Ամերիկյան CNN հեռուստաալիքը նոր կանոններ է ներմուծում Ռուսաստանի մասին ցանկացած հրապարակման համար: Այժմ դրանք կարող են հայտնվել CNN-ի եթերում կամ կայքում միայն ընկերության բարձրագույն ղեկավարության թույլտվության դեպքում, հաղորդում է BuzzFeed առցանց պարբերականը:
Նման որոշման պատաճռն, ըստ պարբերականի, 4 օր առաջ CNN-ի կայքում հայտնված հրապարակումն է եղել: Դրանում խոսք էր գնում այն մասին, որ Թրամփի երդմնակալությունից 4 օր առաջ նրա նախընտրական շտաբի աշխատակիցներից մեկը հանդիպել է Կիրիլ Դմիտրիևի՝ Ուղիղ ներդրումների ռուսական պետական հիմնադրամի (կապիտալը 10մլրդ դոլար է) ղեկավարի հետ:
Մանրամասները դեռևս չեն բարձրաձայնվում, սակայն հրապարակման հայտնվելուց մեկ օր անց այն ջնջվել է CNN-ի կայքից: Ընկերությունը հայտարարում է, որ այն չէր համապատասխանում պրոֆեսիոնալ չափանիշներին, և նոր կանոններ է ներմուծում ռուսական թեմայով նյութերի հրապարակման համար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հետ Թրամփի թիմի ենթադրյալ կապերը հիմա հետաքննության առարկա են, որը վարում է Կոնգրեսն ու արդարադատության նախարարությունը: Բացահայտված փաստերն արդեն բերել են նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Մայքլ Ֆլինի աղմկահարույց հրաժարականին: