Meydan TV-ի գործն Ադրբեջանում. «Ալիևը չկարողացավ մեզ լռեցնել, դուք կկարողանա՞ք»
Meydan TV-ի գործով հինգերորդ դատական նիստը
Օրեր առաջ՝ փետրվարի 13-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի ունեցավ Meydan TV-ի գործով հինգերորդ դատական նիստը՝ դատավոր Այթեն Ալիևայի նախագահությամբ։ Դատավարությունը կրկին մեկնարկեց պետական մեղադրողի կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի ընթերցմամբ։
Նիստից առաջ հասարակական ակտիվիստ Ամրա Թահմազովին հեռացրին դահլիճից «Ազատություն Meydan TV»-ին» վանկարկելու համար։
Երբ պետական մեղադրող Էրգին Գաֆարովը բարձրացավ ամբիոն՝ մեղադրական եզրակացությունը կարդալու, Նուրլան Լիբրեն ելույթ ունեցավ և հայտարարեց, որ ինքը 28 օր հացադուլի մեջ է, իր նկատմամբ կրկին ուժ է կիրառվել, իսկ քննչական մեկուսարանից դատարան տեղափոխելիս իրեն ձեռնաշղթաներ են հագցրել։
Ավելի ուշ լրագրողին տարել են բուժզննման։ Դատարան վերադառնալուց հետո նա հայտնել է, որ չափել են իր արյան ճնշումը և սրտի համար հանգստացնող դեղամիջոց տվել։
«Երբ ինձ այստեղ բերեցին, նրանք առգրավեցին իմ թղթերը, որոնց վրա ելույթս էի գրել։ Վերջին անգամ ինձ զննել և արյան անալիզ են վերցել ութ օր առաջ՝ քննչական մեկուսարանում։ Ես դեռ չեմ ստացել կատարված երկու անալիզների արդյունքները»,- հավելեց նա։
Ի պատասխան՝ դատավորը Նուրլան Լիբրեին տեղեկացրեց, որ դատարանը նամակ կուղարկի՝ օրենքով սահմանված կարգով դրանք քննչական մեկուսարանից դատարան տեղափոխելու անհրաժեշտության վերաբերյալ։
2024 թվականի դեկտեմբերի 6-ին ձերբակալվել են Meydan TV-ի աշխատակիցներ Ռամին Դեկոն (Ջաբրայիլզադե), Այնուր Գանբարովան (Էլգունեշ), Այսել Ումուդովան, Այթաջ Ախմեդովան (Թափդիգ), Խայալա Աղաևան և Նաթիգ Ջավադլին։
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով (մաքսանենգություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։ Նրանց դեմ հարուցված քրեական գործը հայտնի է դարձել որպես «Meydan TV-ի գործ»։ Լրագրողներ Շամշադ Աղան, Նուրլան Լիբրեն, Ֆաթիմա Մովլամլին, Ուլվիյա Ալին և Ահմեդ Մուխտարը հետագայում ձերբակալվել են այս նույն գործի շրջանակներում։
2025 թվականի օգոստոսին լրագրողների դեմ մեղադրանքները խստացվել են, և գործին ավելացվել են նոր մեղադրանքներ։
Meydan TV-ն պնդում է, որ այս ձերբակալությունները կապված են լրատվամիջոցի քննադատական գործունեության հետ։
«Թող Սուլխանա Հաջիևան լինի մեր փաստաբանը»
Պետական մեղադրողի ելույթի ժամանակ խոսեց նաև Ռամին Դեկոն և նշեց, որ իր փաստաբանը չի այցելել իրեն քննչական մեկուսարանում: Նա խնդրեց իրեն հանրային պաշտպան տրամադրել։
Լրագրողը նշեց, որ կցանկանար, որ իր փաստաբանը լիներ Սուլխանա Հաջիևան, որը յոթ ամիս առաջ հեռացվել է Խաթայիի շրջանային դատարանի դատավորի պաշտոնից և շարունակում է զբաղվել փաստաբանական գործունեությամբ։
«Նա որոշում կայացրեց ինձ ձերբակալելու մասին. թող հիմա էլ նա լինի իմ փաստաբանը»։
Շամշադ Աղան պաշտպանեց այս դիրքորոշումը: Նուրլան Լիբրեն նշեց, որ Սուլխանա Հաջիևայի վրա ճնշումը և նրան դատարանից հեռացնելը քաղաքական դրդապատճառներ ունեն և ընդգծեց, որ իրենք կցանկանային, որ նա լիներ իրենց փաստաբանը։ (Բաքվի Խաթայիի շրջանային դատարանի նախկին դատավոր Սուլխանա Հաջիևան հայտնի էր որպես այն դատավորներից մեկը, որն ամենամեծ թվով որոշումներ է կայացրել հասարակական և քաղաքական ակտիվիստների դեմ – խմբ.):
Մեղադրական եզրակացության ընթերցման ժամանակ Շամշադ Աղան կրկին ընդհատեց պետական մեղադրողին՝ հայտարարելով, որ իրավունք ունի անմիջապես արտահայտել իր դիրքորոշումը հնչեցված մեղադրանքների վերաբերյալ։ Նա կրկին ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ մեղադրական եզրակացության մեջ բազմիցս շեշտվել է Meydan TV-ի պետական գրանցման բացակայությունը և հավելեց, որ պարբերականը գրանցված է Գերմանիայում։
Լրագրողները հարվածում էին ապակե վանդակին՝ ի նշան բողոքի
Ինչպես նախորդ երեք լսումների ժամանակ, այս անգամ նույնպես լրագրողներն իրենց բողոքն արտահայտեցին մեղադրական եզրակացությունը հնչեցնելը շարունակելու դեմ։ Այնուր Էլգունեշը նշեց, որ չի կարող խոսել, քանի որ ապակե վանդակի ներսում գտնվող միկրոֆոնը չափազանց բարձր է կախված, և խնդրեց իրեն նստեցնել իր փաստաբանի կողքին։
Դատավորը մերժեց այս միջնորդությունը, ինչը Էլգունեշի բողոքն առաջ բերեց։
Ֆաթիմա Մովլամլին նույնպես դեմ արտահայտվեց մեղադրյալների համար սահմանված՝ ապակե վանդակից դուրս գալու և իրենց փաստաբանների կողքին նստելու արգելքին։ Ի պատասխան՝ դատավոր Այթեն Ալիևան հայտարարեց. «Դուք չեք կարող մեզ պայմաններ թելադրել»։
«Մենք պայմաններ չենք թելադրում. մեզ ձերբակալել են թելադրանքի հիման վրա», — պատասխանեց Մովլամլին։
Ֆաթիմա Մովլամլիի ցուցմունքի ժամանակ միկրոֆոնն անջատվեց, ինչը հանգեցրեց մեղադրյալների բողոքին։ Մի քանի րոպե ապակե վանդակի ներսում գտնվող լրագրողները ձեռքերով հարվածեցին ապակե վանդակին։
Պետական մեղադրող Էրգին Գաֆարովը շարունակեց կարդալ մեղադրական եզրակացությունը, սակայն լարվածությունը շուտով կրկին աճեց։ Դրա պատճառը դատարանի աշխատակցի կողմից ապակե վանդակի վերևում կախված միկրոֆոնի հեռացումն էր։
Լրագրողները բողոքեցին միկրոֆոնը հեռացնելու դեմ։ Մի կողմից միկրոֆոնը բռնել էին լրագրողները, մյուս կողմից՝ դատարանի աշխատակիցները, ովքեր փորձում էին այն տեղափոխել։ Այդ պահին դատավոր Այթեն Ալիևան դիմեց լրագրողներին՝ ասելով. «Լռե՛ք»։
«Մեր ձայնը չի կարողացել լռեցնել Իլհամ Ալիևը։ Դուք կարո՞ղ եք»,- արձագանքել է Խայալա Աղաևան։
Այնուր Էլգունեշը, բողոքելով պետական մեղադրողից, հայտարարել է.
«Մենք նրա նման ռեզինե նյարդեր չունենք, և նա պետք է անմիջապես ավարտի մեղադրական եզրակացության ընթերցումը։
Մինչ նա կարդում էր մեղադրական եզրակացությունը, նրա ադրբեջաներեն խոսքն ու առոգանությունը զգալիորեն բարելավվեցին, և դա բավական է»։
Նուրլան Լիբրեն նշել է, որ դատավարությունը դիտավորյալ հետաձգվում է, որպեսզի մարդիկ և դեսպանատան ներկայացուցիչները կորցնեն հետաքրքրությունը և դադարեն մասնակցել նիստերին։
Երբ ժամանակն էր, որ ընթերցվի իր դեմ առաջադրված մեղադրանքը, Այթաջ Թափդիգը բողոքեց և պահանջեց, որ ընթերցվի միայն մեղադրական եզրակացության վճռական մասը՝ առանց մնացած բաժինների։ Քանի որ այլ անձինք, որոնց դեմ մեղադրանքները դեռ չէին հնչեցվել, աջակցեցին այս պահանջին, մեղադրական եզրակացության ընթերցումը շուտ ավարտվեց։
Դրանից հետո դատավորը մեկ առ մեկ հարցրեց լրագրողներին, թե արդյոք ծանոթացել են մեղադրանքի էությանն ու արդյոք իրենց մեղավոր են ճանաչում։
«Իմ անունով բջջային հեռախոսահամարն ակտիվացվել է 1899 թ․-ին»
Դատավորի հարցին ի պատասխան Այնուր Էլգունեշը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի համարում։
«Ես հասանելիություն չունեմ երկրի որևէ պետական ռեսուրսի։ Մաքսանենգներ պետք է փնտրել պետական պաշտոնյաների շրջանում»։
Ռամին Դեկոն ևս հայտարարել է, որ իր ձերբակալությունը համարում է քաղաքական դրդապատճառներ ունեցող արարք և ինքն իրեն մեղավոր չի ճանաչում։
Շամշադ Աղան, իր հերթին, ընդգծել է, որ քրեական գործը շինծու է, անօրինական, կողմնակալ և ոչ պրոֆեսիոնալ կերպով պատրաստված։
«Գործի նյութերում նշված է, որ Ռամին Դեկոն, 2024 թվականի դեկտեմբերի 6-ին Թբիլիսի-Բաքու չվերթով երկիր վերադառնալով, ձերբակալվել է Զիխի մայրուղում՝ ունենալով 38,000 եվրո։
Ինչպե՞ս է հնարավոր այդքան մեծ գումար անցկացնել մաքսակետով և և այն հասցնել Զիխի։ Արդյո՞ք այդ օրը ծառայության մեջ գտնվող սահմանապահ և մաքսային աշխատակիցները պատասխանատվության ենթարկվեցին։ Եթե այո, ապա ինչո՞ւ քրեական գործի 30 հատորներում այդ մասին ոչ մի խոսք չկա»։
Գործի նյութերը ցույց են տալիս նաև, որ իմ անունով գրանցված բջջային հեռախոսահամարը ակտիվացվել է 1899 թվականին: Այդ ժամանակ նույնիսկ պապս դեռ ծնված չէր, և Ադրբեջանի Հանրապետությունը գոյություն չուներ: Նայեք նրանց պատրաստած գործին. իմ ծնվելուց 83 տարի առաջ իմ անունով բջջային հեռախոսահամարն արդեն գրանցված և ակտիվացված էր»:
Լրագրողը նաև նշել է, որ 1899 թվականը ադրբեջանցի գրող Ջաֆար Ջաբբարլիի ծննդյան տարեթիվն է:
Շամշադ Աղայի մյուս առարկությունը վերաբերում է Ուլվիյա Ալիի ցուցմունքի նկարագրական և պատճառաբանական մասին, ցուցմունք, որը նա տվել էր որպես վկա 2025 թվականի հունվարի 16-ին:
«Այդ արձանագրության նկարագրական և պատճառաբանական մասում ես նշված եմ որպես մեղադրյալ: Սակայն ես կալանավորվել եմ որպես կասկածյալ փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը, այսինքն՝ դրանից 20 օր անց:
Մինչ այդ ես երբեք գործընթացում ներգրավված չեմ եղել ո՛չ որպես վկա, ո՛չ որպես կասկածյալ: Ստացվո՞ւմ է՝ իմ կալանքից 20 օր առաջ ես արդեն մեղադրյալ էի։ Ես հարցնում եմ և պահանջում պարզաբանում՝ ի՞նչ օրենքով և ի՞նչ դատավարական հիմքով է սա կարգավորվում»։
Շամշադ Աղան հիշեցրել է նաև Բաքվի վերաքննիչ դատարանի նիստի մասին, որը վարում էր դատավոր Ջավիդ Հուսեյնը։ Նիստում քննվել էր կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ իր բողոքը։
«Իմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման մեջ նշվում է, որ «AbzasMedia-ի ղեկավարությունը պնդում է, որ ոստիկանությունն է գրասենյակում 40,000 եվրո դրել»։
Նախ պարզաբանենք, թե որ գործով եք ինձ դատում՝ AbzasMedia-ի՞, թե՞ Meydan TV-ի։
Այս քրեական գործը AbzasMedia-ի դեմ գործի պատճենն է, արտագրված է այնտեղից, և դրա հորինված լինելու ևս մեկ ապացույց է»։
«Թող Լեզվաբանության ինստիտուտն ուսումնասիրի այս նյութերը»
Լրագրողը հավելել է, որ քրեական գործի նյութերում կա 22 էջանոց նախադասություն։ Նա ընդգծել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այս հարցի վերաբերյալ ունի կոնկրետ որոշումներ, որոնցում նշվում է, որ մեղադրանքների ձևակերպումը պետք է լինի տրամաբանական և պարզ։
«Ես պահանջում եմ կապ հաստատել Լեզվաբանության ինստիտուտի հետ՝ մեղադրական եզրակացության լեզվաբանական վերլուծություն անցկացնելու համար, թող այդ կառույցի ներկայացուցիչները գան դատարան և ներկայացնեն իրենց եզրակացությունները»։
Նուրլան Լիբրեն, պատասխանելով դատավորի հարցին, թե արդյոք իր համար հասկանալի է մեղադրանքների էությունը, նշել է, որ չի հասկանում դրանք և ինքն իրեն մեղավոր չի համարում։
«Իմ դեմ կա մեկ փաստաթուղթ։ Այնտեղ նշվում է, որ ես ստացել եմ 100 եվրո և ևս 150 եվրո։ Նրանք ինձ մեկ տարի այստեղ են պահո՞ւմ 250 եվրոյի համար։
Իլհամ Ալիևը ձերբակալեց ինձ, և նա էլ ինձ ազատ կարձակի։ Ես ձեզանից ոչինչ չեմ սպասում»։
Երբ Այթաջ Թափդիգը պատասխանում էր այն հարցին, թե արդյոք հասկանում է մեղադրանքների էությունը, դատավորը անջատեց միկրոֆոնը և թույլ չտվեց խոսել։ Եվ Թափդիգը սկսեց բարձր խոսել․
«Այո, մեղադրանքների էությունն ինձ համար պարզ է։ Ձեզ համար պարզ չէ։ Էությունը Meydan TV-ն է, էությունը մեր պայքարն է ազատ մամուլի համար։
Այս թղթերի կույտի համար, որը դուք անամոթաբար պահում եք, բոլոր 12 մեղադրյալներին պետք է տրվի արդարացնող դատավճիռ։ Ձեր կողմից նման անբարոյական ձևով անցկացված հետաքննությունը խայտառակություն է։ Դուք ձախողվել եք Meydan TV—ի գործը, պարոնայք։
Եկեք ճիշտ սահմանենք մեր դերերը։ Մի՛ տրվեք այն պատրանքին, թե այս դիրքը զբաղեցնելով՝ կարող եք մեզ դատել։ Մեր գործն է հետաքննելը։ Մենք հարցեր կտանք, և կառավարությունը, որի շահերը դուք ներկայացնում եք, պետք է պատասխանի։ Մենք կբացահայտենք ձեր հանցագործությունները, և դուք մեղավոր կճանաչվեք»։
Իր ելույթի վերջում Այթաջ Թափդիգը հայտարարել է, որ «Դուք ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք» հարցը վիրավորական է համարում և արգելում է որևէ մեկին իրեն այդ հարցը տալ ողջ դատավարության ընթացքում։
Հարցին, թե արդյոք նա հասկանում է մեղադրանքների էությունը, Ուլվիյա Ալին պատասխանել է.
«Մեղադրանքներն ակնհայտորեն զրպարտչական են, և ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Ես պահանջում եմ, որ դատարանը քրեական գործ հարուցի այդ մեղադրանքները ներկայացրածների նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 270-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային թռիչքների կանոնակարգերի խախտման համար: Քանի որ գործի նյութերը ցույց են տալիս, որ նրանք չափազանց բարձր են թռել և հասել են աբսուրդի գագաթնակետին:
Թող ոչ ոք չզարմանա, որ ես նման խնդրանքներ եմ ներկայացնում: Քննչական խումբը այս հոդվածները մեր դեմ կիրառել է հենց նման կերպ:
Ես մեղադրանքներում մատնանշված կազմակերպված խմբի անդամ չեմ. ես ավելի մեծ կազմակերպված խմբի անդամ եմ՝ անկախ լրագրողների:
Կեցցե՛ ազատ մամուլը: Կեցցե՛ անկախ լրագրությունը»:
«Եթե ընդհատեք իմ ելույթը, ես կկանգնեմ սեղանին և կշարունակեմ խոսել»
Պատասխանելով դատավորի նույն հարցին՝ Ֆաթիմա Մովլամլին նշել է, որ ինքը զբաղվում է բացառապես լրագրողական գործունեությամբ և հասարակության մեջ հայտնի է որպես ազնիվ և հուսալի լրագրող։ Նա մեղադրանքներն անվանել է զրպարտչական և հորինված։
Խայալա Աղաևան, իր հերթին, նշել է, որ երբ ավտորիտար ռեժիմները դառնում են ավելի ավտորիտար, նրանք նախևառաջ թիրախավորում են լրագրողներին։
«Ադրբեջանի իշխանությունները հենց դա էլ արեցին՝ իրենց ճանկերը գցելով լրագրողների վրա։ Ոչ մի բռնապետություն չի կարող հաղթել այն հասարակությանը, որտեղ մամուլն ազատ է։ Ահա թե ինչու ենք մենք բանտում։ Նույնիսկ կալանքի տակ մենք կշարունակենք լույս բերել խավարի մեջ»։
Երբ Այսել Ումուդովան պատասխանում էր այն հարցին, թե արդյոք ծանոթ է մեղադրանքներին, դատավորը միջամտեց և թույլ չտվեց նրան խոսել։ Ումուդովան հայտարարեց, որ իրավունք ունի խոսելու և շարունակեց բարձր ձայնով պատասխանել դատավորի հարցին։
«Եթե դուք ընդհատեք իմ ելույթը, ես կկանգնեմ սեղանին և կշարունակեմ խոսել»։
Երբ դատավորը կրկին փորձեց ընդհատել նրան, Ումուդովան փորձեց բարձրանալ սեղանի վրա, սակայն աշխատակիցը նրան թույլ չտվեց դա անել։
Ումուդովան, ձայնը բարձրացնելով, շարունակեց պնդել, որ քրեական գործը շինծու է, և որ իրենք ձերբակալվել են քաղաքական պատվերով։ Դրանից հետո դատավորների կազմը հայտարարեց դատավարությունն անորոշ ժամկետով հետաձգելու մասին և լքեց նիստերի դահլիճը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Meydan TV-ի գործով հինգերորդ դատական նիստը