COVID-19-ի հետ կապված մի շարք սահմանափակումներ Հայաստանում վերացվում են
Հայաստան մուտք գործելու սահմանափակումները վերացվում են: Աշխատող քաղաքացիներն էլ այլևս ստիպված չեն լինի 7 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել կամ ներկայացնել պատվաստման սերտիֆիկատ: Առողջապահական գերատեսչությունը նման որոշման է հանգել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման տեմպերի դանդաղումը:
Ապրիլի 28-ի նիստում կառավարությունը հավանության է արժանացրել նախարարության ներկայացրած որոշման նախագիծը:
Ո՞ր սահմանափակումներն են վերացվել
Սահմանափակումների վերացման արդյունքում՝ մայիսի 1-ից Հայաստան մուտք գործողներին ՊՇՌ թեստի և պատվաստման սերտիֆիկատների պահանջ չի ներկայացվի։
Աշխատող քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի 7 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել կամ ներկայացնել պատվաստման սերտիֆիկատ:
Քրեակատարողական հիմնարկներում և ՊՆ Զինված ուժերում, մասնավորապես՝ տեսակցությունների ժամանակ կամ արձակուրդ մեկնելիս նույնպես սերտիֆիկատներ չեն պահանջվի:
Վերացվել է նաև դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1․5 մետր հեռավորություն պահպանելու պահանջը:
Այս սահմանափակումների վերացումն, ըստ նախագծի հիմնավորման, պայմանավորված է Հայաստանում համաճարակային կայուն իրավիճակով և կորոնավիրուսի դեպքերի նվազմամբ:
Համաճարակային ինչպիսի իրավիճակ է ՀՀ-ում
Վերջին 14 օրվա ընթացքում երկրում արձանագրվել է հիվանդության ընդամենը 144 դեպք՝ 33%-ով պակաս դրան նախորդող երկու շաբաթների համեմատ:
«Վերջին ամսվա ընթացքում նկատվում է նաև մահվան դեպքերի կտրուկ նվազում, 14 օրերի ընթացքում ընդամենը մեկ մահ է գրանցվել»,- գործադիրի նիստում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի գնահատմամբ՝ համավարակի բեռը նվազեցնելու գործում մեծ դեր է ունեցել պատվաստումային գործընթացը:
Մինչ օրս ամբողջական պատվաստում է ստացել ՀՀ քաղաքացիների 44.1%ը: Երրորդ՝ բուսթեր դեղաչափ է ստացել մոտ 50 հազար քաղաքացի:
Ավանեսյանը վստահեցնում է՝ պոլիկլինիկաներում, շարժական կետերում պատվաստումային գործընթացը շարունակվելու է, պատվաստումներ են իրականացնելու նաև տնային այցերի միջոցով:
Վարչապետ Փաշինյանը նույնպես կարևորել է պատվաստումների շարունակականությունն ու քաղաքացիներին կոչ արել չթուլացնել զգոնությունը, քանի որ «ոչ ոք չի կարող ասել, թե հաջորդ պահին ինչ տեղի կունենա»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն ունի պատվաստանյութերի լայն ընտրություն և բավականին մեծ պաշարներ:
Սահմանափակումների արդյունավետության մասին
Սահմանափակումների գործունեության ժամանակահատվածում դրանց նկատմամբ վերահսկողություն էին իրականացնում տեսչական մարմինները: Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի փոխանցմամբ՝ ստուգայցերի արդյունքները ցույց են տվել, որ առնվազն աշխատող քաղաքացիների շրջանում «պատվաստումների մակարդակը բարձր է»:
Օրինակ՝ հունվարի 1-ից մինչև ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում տեսչական մարմիններն իրականացրել են 23.792 ստուգայց՝ միայն աշխատողների շրջանում պատվաստված լինելու կամ յոթ օրը մեկ ՊՇՌ թեստ ներկայացնելու փաստը ստուգելու նպատակով:
«Այդ բոլոր ստուգումների ընթացքում արձանագրվել է 208 խախտում, այսինքն՝ ընդամենը 0.8%: Սա լավ ցուցիչ է, որ նախարարության մեր գործընկերներն էլ իմանան՝ գործընթացն ավելի շատ որ ուղղությամբ տանեն, երևի թե չաշխատող զանգվածի և թոշակառուների»,- նշել է Ասոյանը: