«Վրաստանում ընդունված նոր օրենքները սպառնում են կաթվածահար անել անկախ մեդիան»․ IPI
IPI-ը Վրաստանում մամուլի ազատության մասին
Միջազգային մամուլի ինստիտուտը (IPI) խիստ քննադատության է ենթարկել Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված նոր օրենսդրական փաթեթը, որը զգալիորեն սահմանափակում է արտաքին ֆինանսավորման ստացումն ու օտարերկրյա գործընկերների հետ համագործակցությունը, որոշ դեպքերում նույնիսկ ենթադրում քրեական պատասխանատվություն։
IPI-ի գնահատմամբ՝ նոր օրենքները լուրջ սպառնալիք են ներկայացնում անկախ լրատվամիջոցների համար և կարող են կաթվածահար անել դրանց գործունեությունը։
IPI-ն հաղորդում է, որ նոր իրավակարգավորումները զգալիորեն ընդլայնում են կառավարության վերահսկողությունը արտասահմանյան ֆինանսավորման նկատմամբ և նախատեսում են քրեական պատիժների հնարավորություն միջազգային կազմակերպությունների կամ դոնորների հետ գործակցության համար: Փոփոխություններն ազդում են նաև իշխանությունների լեգիտիմության հանրային քննադատության վրա՝ ստեղծելով լրացուցիչ գրաքննության մթնոլորտ քննադատական լրագրության համար։
Ըստ կազմակերպության՝ օրենսդրական փոփոխությունները զգալիորեն ընդլայնում են «դրամաշնորհի» սահմանումը՝ ներառելով փաստացի ցանկացած տեսակի արտասահմանյան ֆինանսական օգնություն, եթե այն կապված է «անորոշ սահմանված քաղաքական նպատակների» հետ: Նման ֆինանսավորումը կպահանջի կառավարության համաձայնությունը, իսկ խախտումները կհանգեցնեն քրեական պատասխանատվության՝ մինչև անգամ ազատազրկման։
Ըստ IPI-ի՝ այս կարգավորումներն անմիջականորեն կազդեն այն ԶԼՄ-ների վրա, որոնք միջազգային ֆինանսավորում են ստանում լրագրողական նախագծերի, վերապատրաստումների կամ մասնագիտական համաժողովներին մասնակցելու համար։
Կազմակերպությունը հատուկ շեշտադրում է օրենքում նոր՝ «ծայրահեղականության» մասին կետը, որը սահմանում է, որ իշխանության լեգիտիմությունը «համակարգային» կասկածի տակ դնելը կարող է պատժվել մինչև 3 տարվա ազատազրկմամբ՝ ֆիզիկական անձանց համար: Նման մեղադրանքների առկայության պարագայում կազմակերպությունները, այդ թվում՝ լրատվամիջոցները, կարող են ենթարկվել խոշոր տուգանքների կամ նույնիսկ հարկադիր փակման։
IPI-ի փոխանցմամբ՝ այս փոփոխությունները լրացնում են այն օրենսդրական միջոցառումների աճող ցանկը, որոնք 2024 և 2025 թվականներին սահմանափակել են ԶԼՄ-ների ազատությունն ու քաղհասարակության գործունեությունը Վրաստանում։
Կազմակերպությունը հայտարարում է.
Բռնաճնշող և հակաժողովրդավարական օրենսդրության ընդունումը, զուգորդված լայնածավալ քաղաքական հետապնդումների հետ, աննախադեպ չափերի է հասնում այն երկրում, որը ԵՄ անդամակցության թեկնածու է և մի ժամանակ համարվում էր Հարավային Կովկասի ժողովրդավարության մոդել։
IPI-ն նաև պնդում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ավելի ու ավելի է օգտագործում «ռուսական ավտորիտար կառավարմանը բնորոշ մեթոդներ»՝ քննադատներին լռեցնելու, մարդու իրավունքները սահմանափակելու և ժողովրդավարական ինստիտուտները թուլացնելու համար։
Կազմակերպությունն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ օրենսդրական փաթեթն ընդունվել է նույն օրը, երբ Վրաստանի Գերագույն դատարանը հրաժարվել է քննել լրագրող Մզիա Ամաղլոբելիի երկամյա ազատազրկման դատավճռի բողոքը։ Ամաղլոբելին IPI-ի կողմից ճանաչվել է «Համաշխարհային մամուլի ազատության հերոս»։ IPI-ի տվյալներով՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս իշխանությունների մտադրությունը, այն է՝ կտրուկ կրճատել անկախ լրագրության տարածքը։
Միջազգային մամուլի ինստիտուտը Վրաստանի իշխանություններին կոչ է անում անհապաղ չեղյալ հայտարարել այս օրենքները և դադարեցնել լրատվամիջոցների հետապնդումները։
Ավելին, կազմակերպությունը Եվրամիությանն ու միջազգային հանրությանը հորդորում է կոշտ արձագանքել Վրաստանում լրատվամիջոցների և քաղհասարակության վրա գործադրվող ճնշմանը, այդ թվում՝ թիրախային պատժամիջոցների կիրառման միջոցով։ Ինստիտուտի կարծիքով՝ նման միջոցառումները պետք է տարածվեն ոչ միայն իշխող կուսակցության ներկայացուցիչների, այլև լրատվամիջոցների ազատության սահմանափակման գործում ներգրավված բոլոր որոշում կայացնողների, այդ թվում՝ դատավորների վրա։
Կազմակերպությունը նաև պահանջում է, որ ԵԱՀԿ-ի Մոսկովյան մեխանիզմը գնահատական տա նոր օրենսդրական փաթեթին։ Նրանք համարում են, որ այս գործընթացը պետք է ԵԱՀԿ մասնակից պետություններին խրախուսի ձեռնարկել կոնկրետ քայլեր Վրաստանում իրավիճակը բարելավելու համար, իսկ այդ ընթացքում Վենետիկի հանձնաժողովը պետք է լրացուցիչ մշտադիտարկում իրականացնի։
IPI-ի տվյալների համաձայն՝ լրատվամիջոցների և խոսքի ազատությունը ժողովրդավարության և եվրոպական արժեքների հիմնարար հենասյունն է և պետք է կենտրոնական տեղ զբաղեցնի Եվրամիության և միջազգային գործընկերների հետ Վրաստանի հարաբերություններում։
Համատեքստ
Մարտի 4-ին «Վրացական երազանք» կուսակցությունը երրորդ ընթերցմամբ ընդունեց, այսպես կոչված, «դրամաշնորհների մասին օրենքը», որը, ի թիվս այլ բաների, քրեականացնում է իր իշխանության չճանաչումը: Քրեական օրենսգրքում ավելացել է «Սահմանադրական կարգի դեմ ծայրահեղականություն» վերնագրով հոդված, որը նախատեսում է տուգանք, հանրային աշխատանք կամ մինչև 3 տարվա ազատազրկում:
Կառավարությունը նաև քրեական պատասխանատվության միջոցներ է սահմանում «արտաքին լոբբինգի» համար և փոփոխություններ է մտցնում «Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» հիմնարար օրենքում: Այդ փոփոխությունների համաձայն՝ 8 տարով արգելվում է քաղաքական կուսակցության անդամակցել յուրաքանչյուր անձի, ով աշխատանքային պայմանագրով աշխատում է այնպիսի կազմակերպությունում, որի տարեկան եկամտի ավելի քան 20%-ը ֆինանսավորվում է «օտարերկրյա ուժի» կողմից:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Վրաստանում մամուլի ազատության մասին