Washington Post. Վրաստանն ավտորիտարիզմի և Իրանի հետ մերձեցման ճանապարհին է
Washington Post-ը Վրաստանի մասին
Ամերիկյան The Washington Post պարբերականը հրապարակել է Վրաստանի մասին խմբագրական հոդված, որում պնդում է արվում, որ «Վրացական երազանքի»՝ ավելի ու ավելի ավտորիտար կառավարությունը սպառնալիք է Հարավային Կովկասում Դոնալդ Թրամփի վարչակազմի ռազմավարական շահերի համար:
Հեղինակները գրում են, որ Վրաստանը, որը մի ժամանակ համարվում էր Վաշինգտոնի հուսալի գործընկերներից մեկը, այժմ «հակված է մտնել Իրանի ազդեցության ուղեծիր»:
Հոդվածում հատուկ շեշտադրվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ վերջերս Երևան կատարած այցը, որի շրջանակում նա ռազմավարական օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրեց Հայաստանի հետ և վերահաստատեց իր աջակցությունը երկրի արևմտյան կուրսին: Խմբագրական խորհուրդը կարծում է, որ այս քայլերը ցույց են տալիս այն կարևորությունը, որը Սպիտակ տունը տալիս է Հարավային Կովկասին։
Այնուամենայնիվ, պարբերականը կարծում է, որ Վրաստանում տեղի ունեցող զարգացումները Թրամփի վարչակազմի կողմից մնում են անուշադրության մատնված: Հոդվածի հեղինակները պնդում են, որ երկիրը, որը տարիներ շարունակ համարվել է ԱՄՆ-ի «հուսալի դաշնակից», գնալով ավելի ու ավելի շատ է վարում «հակաամերիկյան» քաղաքականություն: Նրանց գնահատմամբ՝ «Վրացական երազանքի» կառավարությունը փորձում է խորացնել կապերը Ռուսաստանի և Իրանի հետ՝ զոհաբերելով արևմտյան գործընկերների հետ հարաբերությունները։
Իրանի ազդեցության մասին խոսելիս հոդվածի հեղինակները հղում են անում Հադսոնի ինստիտուտի վերջերս հրատարակված զեկույցին: Հրապարակման համաձայն՝ Վրաստանի կառավարությունը Իրանին թույլ է տվել երկրում ստեղծել կրոնական դպրոցների, երիտասարդական և բարեգործական կազմակերպությունների ցանց, ինչպես նաև Վրաստանի էթնիկ ադրբեջանցի շիա բնակչությանն ուղղված տարբեր պարբերականներ:
Հոդվածի հեղինակները նշում են, որ Թրամփի վարչակազմի նախաձեռնած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ֆոնին Թբիլիսին փորձում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանային բանակցություններում։
«Վրացական երազանքը, անկասկած, նախագահ Դոնալդ Թրամփին կառաջարկի գործարքային հարաբերություններ, միևնույն ժամանակ այս կառավարությունը բացահայտ կերպով ձգտում է մերձենալ Ամերիկայի ամենաերդվյալ թշնամիներից մեկի հետ»,- ասված է հոդվածում։
Հեղինակները կարծում են, որ Վրաստանի կառավարության կողմից ավելի կառուցողական քայլերի բացակայության դեպքում, այդ թվում՝ քաղբանտարկյալների ազատ արձակման, քաղաքացիական ազատությունների վերականգնման և արևմտամետ քաղհասարակության վրա ճնշման դադարեցման, Թրամփի վարչակազմը որևէ հիմք չունի Վրաստանը որպես ապագա գործընկեր դիտարկելու համար.
«Ինչո՞ւ պետք է Թրամփի վարչակազմը աջակցի Վրաստանի՝ ավելի ու ավելի ավտորիտար կառավարությանը, եթե չտեսնի էական փոփոխություններ, որոնք կհաստատեն, որ Թբիլիսին կարող է խաղալ ավելի կառուցողական դեր, քան վերջին տարիներին»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Washington Post-ը Վրաստանի մասին