Հայաստանն ու Վրաստանը՝ մասամբ ազատ, Ադրբեջանը՝ ոչ ազատ երկիր․ Freedom House-ի նոր զեկույցը
Freedom House-ի «Ազատությունն աշխարհում 2026» զեկույցը
2025 թ․-ի ընթացքում աշխարհի 54 երկրներում քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների հետ կապված իրավիճակը վատթարացել է, միայն 35 երկրներում է բարելավում արձանագրվել։ Այս մասին ասված է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ «Ազատությունն աշխարհում 2026. ավտոկրատիայի աճող ստվերը» զեկույցում։
Զեկույցի համաձայն՝ Հայաստանն ու Վրաստանը մասամբ ազատ երկրների ցանկում են, Ադրբեջանը՝ ոչ ազատ։ Ընդ որում, հարևան երկրները հետընթաց են գրանցել իրենց նախկին ցուցանիշներից, իսկ ՀՀ-ն պահպանել է իր 54 միավորը։
Ոչ ազատ երկրների շարքում են նաև Հայաստանի մյուս երկու հարևանները՝ Իրանը (10 միավոր) ու Թուրքիան (32 միավոր):
Գլոբալ ազատության (Global Freedom Score) առավելագույն միավորը 100 է։ Այն ձևավորվում է հետևյալ կերպ՝
- քաղաքական իրավունքներ՝ 0-40 միավոր,
- քաղաքացիական ազատություններ՝ 0-60 միավոր։
- «Փաշինյանը ճիշտ է, առանց Վրաստանի ՀՀ եվրաինտեգրումը բարդ կլինի»․ վրացի փորձագետ
- «ՀՀ եվրաինտեգրման ճանապարհին ամենամեծ խնդիրը ԵՄ-Վրաստան երկխոսության սառեցումն է»․ Փաշինյան
- «Դուրս բերել ռուսական զորքերը ՀՀ-ից, Վրաստանից»․ Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ փաստաթուղթը
Հայաստանը պահպանել է իր անցած տարվա վարկանիշը
«Ազատությունն աշխարհում 2026» զեկույցի՝ Հայաստանի մասին հատվածը դեռևս հասանելի չէ Freedom House-ի պաշտոնական կայքէջում։ Հրապարակված են միայն թվային տվյալներ, որոնց համաձայն՝ Հայաստանը գտնվում է մասամբ ազատ երկրների շարքում է և ունի 100-ից 54 միավոր։
ՀՀ-ի 54-ը միավորից 31-ը քաղաքացիական ազատություններն (հնարավոր 60-ից) են, 23-ը՝ քաղաքական իրավունքները (հնարավոր 40-ից)։
Երկրի մասին ընդհանուր տվյալների մեջ նշվում է, որ Հայաստանը զգալի փոփոխություններ է ապրել 2018 թվականի կառավարության դեմ զանգվածային բողոքի ցույցերից և ընտրություններից հետո, որոնք «արմատացած քաղաքական էլիտային ստիպեցին հեռանալ»։
«Այդ ժամանակվանից ի վեր կառավարությունը աշխատել է լուծել երկարամյա խնդիրներ, այդ թվում՝ համակարգային կոռուպցիան, ոչ թափանցիկ քաղաքականության մշակումը, թերի ընտրական համակարգը և օրենքի թույլ գերակայությունը»,- կարդում ենք իրավապաշտպան կազմակերպության կայքում։
Հետապնդումներ և օրենսդրական սահմանափակումներ Վրաստանում
Հարևան Վրաստանը նույնպես մասամբ ազատ երկրների շարքում է՝ 51 միավորով։ Նախորդ տարի, սակայն, երկրի ինդեքսը 55 էր։
Փաստաթղթում նշվում է, որ 2024 թվականին Վրաստանում մեկնարկած լայնածավալ հակակառավարական բողոքի ցույցերը շարունակվել են 2025 թ․-ի ողջ ընթացքում։
Զեկույցի համաձայն՝ ցուցարարները բախվել են անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի․
«Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հակառակորդները ենթարկվել են ֆիզիկական հարձակումների, հետապնդումների և նոր օրենսդրական սահմանափակումների, որոնք ուղղված են հասարակական կյանքին ընդդիմադիր կուսակցությունների և քաղհասարակության մասնակցությունը խոչընդոտելուն»։
Ավտորիտար կառավարման կայուն ամրապնդում Ադրբեջանում
Ադրբեջանը «ոչ ազատ» երկրի կարգավիճակ ունի 2002 թվականից։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում երկրի ինդեքսը 33 միավորից հասել է 6-ի։ Այս տարի Ադրբեջանը ստացել է 6 միավոր, նախորդ տարի՝ 7։
Freedom House-ի փոխանցմամբ՝ ցածր ցուցանիշի պատճառն այն է, որ իշխանություններն ուժեղացրել են քաղաքացիական ազատությունների նկատմամբ ճնշումները:
Ըստ զեկույցի՝ 2005 թվականից ի վեր Ադրբեջանում տեղի է ունեցել ավտորիտար կառավարման կայուն ամրապնդում։ Այդ կառավարումը կենտրոնացած է նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի շուրջ։
Freedom House-ից հիշեցրել են՝ նախագահի պաշտոնում հորը փոխարինելուց ի վեր Ալիևն ընդլայնել է նախագահի լիազորությունները, վերացրել առկա սահմանափակումներն ու թուլացրել օրենսդրական կամ դատական ինքնավարությունը․
«Անկախ դատական համակարգի կամ նույնիսկ անկախ ԶԼՄ-ների բացակայության պայմաններում կոռուպցիան շարունակել է տարածվել, և Ալիևների ընտանիքը պետական ակտիվները դիտարկել է որպես մասնավոր հարստության աղբյուր»։
Նշվում է, որ իրենց քաղաքական գերիշխանությունը պահպանելու համար Ալիևները չարաշահում են պետական ռեսուրսները, օրինակ՝ պետական նավթային ընկերությունն օգտագործում են որպես քաղաքական և տնտեսական «առատաձեռնության» միջոց՝ շահութաբեր պայմանագրեր և բարձր պաշտոններ շնորհելով ռեժիմին հավատարիմ բիզնեսներին և անհատներին:
«Դրա դիմաց ընտրությունների ժամանակ հովանավորության ստացողները ճնշում են գործադրում աշխատակիցների վրա՝ աջակցելու իշխող կուսակցությանը՝ մասնակցելով քաղաքական հանրահավաքներին և այլ հանրային միջոցառումների»,- նկատել են կառույցից։
Միաժամանակ արձանագրել են՝ Ադրբեջանում պետբյուջեի միջոցներով ֆինանսավորվում են կառավարամետ ԶԼՄ-ներ, որոնք բարձրացնում են ռեժիմի հեղինակությունն ու վարկաբեկում ցանկացած ընդդիմություն:
«Ազատությունն աշխարհում 2026. ավտոկրատիայի աճող ստվերը» զեկույցի համաձայն՝ երբ հովանավորչությունն ու քարոզչությունն անբավարար են լինում այլախոհությունը լռեցնելու համար, ավտոկրատներն օգտագործում են ուժային կառույցների և քրեական արդարադատության համակարգի նկատմամբ ունեցած վերահսկողությունը՝ դիմելով ավելի կոպիտ բռնաճնշումների։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Freedom House-ի «Ազատությունն աշխարհում 2026» զեկույցը