Պանկիսիի կիրճի Դուիսի և Բիրկիանի գյուղերում մոբիլիզացվել են Վրաստանի ՆԳՆ հատուկջոկատայիններն ու իրավապահ մարմինների աշխատակիցները: Այս մասին տեղեկատվություն է տարածելWAY համայնքային ռադիոն:
Հունիսի 15-ին կիրճի գյուղերում տոնում են մուսուլմանական Ռամազան մեծ տոնը: WAY ռադիոն ենթադրել է, որ դա է եղել օրվա սկզբում կատարված միջադեպի առիթը:
Կիրճ է մտել ռուսական համարանիշներով մեքենա, որի վրա ամրացված է եղել Չեչնիայում հանրապետության ներկայիս առաջնորդի հարգված հայր Ահմադ Կադիրովի հսկայական դիմանկարը: Մեքենայի ուղևորները ոգևորված վանկարկել են. «Ահմադը դեմք է»:
Դա տեղի բնակիչների դժգոհությունն է առաջացրել: Նրանք պահանջել են հեռացնել Կադիրովի դիմանկարները: Դրանից հետո ծեծկռտուք է սկսվել:
Իրավիճակը հանդարտվել է վրացական ոստիկանության և հատուկջոկատայինների հայտնվելուց հետո: Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Դուիսի գյուղում տեղացիների միջև կոնֆլիկտ է առաջացել, ինչի պատճառով էլ հատուկջոկատայիններ են ուղարկվել գյուղ: