Աբխազիայում առաջարկում են պարետային ժամ մտցնել անչափահասների համար
Photo: Agneshka Zielonka, JAMnews
Սահմանափակել հանրային վայրերում գիշերային ժամերին անչափահասների գտնվելը. այսպիսին է նոր նախաձեռնության էությունը, որով հանդես է եկել Աբխազիայի գլխավոր դատախազությունը:
Նախաձեռնությունն արդեն ձևակերպվել է օրինագծի տեսքով, որը փոխանցվել է խորհրդարանին:
Օրինագծի հեղինակներն առաջարկում են օրենքի մակարդակով հետևյալ նոր կանոններ ներմուծել.
- Այն ժամանակահատվածում, երբ օրը երկար է՝ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը, երեխաներն ու անչափահասները կարող են դրսում գտնվել մինչև ժամը 23:00-ն:
- Տարվա մյուս ժամանակահատվածներում՝ մինչև 22:00-ն:
“Եթե անչափահասին փողոցում կամ ժամանցի հաստատությունում տեսնեն այդ ժամից ուշ, նրան կտանեն ներքին գործերի վարչություն հետը զրույց անցկացնելու: Կկանչվեն նաև ծնողները և կտուգանվեն“, — ասում է Սուխումի ներքին գործերի վարչության անչափահասների գործերի բաժնի վարիչ Ալինա Խուդյակովան:
Կտուգանվի նաև այն սրճարանը, բարը, ռեստորանը կամ այլ հաստատությունը, որում դեռահասը գտնվում է հաստատված ժամից հետո:
Պաշտոնական վիճակագրույթունն ասում է, որ անչափահասների գործած հանցագործությունների 80%-ը կատարվում է գիշերային ժամերին: Առավել հաճախ դա գողությունն է: