առգրավվել են չորս հեռախոս և համակարգչի չաշխատող մաս։
«Տնից առգրավված հեռախոսներից միայն մեկն էր պատկանում ինձ։ Մորս ննջարանից վերցրել են նրա հեռախոսը և մինչ օրս չեն վերադարձրել։ Սա սեփականության իրավունքի կոպիտ խախտում է»,- հայտարարել է նա։
Դատավորը նշել է, որ իրեղեն ապացույցների ուսումնասիրությունից հետո դատարանը կքննարկի հարցը և կկայացնի վերջնական որոշում։
Կին լրագրողների երգը
Միջնորդությունները քննարկելուց հետո դատավորը հայտարարել է դատաքննության մեկնարկի մասին և ամբիոնի մոտ է հրավիրել պետական մեղադրողին՝ ընթերցելու մեղադրական վճռի եզրափակիչ մասը։
Մեղադրական եզրակացության ընթերցման ժամանակ պետական մեղադրողը հիշատակել է «մաքսանենգություն» բառը։ Այդ պահին Այթաջ Թափդիգը վեր է կացել տեղից և հարցրել. «Ի՞նչ ասաց նա։ Մաքսանենգություն», ինչից հետո այդ գործով անցնող վեց կին լրագրողներ միասին սկսել են երգել։
Նրանք կատարել են «Արշին Մալ Ալան» ֆիլմում հնչող երգի խմբագրված տարբերակը՝ այն սկսելով «Մաքսանենգ, ցույց տուր ինձ ապրանքը» բառերով.
Մաքսանենգ, ցույց տուր ինձ ապրանքը,
Բացիր և ցույց տուր ինձ քո հարստությունը։
Ցույց տուր ինձ, ցույց տուր այն ամենն, ինչ ունես,
Ժողովուրդն ուզում է իմանալ։
Օ՜, ինչ հրաշալի երկիր է,
Ամեն ինչ կենտրոնացած է մեկ ձեռքում,
Ամենուր բանտեր, բանտեր, բանտեր։ Եթե կարողանայի կորզել մի փոքր ազատություն,
Կպարեի այնքան, մինչև ընկնեի։
Կին լրագրողների երգ- ելույթի ավարտից հետո դատարանի դահլիճում ներկա գտնվողները նրանց ողջունել են բարձր ծափահարություններով, ինչը դատավորների դժգոհությունն է առաջացրել։ Դատավորները զգուշացրել են, որ եթե նրանք կրկին ծափահարեն, կհեռացվեն դահլիճից։
Այդ պահին Այնուր Էլգունեշն արձագանքել է. «Մեզ չեն թողնում գրել, երգում ենք»։
Միջադեպ դատական նիստի ավարտին
Պետական մեղադրողի կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի ընթերցումը տևել է մեկ ժամից ավելի: Ռովշան Ռահիմլիի փաստաբանը նշել է, որ նիստն ընթանում է երկուսուկես ժամ, մեղադրյալները բերվել են հեռվից և քաղցած են, խնդրել է դատավարությունն ավարտել նույն օրը:
Նա նկատել է, որ պետական մեղադրողը դեռ ութ էջ ունի կարդալու, ինչի համար զգալի ժամանակ կպահանջվի:
Դատարանը մերժել է փաստաբանի խնդրանքը և շարունակել դատավարությունը: Այդ պահին Նուրլան Լիբրեն իր ապակե վանդակից դիմել է դատարանի դահլիճում ներկա գտնվողներին.
«Ես պահանջում եմ, որ կառավարությունը կատարի լրագրողներին ազատ արձակելու պահանջով Եվրախորհրդարանի բանաձևը»:
Նա շարունակել է իր ելույթը՝ վանկարկելով «Կատարե՛ք բանաձևը, ազատ արձակե՛ք մամուլը» կարգախոսը:
Դրանից հետո Քրեակատարողական ծառայության աշխատակիցները մտել են ապակե վանդակ և բռնի ուժով հեռացրել լրագրողին: Նրան դատարանի դահլիճից դուրս բերելիս պահակներից մեկը սեղմել է պարանոցը՝ ստիպելով գլուխը մի կողմ թեքել, իսկ մեկ ուրիշը ոլորել է ձեռքը:
Նուրլան Լիբրեի նկատմամբ ուժի կիրառումը ներկաների շրջանում բողոք է առաջ բերել: Միջադեպից հետո դատավորը հայտարարել է, որ դատական նիստն ավարտված է և հաջորդ նիստը նշանակել հունվարի 16-ին:
Դատարանում հարգել են Էլբեյ Քերիմլիի հիշատակը
Դատական նիստի ավարտից հետո Այթաջ Թափդիգը ոտքի է կանգնել և ներկաներին կոչ արել մեկ րոպե լռությամբ հարգել Էլբեյ Քերիմլիի հիշատակը, որը ձերբակալվել էր 2023 թվականի օգոստոսին՝ Հեյդար Ալիևի հուշարձանի վրա «Ստալին» բառը գրելուց հետո և մի քանի օր առաջ՝ Հեյդար Ալիևի մահվան տարելիցի օրը՝ դեկտեմբերի 12-ին, մահացել բանտում՝ անհասկանալի հանգամանքներում։
Մեղադրյալներն ու դատարանում ներկա գտնվողները ոտքի են կանգնել՝ հարգելու Քերիմլիի հիշատակը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Meydan TV-ի գործով դատավարությունը