Բաքվում բացվել է Euronews հեռուստաալիքի տեղական գրասենյակը: Բացմանը ներկա են եղել լրատվամիջոցների ներկայացուցիչներ, դիվանագետներ և այլ հյուրեր:
Euronews-ի տնօրենների խորհրդի նախագահ Պեդրո Վարգասն իր ելույթում նշել է, որ իր ղեկավարած մեդիա հոլդինգը միշտ հավասարակշռված դիրքորոշում է ունեցել Ադրբեջանի նկատմամբ և ճնշման է ենթարկվել հենց այդ դիրքորոշման համար:
Նա իր գոհունակությունն է հայտնել հեղինակավոր եվրոպական լրատվամիջոցի՝ Բաքվում գրասենյակ բացելու կապակցությամբ:
Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանում ձերբակալվել է մոտ 30 լրագրող: 2025 թվականի մարտ և ապրիլ ամիսներին իշխանությունները փակել են BBC-ի, Reuters-ի, Voice of America-ի և Bloomberg-ի տեղական գրասենյակները կամ որոշել են հավատարմագրում տրամադրել միայն մեկ լրագրողի:
Տեղական անկախ լրատվամիջոցները՝ Abzas Media-ն, Toplum TV-ն և Meydan TV-ն, չեն կարողացել շարունակել գործունեությունը երկրի ներսում: Այս լրատվամիջոցների աշխատակիցները ներկա պահին ձերբակալված են:
Լուսանկարում՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը (ձախից) և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
Euronews-ը հիմնադրվել է 1993 թվականի հունվարի 1-ին։ Հիմնադրումից ի վեր ալիքը գործել է որպես անկախ լրատվամիջոց։
2024 թվականին, սակայն, հեռուստաալիքի ղեկավարությունը փոխվեց։ Նոր տնօրեն դարձավ Կլաուս Շտրունցը, որը հայտնի է գերմանական Bild պարբերակսնում իր աջական անցյալով։
Շտրունցը հանդես է գալիս ընդդեմ միգրանտների, աջակցում է Իսրայելին և մեղադրվում է Հունգարիայի աջական առաջնորդ Վիկտոր Օրբանի հետ գործարար կապերի մեջ։ Politico-ի տվյալներով՝ Օրբանն ազդեցության լուրջ լծակներ ունի ալիքի վրա։
Ավելին, լրագրողական հետաքննությունները բացահայտել են ալիքի հիմնական սեփականատիրոջ՝ Alpac Capital ընկերության կապերը Օրբանի ու նրա շրջապատի հետ։
Քննադատները նշում են, որ ընթացիկ փոփոխությունները կասկածի տակ են դնում ալիքի անկախությունը։ Վերջին տարիներին Euronews-ը պատրաստում է տեսանյութեր, որոնցում գովաբանվում են Ադրբեջանի բնությունը, նավթային եկամուտներն ու երկրի տնտեսական վիճակը։
Ադրբեջանի վերաբերյալ դիրքորոշման համար Պեդրո Վարգասի հասցեին ուղղված քննադատությունը, որը հնչեց բացման արարողության ժամանակ, նույնպես կապված է այս հանգամանքների հետ։
Ֆրանսիական Le Monde պարբերականը հայտնել է, որ 2022 թվականին Վարգասը հեռուստաալիքը վաճառել է Օրբանի հետ փոխկապակցված ընկերությանը, և դա տեղի է ունեցել կասկածելի գործարքների շրջանակում։
Վիկտոր Օրբանը Եվրոպայում հայտնի է իր աջական և հակաժողովրդավարական հայտարարություններով։ Նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մտերիմ ընկերն է և համարվում է եվրոպական կառույցներում որոշումների կայացման գործում ադրբեջանական կառավարության կողմնակից։
Politico-ի փոխանցմամբ՝ Euronews-ը, որը ենթարկվել է «կտրուկ փոփոխությունների», Ադրբեջանում իր անկախությունը կորցնելու վտանգի տակ է։
Քանի որ երկիրը «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) մամուլի ազատության ինդեքսում զբաղեցնում է ամենացածր հորիզոնականը և ճնշում է անկախ լրատվամիջոցներին, հարցականի տակ է, թե ինչ պայմաններով գործունեություն կծավալի Euronews-ը և արդյոք կպահպանի իր անկախությունը։