Վրաստանում ամերիկյան FARA օրենքի անալոգի չկատարումը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբ
Ամերիկյան FARA օրենքի անալոգ Վրաստանում
«Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է Վրաստանի Քրեական օրենսգրքում կատարել փոփոխություն, որի համաձայն՝ ամերիկյան «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի (FARA) անալոգի պահանջները չկատարելը կպատժվի տուգանքով կամ մինչև 5 տարի ժամկետով ազատազրկմամբ:
Օրինագիծը, որն ամերիկյան FARA օրենքի «բառացի թարգմանությունն» է, Վրաստանի միակուսակցական խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել փետրվարի 24-ին:
Քանի որ ներկա պահին օրինագիծը FARA-ի ճշգրիտ, չտեղայնացված պատճենն է, դրանում պահպանված են բոլոր ձևակերպումները, որոնք բնորոշ են ԱՄՆ-ին, բայց ոչ Վրաստանին, մասնավորապես՝ «Կոնգրես», «Պետական դեպարտամենտ», «Միացյալ Նահանգների նախագահ» և այլն: Վրացական խորհրդարանի իրավաբանական վարչության ղեկավար Ալեքսանդր Տաբատաձեն հայտարարել է, որ տվյալ օրինագիծը չի համապատասխանում Վրաստանի իրավական համակարգին:
Իրավաբանական վարչությունը խորհրդարանական բյուրոյին խորհուրդ է տալիս «դիտարկել վերոնշյալ օրինագծի քննարկման գործընթաց մեկնարկելու նպատակահարմարության հարցը»:
«Վրացական երազանք» կուսակցությունից վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ քանի որ ԱՄՆ ներկայիս կառավարությունն ինքն է ընդունել, որ որոշ կազմակերպություններ, այդ թվում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), «օգտագործվել են տարբեր երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, իրավիճակն ապակայունացնելու համար», չկա այլընտրանք, քան ընդունել այս օրենքն ու այդ կերպ ապահովել վրացական ՀԿ-ների գործունեության թափանցիկությունը:
2025 թվականի փետրվարի 5-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Մամուկա Մդինարաձեն հանդես էր եկել օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հայտարարությամբ՝ ասելով, որ կուսակցությունն ընդունելու է օրինագիծ, որը «ամերիկյան FARA-ի գործող տարբերակի ճշգրիտ պատճենն է»:
«Անցյալ տարի խորհրդարանն ընդունեց FARA-ի թեթևացված տարբերակը, որը մինչ օրս լիարժեք կերպով չի իրացվել: Ուստի դրա փոխարեն մենք կընդունենք նոր՝ ամերիկյան օրենքը և կապահովենք դրա լիարժեք իրականացումը»,- հայտնել էր Մամուկա Մդինարաձեն:
«Թեթևացված տարբերակ» ասելով նկատի է առնվում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը Վրաստանում ընդունվել է 2024 թվականի մայիսին: Այն ժամանակ էլ իշխանությունները պնդում էին, թե դա FARA-ի անալոգն է, թեև ընդդիմությունն ու քաղհասարակությունն այն նմանեցնում էին ռուսական «օտարերկրյա գործակալների մասին» օրենքին:
Ամերիկյան FARA (Foreign Agents Registration Act) օրենքը, որին համառորեն հղում է կատարում «Վրացական երազանքը», ԱՄՆ-ում ընդունվել է 1938 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ՝ նպատակ ունենալով ամերիկյան բնակչությանը պաշտպանել Երրորդ ռեյխի նացիստական քարոզչությունից:
Ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա FARA-ն չի տարածվում Ամերիկայի դաշնակիցների և բարեկամ երկրների վրա:
FARA-ն տարածվում է միայն լոբբիստական կազմակերպությունների վրա, բայց ոչ լրատվամիջոցների և ՀԿ-ների: Եվ դա է Վրաստանում ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքից նրա հիմնական տարբերությունը: